ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը Տնտեսական լրագրողների ակումբի հրավերով երեկ ներկայացնում էր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տնտեսական դրույթները:
Ծրագրի հիմնական առավելություններից մեկն, ըստ պրն Երիցյանի, այն է, որ այն միաժամանակ եւ՛ հավակնոտ է, եւ՛ իրատեսական. «Այս ծրագրերում դրված են այնպիսի հավակնություններ, որոնք մյուս թեկնածուների համար երազանքի մակարդակում են, որովհետեւ նրանք չափից ավելի շատ են խորացել խնդիրները բացահայտելու, այլ ոչ թե լուծումները ներկայացնելու ուղղությամբ: Իսկ լուծումները տալիս են սոցիալական ոլորտում, որտեղ հեշտ է պոպուլիզմ կառուցել»։ Ընդհանրապես, ըստ նախարարի, մյուս թեկնածուների ծրագրերի մեծ մասում գերակշռում է պոպուլիզմը. իսկ «Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում չեք գտնի մի պարբերություն, որի տակ չկա հստակ ծրագիր, մեթոդաբանություն։ Եվ ձեւակերպումներն այնպիսին են, որոնք ցույց են տալիս, թե ժողովուրդն ինչ է ստանալու դրանից: Դրանով իսկ հեշտ կլինի հետագայում հաշվետու դարձնել կառավարությանը կամ ապագա նախագահին այդ ծրագրերի իրականացման հարցում»։
Արդյո՞ք դա այդպես է։ Օրինակ, այդ ծրագրում խոսք է գնում Հայաստանի մրցունակության, համաշխարհային շուկաներում տնտեսության ընդլայնման մասին, այն դեպքում, երբ արդյունաբերությունը զարգանում է կրիայի քայլերով, իսկ ներմուծման եւ արտահանման տարբերությունը գնալով մեծանում է։ Այս հարցը, բնականաբար, կապված է ներքին շուկայի պաշտպանության, հայրենական արտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հետ։ Այս առումով՝ պրն Երիցյանը լրագրողներին տեղեկացրեց տնտեսագիտության մի դիլեմայի մասին՝ «անգյալության» եւ աշխատելու միջեւ։ Օրինակ, ըստ Ն. Երիցյանի, տատիկը կարող է նստել, ոչ մի բան չանել, որովհետեւ՝ ասենք, «պոմիդորն աճեցնելու, մշակելու վրա չարչարվելու է, բայց դրանից ստացած մեխանիզմը ուտելու հաճույքից այն կողմ չի անցնելու»։ Սակայն իշխանություններն ունեն մեխանիզմներ. «Այն մեխանիզմը, որ ես նկարագրում եմ, տատիկին կմղի աշխատելու։ Որովհետեւ տատիկը կսկսի ծիրանի չիրը չորացնել ոչ միայն թոռնիկի համար, այլ կսկսի ծիրան հավաքել վաճառելու համար, որովհետեւ այդ ծիրանի գինը 20 դրամից կհասնի 1000 դրամի»։
Դե, ճիշտն ասած, չգիտենք, թե տատիկն ի՞նչ կանի, բայց որ վերջին տարիների միտումները հուսադրող չեն, դրա մասին վկայում է անգամ պաշտոնական վիճակագրությունը. 2007թ. ներմուծումը կազմել է 3.28 միլիարդ դոլար, արտահանումը՝ 1.15 միլիարդ։ Սակայն Ն. Երիցյանը դա ողբերգություն չի համարում, ավելին. «Այս պահի դրությամբ, եթե նայում ենք արտահանման ու ներմուծման կառուցվածքին, որակական տեղաշարժեր կան, եւ դա արտացոլում է մեր զարգացման այսօրվա փուլը»։
Ն. Երիցյանը համաձայն չէ, երբ «տարբեր նախընտրական ծրագրերում հնչում են գաղափարներ, որ մենք սպառողների հասարակություն ենք դառնում եւ այլն»։ Պարզվում է՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեծանալով մենք պետք է ուրախանանք՝ դա խոսում է զարգացման մասին։ Պրն Երիցյանի խոսքերով, իրենք վերլուծություններ են արել եւ եկել այսպիսի եզրահանգման. «Բոլոր երկրներում, որտեղ զարգացման եւ ներդրումների արագ փուլ են անցնում, այդ փուլում ներմուծումը սկսում է արագ աճել։ Բայց այդ ներմուծման կառուցվածքն է շատ կարեւոր, որովհետեւ կապիտալատար եւ տեխնոլոգիական ապրանքներն ավելանում են»։
