Հեռու «Իմեդիից»

15/02/2008

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին դիմել է այդ երկրի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին` հորդորելով ձեռնպահ մնալ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ կիրառվելիք պատժամիջոցներից: Բանն այն է, որ փետրվարի 15-ին Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել է, մտադիր է քննարկել «Իմեդի» հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը: Հանձնաժողովն օրենքի խախտում է տեսնում այն փաստի մեջ, որ հեռուստաընկերության սեփականատերը Բադրի Պատարկացիշվիլին է, քանի որ քաղաքական կուսակցությունը կամ կուսակցության ներկայացուցիչը չեն կարող ունենալ հեռարձակելու արտոնագիր: «Դա մշուշոտ մոտեցում է, քանի որ չի նշվում, թե քաղաքական որ կուսակցության անդամ է կամ կուսակցական ինչ պաշտոն ունի Բադրի Պատարկացիշվիլին»,- հանձնաժողովին ուղղված իր կոչն այսպես է փաստարկել մարդու իրավունքների պաշտպանը: Նշենք, որ Սուբարիի հայտարարության ժամանակ Պատարկացիշվիլիի մահվան լուրը դեռ չէր ստացվել: