Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավը համընկավ
Սուրբ Սարգսի տոնից հետո հայտարարված Սիրո միամսյակի հետ։
Սե՜ր… ինչ ընդարձակ են քո իմաստն ու տեսակները. սեր առ Աստված, սեր առ ծնողներ, երեխաներ, սեր հակառակ սեռի հանդեպ, որը, որպես կանոն, վերածվում է սիրո մի պատմության։ Պատմություններն էլ, իրենց հերթին, ունենում են կամ տխուր վախճան, կամ էլ երջանիկ վերջաբան։ Սիրո մի յուրատեսակ պատմություն է մեր ժողովրդի եւ նախագահի 9 թեկնածուների ասքը։
Իգական սեռի ներկայացուցիչների, գրեթե բոլորի կյանքում հանդիպել է իրենց ճակատագրի գոնե 1 տղամարդ, ում անունն անկախ հարաբերությունների վերջաբանից, հավերժ մնացել է կնոջ շուրթերին եւ դաջվել հոգու ծածուկ անկյուններում։
Կանանցից շատերը նաեւ երբեմն կանգնած են եղել լուրջ ընտրության առջեւ, երբ կնության առնելու խոստումներով նրանց կյանքում հայտնվել են միանգամից մի քանի տղամարդ։ Այդպես է. մեկ ոչ ոք չկա, մեկ էլ՝ միանգամից 9-ը։ Այսօր նրանց անունները հնչում են համատարած բոլորի շուրթերից, իբրեւ հատուկ անուն՝ Սերժ, Լեւոն, Արթուր, Վահան, Արտաշես, Վազգեն, Տիգրան, Արամ, Արման։
«Չէ՛, շտապել պետք չէ, որպեսզի չսխալվեք։ Մի լավ մտածեք, ծանր ու թեթեւ արեք, ապա որոշում կայացրեք,- հայրական խրատով հորդորում է նրանցից յուրաքանչյուրը։ -Լա՛վ հիշեք, գնացիք՝ գնացիք, հետ դարձի ճանապարհ չկա։ Էդ էր մնում պակաս, որ ասեն՝ գնացած-հետ եկած»։
Լավ, ասենք թե։ Մեզ՝ ընտրողներիս, չի կարելի, իսկ ընտրվողներին կարելի է… գնալ-հետ գալ։ Չէ, այս հարցը սառը գլխով պետք է քննել, դնել-համեմատել՝ ո՞վ ի՞նչ ապագա է խոստանում, ի՞նչ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք։ Համաձայնեք, տեղում դոփել պետք չէ, հարկավոր է առաջ նայել, բայց հենց հազիվ մոռացած ես լինում անցյալի դառնությունն ու ցավը, խաբված լինելու զգացումը, ուզում ես նայել դեպի պայծառ ապագա, հանկարծ հայտնվում է նախկին քո ուզողներից մեկը, որից 10 տարի է, ինչ լուր չկար, ու սկսում համոզել, որ ինքն այս անգամ լուրջ նպատակով է եկել, որ գիտակցել է իր գործած բոլոր սխալներն ու ուզում է դրանք ուղղել։ Չես էլ իմանում՝ ի՞նչ անել այդ ուզողի հետ։ Մեկ էլ, ըհը, մյուսն է դուռդ թակում, թե՝ «Բարեւ Ձեզ, հիշո՞ւմ եք, ես Ձեր հին ընկերներից եմ, այնքան հին, որ գուցեեւ մոռացած լինեք։ Եկել եմ ասելու, որ ուզում եմ ամեն ինչ փոխել Ձեր կյանքում, այլ ոչ թե սովորեցնեմ հարմարվել»։ Խորհելով այս նոր առաջարկի շուրջ, հանկարծ դուռը թակում է փոստատարը եւ հայտնում, որ՝ «Ձեզ ծանրոց է եկել, 1 հեռուստացույց եւ 1 DVD»։ Երբ հարցնում ես՝ ումի՞ց, ասում է, որ ընծայողը նախընտրեց չներկայանալ, բայց նա բավականին տարիքով մի մարդ էր։ Հա… վերջում էլ խնդրեց փոխանցել՝ Աստված Ձեզ հետ։ Շոյված այսչափ առատաձեռն վերաբերմունքից եւ առաքված օրհնությունից, հազիվ սկսում ես ուրվագծել տարիքով այդ մարդու կերպարը, սկսում ես ջերմությամբ լցվել նրա հանդեպ, հանկարծ ինչ-որ ձայներ ես լսում պատուհանիդ տակ եւ հասկանում, որ սերենադ երգելու խենթությանն ընդունակ է միմիայն երիտասարդ մեկը։ Ականջ ես դնում ու լսում, որ երգը հենց այդ մասին է, թե այդ ինչպե՞ս, դու՝ թողած ամենաջահել-ջիվան թեկնածուին, որի մեջ արյունը եռում է, ում երգերից մեկը նվիրված է երկրում ծնելիության աճը խթանելուն, կարող ես ընտրել թոշակի անցած մեկին։ Օ, ո՛չ, միայն ո՛չ դա։ Այս մեկն էլ եկել եւ ուզում է համոզել, որ արարման իր ծրագիրն ունի։
Ի դեպ, լսել եմ, որ 2 զավակ ունի… լավ, ուրեմն արարել կարող է։
Կարող էր… այս մեկի հետ էլ արդեն վաղուց կարող էինք մեծ ու համերաշխ ընտանիք ունենալ, բայց չթողեցին, դեռ 96-ին։ Էս էլ 7։ Հա, 2 ուզող էլ կա։ Նրանք էլ, չես հասկանում, ամաչկո՞տ են, թե՞ ուղղակի ոչինչ չունեն… Հը՞, իսկ միգուցե շատ բան ունեն, դրա համար էլ շատ չեն խոսում։ Այդպես է, չէ՞, ով ոչինչ չունի՝ անընդհատ թոզ է փչում, իսկ խելացիները գերադասում են լռել։
Օֆ, խճճվեցի։ Ինչպես կասեր իմ լուսահոգի տատը՝ չգիտեմ, կույս մնա՞մ, թե՞ մարդի գնամ։ Բայց, ինչպես տեսնում եք, տատս իր ընտրությունը կատարեց։ Իսկ մենք, Սիրո այդ միամսյակում, տալիս-առնում ենք, գցում-բռնում ենք, գումարում-հանում ենք, որպեսզի չսխալվենք։ Ու, չնայած ճակատագրական ընտրությունը յուրաքանչյուր ժողովրդի անձնական գործն է, սակայն այն, ինչ իշխանավորներն արեցին այս ժողովրդի հետ, նրանց, ուղղակի, պարտավորեցնում է նրա հետ ամուսնանալ։
Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