Եթե նայենք 2006թ. տվյալները, ապա շատ հետաքրքիր եզրակացություններ կարելի է անել։ Օրինակ, Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն դոլար, ներմուծումը՝ 2191 միլիոն դոլար։ Արտահանումն, այսպես ասած, «փակել» է ներմուծման մոտ 45%-ը։ Հիշենք այս ցուցանիշը եւ համեմատենք մի քանի այլ երկրների հետ։ Մերձբալթյան երկրներում այն կազմում է մոտ 60%, Ադրբեջան՝ 145%, Իրան՝ 135%, Ղրղըզստան՝ 59%, Թուրքիա՝ 66%, Ուկրաինա՝ 88%։ Փաստորեն, արտաքին առեւտրի առումով բոլոր այս երկրներում ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունն ավելի բարվոք է, քան Հայաստանում։ Մեզանից ավելի ցածր ցուցանիշ ունեն միայն Վրաստանը (43%) եւ Մոլդովան (39%)։ Եթե շարժվենք նախարարի տրամաբանությամբ, ապա պետք է ենթադրենք, որ, Վրաստանի եւ Մոլդովայի տնտեսությունը ծաղկում է ապրում, իսկ դա այդպես չէ։ Մեր դեպքում թերեւս ավելի տեղին է աղվեսի դնչի եւ խաղողի մասին հայտնի ասացվածքը։
Ներսես Երիցյանը հորդորեց ուշադրություն դարձնել նաեւ արտահանման ու ներմուծման կառուցվածքին. «Արտահանումը որոշակի առումով դիվերսիֆիկացվում է։ Ներմուծման կառուցվածքում ավելանում են կապիտալատար ապրանքների եւ բարձր որակի սպառողական ապրանքների (որ բարձր տեխնոլոգիաներից ոչնչով չեն տարբերվում) տեսակարար կշիռը»։
Ըստ ԱՎԾ տվյալների, ներմուծման «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» հոդվածի գումարային մեծությունը 2007թ. կազմում է 429 միլիոն դոլար։ Սա կազմում է ընդհանուր ներմուծման մոտ 13%-ը։ Աճը նախորդ տարվա համեմատ եղել է 41%, այն դեպքում, երբ ընդհանուր ներմուծումն աճել է 49.7%-ով, իսկ, օրինակ, պատրաստի սննդի ներմուծումը՝ 56.6%-ով։ Բացի այդ, դեռ հայտնի չէ՝ այդ «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ»-ի մեջ ի՞նչ տոկոս են կազմում «Տոյոտաներն» ու «Համմերները»։ Իսկ դրանց ներմուծման ավելացման մեջ ի՞նչ ուրախանալու բան կա։
Ն. Երիցյանը թեեւ նշեց, որ չի սիրում ետ նայել (գնահատել նախկին իշխանությունների գործելաոճը), այլ առաջ է նայում, բայցեւ ասաց. «Մի քանի թվեր հրապարակեմ։ 1998թ. այդ արտահանում-ներմուծում տարբերությունը եղել է 4.5-5 անգամ։ Այսօր 2-2.2 անգամ է տարբերությունը»։
Նշենք, որ այս առումով պրն Երիցյանը տեղ-տեղ մեղմացրեց, տեղ-տեղ էլ ուռճացրեց այս ցուցանիշները։ 1998-ին ներմուծումը մեծ է եղել արտահանումից 4.1 անգամ՝ 4.5-5-ի փոխարեն (ներմուծում՝ 902.4մլն դոլար, արտահանում՝ 220.5մլն դոլար)։ Իսկ 2007-ին ներմուծումը արտահանումից մեծ է եղել ոչ թե 2-2.2 անգամ, այլ՝ 2.8 անգամ։
Ինչեւէ, այս ամենից ելնելով՝ նախարարը փաստեց, որ «սրանք բոլորը դրական զարգացման ճիշտ ուղղություն ցույց տվող ցուցանիշներ են», եւ, որ «սա բխում է մեր այսօրվա զարգացման մարտահրավերներից։ Այո, ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում՝ Սերժ Սարգսյանի ծրագրի իրականացման ժամանակահատվածում, մենք արտահանման էական բարելավում կտեսնենք, եւ ճեղքի (ըստ երեւույթին՝ արտահանման եւ ներմուծման ծավալների տարբերության. – Բ.Թ.) ավելի նեղացում»։
Իսկ մենք միայն հիշեցնենք, որ 2007 բյուջեի նախագծի համաձայն, 2007-ի արտահանումը պետք է աճեր՝ 16, իսկ ներմուծումը՝ 13.5 տոկոսով։ Սակայն, ինչպես ասում են, «Խոտելի կակ լուչշե, պոլուչիլոս կակ վսեգդա». արտահանումն աճեց 17.5 տոկոսով, ներմուծումը՝ 49.7։ Այնպես որ, երեւի արդեն ժամանակն է, որ տատիկը վաճառելու համար էլ սկսի ծիրան հավաքել։