Գնալ հոգո՞ւ, թե՞ փողի հետեւից: Երեսուն տարվա ճարտարապետ-շինարար Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ընտրեց առաջինը` իր հոգուն հարազատ զբաղմունքը` դիզայների գործը, առանց մտածելու, որ այն իրեն մի օր կհասցնի աստղային բարձունքներին:
Սկզբում Տիգրանն ինքնուրույն ուսումնասիրեց քանդակագործության, ոսկերչության ու արծաթագործության բոլոր նրբությունները, գրադարաններում այդ մասնագիտությունների տեսական մասն ուսումնասիրեց, իսկ ոսկերչական խանութներում ու գրասենյակներում` պրակտիկ հմտություններ ձեռք բերեց: «Հետո սկսվեց աշխատանքը` օրական մինչեւ տասը-տասներկու ժամ, մինչեւ կոպերս իջնեին: Սա հիվանդություն է. եթե մտքիս մի բան գա, չանեմ` ուղղակի կմեռնեմ»,- անկեղծանում է Տիգրանը: Մինչդեռ նա նախընտրում է արծաթը: Նրա աշխատանքների զգալի մասը հենց այդ մետաղով է պատրաստված` Հայոց շախմատը, որի բոլոր խաղաքարերը պատված են հին հայկական խորհրդանիշերով ու զարդանախշերով, Աստվածաշունչը պատկերող տասներկու ձուն, որից մեկը` «Հայոց պատմական ձուն», խորհրդանշում է Քրիստոնեության սկզբնավորումը Հայաստանում: «Ուղղակի արծաթի վրա շատ ավելի պարզ է երեւում կատարված գործը: Կարող ես ցանկացած մանր նախշ անել»,- բացատրում է դիզայները: Սակայն իր ամուսնական մատանին պատրաստելիս, այնուամենայնիվ, նրան չհաջողվեց խախտել ոսկյա ավանդույթը. ասում է ու ժպտում. «Բայց տես, չեմ դնում, չեմ սիրում մատանի կրել»: Ընկերոջ հետ Տիգրանը հաճախ է մտնում ճապոնական շուկա: Այստեղ արծաթը բավական նորաձեւ է: Մանավանդ, երբ պատվիրատուները ռոք երաժշտության սիրահարներն են, բայկերները եւ այդ աշխարհի այլ ներկայացուցիչներ: Իր կյանքի նշանակալի հանդիպումներից մեկը, սակայն, արծաթի առիթով տեղի չունեցավ, այլ ոսկու: Աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը նախընտրեց վարպետի՝ ոսկուց պատրաստված աշխատանքը: Պատմենք, թե ինչպես դա եղավ: Տիգրանի ընկերոջ հարսնացուն դերասանուհու մերսողն էր: Ամանորի կապակցությամբ ընկերն առաջարկում է մի նվեր-զարդ պատրաստել: Տիգրանը պատրաստում է Կլեոպատրայի դեմքով տասնութ կարատանոց ոսկե մեդալիոն, որի վրա հիերոգլիֆներով մաղթանքներ է գրում: Դերասանուհին` Լիզը, շատ է հավանում եւ ցանկանում է այն ոչ թե մեդալիոնի, այլ ամբողջական վզնոցի տեսքով ունենալ: Ընկերոջ հետ որոշում են առաջարկել խորհրդանշական մի գումար` ընդամենը ոսկու արժեքը, որը Թեյլորն անվանում է մեծ գումար, զարմանում, որ ոչ թե նվիրում են իր նման մեծ աստղին, այլ որպես պատվեր են ընդունում: Տիգրանը բարկանում է եւ հրաժարվում իրականացնել Թեյլորի քմահաճույքը: Զայրույթը, սակայն, ճակատագրական է դառնում ընկերների համար: «Առավոտյան արթնացա` ուռած աչքերով, ինձ հետ երբեք նման բան չէր եղել: Զանգեցի ընկերոջս, պարզվեց, որ նա էլ լոգարանում է ընկել ու վնասված ներվային համակարգի հետեւանքով` պարալիզացված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Հետո պարզեցի, որ մեդալիոնի վրա արածս հիերոգլիֆներն իրենց մոգական ուժն են ներգործել. եթե այդ իրի հետ կապ ունեցող երկու կողմն էլ ուրախ չեն, ապա մի բան պետք է լինի»,- հիշում է Տիգրանը: Թեյլորն էլ հետագայում խոստովանում է, որ այդ օրվանից կարթը կոկորդին ձկան պես է իրեն զգում` գայթակղված ու չբավարարված: Տիգրանը որոշում է իրագործել դերասանուհու ցանկությունը` չար ուժերը հեռու վանելու համար: Թեյլորն այդ ընթացքում անգամ հիվանդանոցում է հայտնվում, ու, մինչեւ Տիգրանը չի ավարտում վզնոցի աշխատանքը` նա տուն չի վերադառնում: Վզնոցին Տիգրանը պատկերում է Կլեոպատրա ֆիլմի ամբողջ պատմությունը` եգիպտական հիերոգլիֆներով ու դիմաքանդակներով, եւ այն գնահատվում է 25 հազար դոլար: Դիզայների ու դերասանուհու մտերմությունը շարունակվում է: Տիգրանը դերասանուհու ցանկությամբ մի քանի զարդեր էլ է պատրաստում: Իսկ ոսկե վզնոցը, Թեյլորը, որպես թալիսման, ամենուր իր հետ տանում է, եթե անգամ չի կրում այն: Աստղային պատմությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում Տիգրանի համար: Նա զարդեր է պատրաստում նաեւ «Կարիբյան ծովի ծովահենները» հայտնի ֆիլմի դերասաններից մեկի համար, ինչպես նաեւ՝ Ջեքի Չանի վերջին ֆիլմի հերոսի համար. «Չնայած, մինչեւ այսօր դերասանը չի վճարել»,- ծիծաղում է Տիգրան Սարգսյանը:
Աստղային հաջողությունները Տիգրանին թույլ չեն տալիս հանգստանալ: Նրա հիմնական զբաղմունքն ամենօրյա աշխատանքն է: Ոսկերչական արհեստով զբաղվող հայերի համար Լոս Անջելեսում այսօր պայմաններն այնքան էլ գերող չեն: Պատվերները պակասել են, աշխատուժը ցածր է գնահատվում. եթե 1986 թվականին ոսկու աշխատանքի մեկ գրամն արժեր 3 դոլար, 1995-ին` 1 դոլար ու 50 սենթ, ապա այսօր արդեն` ընդամենը 80 սենթ: Լոս Անջելեսում ոսկերչությամբ հիմնականում զբաղվում են հայերը: Կան նաեւ մեքսիկացիներ, որոնց հետ աշխատելու միակ դժվարությունը մտավոր ոչ այնքան փայլուն կարողություններն են: «Սակայն նրանց հետ ավելի հեշտ է, քան ամեն ինչից հասկացող հայերի հետ աշխատելը»,- ժպիտով նկատում է դիզայները: Բացի ազնիվ մետաղներով աշխատելուց, Տիգրանը սիրում է նաեւ փայտը: Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Ագաթանգեղոսի պատմության հիման վրա նա ստեղծել է «Գրիգոր Լուսավորիչ 301» քանդակը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք Մանուկյան գանձատանն է գտնվում: Եղեռնի 90-ամյա տարելիցի առիթով Ցեղասպանության թանգարանին է նվիրաբերել «Հայերն ապրել են, ապրում են եւ կապրեն» հուշարձանը: Այսօր Տիգրանը պատրաստվում է ստեղծել Սայաթ-Նովային նվիրված մի գործ: «Արդեն էսքիզները ուղեղումս են: Թղթի վրա էսքիզ չեմ անում, եթե անեմ, կարող է հետո ընդհանրապես չիրագործեմ»,- խոստովանում է դիզայները: