«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ է լյարդը, ուրեմն առողջ է ամբողջ օրգանիզմը»,- դեռեւս 1015թ. ասում էր բժիշկ, փիլիսոփա Աբու Ալի Իբն Սինան` Ավիցենան: Մինչ այժմ ոչ ոք լյարդի մասին այնքան դիպուկ չի խոսել, որքան Ավիցենան:
Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ գեղձն է: Այն կատարում է մի շարք կարեւոր ֆունկցիաներ: Դրանցից գլխավորը ապաթունավորումն է, այսինքն` վնասազերծումը: Բանն այն է, որ սննդի հետ օրգանիզմ են թափանցում վնասակար, նույնիսկ թունավոր տարրեր: Ընկնելով աղիների մեջ, դրանք կարող են ներծծվել արյան մեջ ու ներխուժել ցանկացած օրգան: Իսկ դրան մեծ խոչընդոտ է հանդիսանում լյարդը: Այն վնասազերծում է տոքսինները: Լյարդի կողմից արտադրված լեղին անհրաժեշտ է նորմալ մարսողության համար: Եթե մենք թեթեւ սնունդ ենք օգտագործում, լեղի քիչ է պահանջվում, իսկ ահա, երբ «ստամոքսի տոն» ենք կազմակերպում, լյարդին ստիպում ենք ծանրաբեռնված աշխատել: Պետք է նշել, որ մսեղենի ու ճարպերի մարսողության համար ավելի շատ է լեղի պահանջվում: Եթե լյարդն առողջ է, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է: Վատ է, եթե ինչ-ինչ պատճառներով լեղարտադրությունը խանգարվում է` լինում է լեղիի կանգ կամ՝ ընդհակառակը: Այս դեպքերում լյարդը սկսում է դասվել «հիվանդ» օրգանների շարքին եւ չի կարողանում նորմալ աշխատել: Բայց, լեղի արտադրելուց բացի, լյարդը մասնակցում է օրգանիզմում նյութափոխանակության կատարմանը: Հաշվի առնելով այս կարեւոր օրգանի բազմանշանակությունը, բնությունը նրան շատ դիմացկուն է ստեղծել: Իհարկե, այդ դիմացկունությունն անսահման չէ եւ որոշ գործոնների` ոչ ճիշտ սննդակարգի, ծխելու, ալկոհոլի չարաշահման ազդեցությունից, լյարդը սկսում է հանձնվել: Լյարդի ֆունկցիայի խանգարումն ու բորբոքումն ընդունված է անվանել լատիներեն «հեպատիտ» տերմինով:
Լյարդի բուժման ու պրոֆիլակտիկայի համար պետք է խստագույնս հետեւել դիետային եւ, թե ինչ պայմաններում է հիվանդությունը սրանում: Բանն այն է, որ տարբեր տեսակի սթրեսներն ու հատկապես կենդանական ծագում ունեցող սննդամթերքը նպաստում են լյարդի հիվանդությունների զարգացմանը: Սթրեսներից խուսափել` դժվար է, բայց դիետաների կիրառումը մեզանից է կախված: Բուժումը պետք է անցկացնել համալիր: Եթե լյարդի սուր նոպա եք ունեցել, երբեք չի կարելի լյարդը ծանրաբեռնել ծանրամարս ուտելիքներով: Սննդակարգից միանշանակ դուրս են գալիս ճարպոտ, տապակած եւ պահածոյացված մթերքները, ալկոհոլ պարունակող խմիչքները, թունդ սուրճը, սոխը, սխտորը, սառը խմիչքներն ու պաղպաղակը, մսի եւ սնկի արգանակները, կծու սոուսներն ու համեմունքները: Շատերը կմտածեն, որ «այսպես ապրելն անհնար է, սա արդեն կյանք չէ»: Նրանց կարելի է հասկանալ. չէ՞որ լյարդի հիվանդությունները նրանց մոտ են շատ առաջանում, ովքեր սիրում են «լավ ուտել-խմել»:
Սնվելու երկրորդ ճիշտ պայմանը` չչարաշահել ալկոհոլը, որովհետեւ ալկոհոլը լյարդի առաջին թշնամին է: Թեկուզ առողջ տղամարդու օրգանիզմը, որ կշում է մոտ 80 կգ., ի վիճակի է յուրացնելու օրական 80գ ալկոհոլ, բայց բժիշկները խորհուրդ են տալիս չանցնել 40 գրամի սահմանը: Իսկ կանանց օրգանիզմի համար այդ նորման ավելի սահմանափակ է` մոտ 20 գրամ: Եվ վերջապես երրորդ պայմանն է` լյարդը մատակարարել սնուցող տարրերով: Եվ այս տարբերակը կարող են կիրառել մարդիկ, որ հիվանդ չեն, բայց ստացել են առաջին տագնապը, այսինքն՝ առաջարկվող խորհուրդները կարելի է կիրառել նաեւ պրոֆիլակտիկայի համար:
Լյարդի բուժումը ժողովրդական բժշկության մեջ հաճախ խորհուրդ է տրվում օշինդրով:
Օշինդրի աղացած տերեւները եփում են սուպերի հետ եւ ուտում: Բուլղարիայում ծիծեռնախոտի տերեւների թուրմով բուժում են վիրուսային հեպատիտով հիվանդներին (1բաժակ ջրին 1 ճաշի գդալ խոտի հարաբերությամբ): Իսկ ահա Ռուսաստանում ծիծեռնախոտի տերեւների թուրմը դաղձի տերեւների հետ խմում են լեղաքարային հիվանդությունները բուժելու համար (1 ճաշի գդալ խառնուրդը 1 բաժակ եռման ջրով, եւ խմում են առավոտյան ու երեկոյան):
Դեղնախտի ժամանակ շատ լավ օգնում է 1լ «Կագոր» տեսակի գինուց եւ 100գ չոր եղինջի տերեւներից պատրաստված թուրմը: Այս հարաբերությամբ թրմում են երեք շաբաթ, այնուհետեւ 3 շաբաթ հետո խառնուրդը 15 րոպե եփում թույլ կրակի վրա ու խմում օրը 3 անգամ ուտելուց առաջ բաժակի 1/4-ը:
Խորհուրդ է տրվում մեղրին խառնել հաղարջ (1:1 հարաբերությամբ), ընդունել ամեն օր` մեկական թեյի գդալ` ուտելուց 30 րոպե առաջ:
Վերցնել 100գ եղեսպակ, 75գ անթառամ, 50գ դառը օշինդր: Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռջուր: 2-3 ժամ թրմելուց հետո քամել, խմել օրական երեք անգամ կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:
Դեղնախտի ժամանակ ժողովրդական բժշկությունը առաջարկում է անթառամ ծաղիկը: 1 թեյը գդալ բույսը թրմել 1 բաժակ եռջրում: Թողնել 2-3 ժամ: Խմել օրական 3 անգամ` 100 գրամ: Արդյունավետ միջոց է:
Լյարդը, ինչպես նաեւ՝ աղիները մաքրելու համար 20 գրամ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը խառնել 50գ կիտրոնահյութի հետ եւ խմել 1 շաբաթ, առավոտյան, քաղցած վիճակում: Լավ է այդ ընթացքում ուտել անալի, խաշած բրինձ:
Հեպատիտի դեպքում
Վերցնել 100գր եգիպտացորենի թելիկներ, 75-ական գրամ վաղենակ եւ արոսենու պտուղներ: Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 3 բաժակ եռջուր: Թրմել մի քանի ժամ, քամել, խմել օրը 3 անգամ` 150գրամ, ուտելուց կես ժամ առաջ:
Վերցնել 100-ական գրամ արոսենու եւ մասուրի պտուղներ, անթառամ: Հումքից երեք ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 2 բաժակ եռջուր: Առավոտյան քամել եւ խմել որպես թեյ օրվա ընթացքում: