«Հարգարժան Բելլա տատիկն ասում է…»

15/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Միայնակ թոշակառու Բելլա տատիկն էս աշխարհի անարդարությունները, նենգությունն ու բոլոր բացասական երեւույթները լցրել է իմ մեջ ու ինձնից շատ խիստ վիրավորվել է:

Ես էլ Բելլա տատի վերաբերմունքից ինձ զգում եմ էս աշխարհի տերը ու ամաչում եմ, որ միայնակ այս թոշակառուին անտարբերության եմ մատնել, վիրավորել եմ: Վարդաշենի հանրակացարանի առաջին հարկում ինձ տեսնելուն պես՝ Բելլա տատը ներքուստ ուրախանում է, բայց դեմքի արտահայտությանը ստիպում է նեղացած մարդու կերպարանք ընդունել: Հարցնում եմ՝ «Բելլա տատիկ, դու ինձնից նեղացե՞լ ես»: «Հա՛,- ասում է,- նեղացել եմ: Չնայած քեզ շատ եմ սիրում, բայց կամաց-կամաց համոզվում եմ, որ դու բոլորի նման ես, ինձ անտեսում ես»: Հպարտ կեցվածքով ու բարեկեցիկ կյանք ապրածի պատմություն ունեցող նրա դիմագծերը հանկարծ «ճմրթվում» են, ու Բելլա տատիկի հոգու վիրավորանքը կամաց-կամաց արտահայտում է այն մտքերը, որոնք ունեն մեր երկրի գրեթե բոլոր տարեցները: Ասում է՝ «Ամեն անգամ գալիս ես մեր տարածք, անապահով մարդկանց մասին գրում ես, բոլորին ուշադրություն եք դարձնում, օգնում եք, իսկ իմ մասին գրեցիր, ու ոչ մի բանով օգնություն չցուցաբերեցիք»: Ասում եմ՝ «Ախր, գիտե՞ք, ես էդքան հարուստ չեմ, որ մարդկանց օգնեմ, ես գրում եմ, իսկ հարուստ, բարի մարդիկ իմ հերոսներին օգնում են: Ես կուզենայի, որ Ձեզ էլ օգնեն, բայց մարդիկ չարձագանքեցին հոդվածին»: Իմ պատասխանից մի քիչ անակնկալի եկած՝ ծեր կինը փորձում է մանկավարժի իր գիտելիքներով իմ նյութը քննադատության ենթարկել: «Որովհետեւ լավ չէիր գրել, դրա համար էլ ինձ ուշադրություն դարձնող չեղավ»: «Ինչո՞ւ,- հարցնում եմ:-Ի՞նչն էն չէի գրել»: Ասում է՝ «Վերնագիրդ լավը չէր: Օրինակ՝ կարաս էս վերնագիրը դնես՝ Հարգարժան Բելլա տատիկն ասում է…»: Հարգարժան Բելլա տատիկն ասում է, որ իրականում իր համար ոչ այնքան կարեւոր է նյութական աջակցությունը, որքան ուշադրությունը, չնայած այն բանին, որ սոցիալապես վատ վիճակում է: Իմ հանդեպ նա շատ ներողամիտ է. ամեն անգամ իրենց տարածք մտնելիս ինչ-որ մարդկանց լավ լուրեր եմ հայտնում, ասում եմ, որ այսինչ բանով ձեզ ուզում են օգնել, իսկ հարգարժան Բելլա տատիկին չեմ այցելում ու չեմ էլ պատկերացնում, թե իմ այցելությունը որքան կարող էր նրան ուրախացնել: Ամեն դեպքում իմ հանդեպ շատ ներողամիտ Բելլա տատն ասում է, որ մեծ սպասումով միշտ կարծում է, թե էն անգամվա պես իր դուռը թակելու ու հարցնելու եմ՝ «Ո՞նց ես, Բելլա տատիկ»:

82-ամյա Բելլա Թումանյանը ուղիղ 40 տարի իմ նման հարյուրավորներին հայոց լեզու ու գրականություն է դասավանդել, դրա համար էլ այսօր իմ մեջ տեսնում է իր աշակերտներին, ներկայիս երիտասարդությանն ու նոր սերնդին: Մասնագիտությամբ մանկավարժ այս կինն իր ողջ կյանքում իմ նմաններին դաստիարակել է այնպես, որ մենք կարողանանք հարգել մեր երկրի ծերերին, մեր պարտքը համարենք մեկ-մեկ նրանց դուռը թակել, ու հենց այնպես, առանց առիթի մի 20 րոպե նրանց հետ շփվենք: «Մեր նման մարդիկ ջահելների կարոտ են, աղջիկ ջան»,- ասում է Բելլա տատն, ով այսօր նեղացել է ինձնից, որովհետեւ իմ նման հարյուրավորներին մարդկային բարձր արժեքներով է դաստիարակել, բայց իմ նման հարյուրավորներն այսօր այդ արժեքները թաղել ու իրենց ժամանակը վատնում են զվարճալի ակումբներում:

Բելլա տատիկը տարիներ առաջ իր բնակարանը վաճառել է, որպեսզի ամուսնու հուղարկավորությունը կազմակերպի: Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանն անմիջապես միջոցներ է ձեռնարկել, որ Վարդաշենի հանրակացարանում նրան սենյակ հատկացնեն. «Շնորհակալ եմ թե՛ Սեդրակյանին, թե՛ էս հանրակացարանի Ուսումնարանի տնօրեն Խաչատրյանին, որ ինձ օգնեցին, թե չէ` մնալու տեղ չէի ունենա»,- ասում է նա: Սարսափելի ցուրտ պայմաններում ապրող միայնակ թոշակառուն ապրում է 18.000 դրամ թոշակով, իսկ «Փարոսից» զրկել են, որովհետեւ թոշակը 2000 դրամով ավելացրել են: Ձմռան սաստիկ ցրտին չդիմանալով` Բելլա տատն իրեն թույլ է տվել օրվա մեջ մի քանի ժամ էլեկտրական սալիկով տաքանալ, բայց… «Էս րոպեիս լույսի թուղթը բերեմ` տես՝ 7500 դրամ, թե ի՞նչ պիտի անեմ` չգիտեմ: Տալիս եմ վարձերն ու նստում եմ ցամաք հացի վրա: Շատ կարիքի մեջ եմ, շատ»,- ասում է Բելլա տատն, ով պոլիարթրիտ, աղերի կուտակում հիվանդությունների պատճառով չի կարողանում անգամ հասնել խանութ եւ հաց գնել, հարեւաններն են օգնում: «Տարեցների կենտրոնից» հիվանդ կնոջը դեղորայք են հատկացնում, որն ընդունելուց հետո միայն ցավերը մի քիչ մեղմանում են: «Իրենք տալիս են անալգին, ասկոֆեն, ասպիրին, յոդ, այսինքն՝ էն, ինչն ունեն, բայց բժիշկը նշանակել է ռոպիրին՝ սրսկման ու խմելու, ուրիշ անուն դեղեր էլ, որն իրենք չունեն: Եթե փողս հերիքում է՝ առնում եմ, իսկ, եթե չէ՝ խմում եմ անվճար տվածները: Վիճակս էնքան է վատացել, որ ձեռնափայտով հազիվ եմ տեղաշարժվում»,- ասում է ծեր կինն, ով սոցիալական դժվար կենսապայմաններից ստիպված է լինում դեմ գնալ բնավորությանը: Ասում է, որ չնայած բնավորությամբ շատ ուժեղ է, պարտքեր չի սիրում, բայց խանութներից պարտքով մթերք է վերցնում, ու դրանից էլ սկսվում են ներքին հակասությունները, ինքն իր հետ կռվում է: «Ի՞նչ ասեմ, միս չեմ ուտում, հաց, սոխ, կարտոֆիլ եմ ուտում»,- բարկացած ասում է Բելլա տատն, ու նրա ձայնի տոնայնությունն աստիճանաբար խստանում է: «Մեր ղեկավարներից պահանջում եմ, որ, օրինակ՝ այդքան տարի ես լավ աշխատել եմ, երկու՝ Մանկավարժական ինստիտուտն ու Մարքսիզմի, լենինիզմի համալսարանն ավարտել եմ, եղել եմ լավագույն, օրինակելի աշխատողներից, բայց…»,- միտքն անավարտ է թողնում տարեց կինը: Բելլա տատն ասում է, որ ինքը քաղաքականության ակտիվիստ է, ամեն օր, ամեն ժամ հետեւում է քաղաքական իրադարձություններին: Նախագահական թեկնածուների ելույթներից հաճախ հիանում է, բայց… «Էսքան տարի մենակ ապրում եմ էստեղ, բայց ոչ ոք դուռս չի բացել, չի ասել՝ 82 տարեկան կին ա, ամբողջ մի սերունդ ա կրթել, առաջավոր ա եղել, կոմսոմոլի քարտուղար ա եղել, դուռը բացեմ, տեսնեմ՝ մեռա՞ծ ա էս կինը, թե՞ ողջ,- բարկությունը չկարողանալով զսպել՝ վրդովված ասում է նա ու մի փոքր լռությունից հետո անկեղծանում է,- Հիմա դու որ եկար՝ ոնց որ աշխարհն իմը լինի: Ինձ համար ոչինչ չես անում չէ՞, բայց ես հոգեպես ինձ լավ եմ զգում, ինձ կարեւորված եմ զգում: Երբ փողոցում ինձ տեսնում-բարեւում ես՝ զգում եմ, որ ինձ հարգող դեռ կա: Մեծահասակներին ոչ ոք բանի տեղ չի դնում, անկյուններում ապրողներ ենք: Մենակ եմ, մենակ… Էս կյանքից շատ հիասթափված եմ, անգամ ապրել չեմ ուզում, բայց դա իմ ձեռքում չի»:

82-ամյա Բելլա տատիկը չի կորցրել մանկավարժին հատուկ իր էությունը: Բարկությունը զուսպ ու պաթետիկ է, աղքատության մասին խոսելիս իր հաղթական հպարտությամբ թույլ չի տալիս, որ խղճահարություն զգաս, ու անգամ ամենածանր թեմաներից խոսելիս էլ տողատակերում դաստիարակում է` որն է ճիշտը, որը` սխալը: