Առաջին անգամ` 110 մլն դրամ` դպրոցների վերանորոգմանը

13/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս լրացավ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի
գործունեության 100 օրը, ինչի կապակցությամբ նախարար Աշոտ Ղուլյանը
հրավիրեց մամուլի ասուլիս: Ա.Ղուլյանը տեղեկացրեց, որ 2006թ. սեպտեմբերի
1-ից Ղարաբաղում կկիրառվի միջնակարգ կրթության 12-ամյա համակարգը: Կփոխվեն
նաեւ գնահատման չափանիշները, այսինքն` 2006 թվականից ուժի մեջ կմտնի
գնահատման 10 բալանոց համակարգը, ինչը եւս փաստում է այն մասին, որ
Ղարաբաղը մտնում է համաեվրոպական կրթական դաշտ:

Նախարարի հավաստմամբ, այս տարի պետական բյուջեից միջոցներ են հատկացվել
հանրապետության թվով 17 դպրոցների կառուցման կամ կապիտալ վերանորոգման
համար: Մի շարք դպրոցներ էլ կկառուցվեն եւ կվերանորոգվեն բարերարների
միջոցներով: 2005-ին պետական միջոցներով կկառուցվեն նաեւ 15 մշակույթի
տուն եւ մարզական օջախներ: Այսքան տարիների ընթացքում ԼՂՀ պետբյուջեից
առաջին անգամ հատկացվել է 110 մլն դրամ` դպրոցների ամենամյա նորոգման
համար: Ընթացիկ տարում կբացվի նաեւ 2 գիշերօթիկ դպրոց` Ստեփանակերտում եւ
Շուշիում: Այս ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ.
դեռեւս մշակվում է հայեցակարգը: Ստեփանակերտում նախատեսվում է բացել
պրոֆտեխուսումնարան: Այս տարվա պետբյուջեից հուշարձանների պահպանությանը
հատկացվել է 100 մլն դրամ, որի շրջանակներում կվերանորոգվեն Շուշիի
գերեզմանատունը, Շուշիի եւ Ասկերանի ամրոցները: