ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ չի բացառել, որ մինչեւ քվեարկությունն ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ: Ըստ նրա` այսօր բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է. «Մենք հարյուր հազարանոց թիմ ենք: Այսօր տարբեր կուսակցություններից, այդ թվում` իշխող կուսակցություններից, մեզ համար աշխատում եւ քարոզում են»,- ասել է նա: «Ցանկացած միավորում պետք է լինի փաստարկված, հանրության, ժողովրդի համար հասկանալի: Եվ ցանկացած միավորում պետք է բերի շատ լավ արդյունքների: Ուզում եմ ասել, ես չեմ էլ բացառում, որ նման միավորումներ դեռ կարող են լինել… »: Ա. Բաղդասարյանը երեկ նաեւ հայտարարել է, որ իրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկել են միավորման երկու տարբերակ. «Մենք քննարկել ենք երկու տարբերակն էլ՝ ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն ինձ միանալու, այնպես էլ` մեր միանալը նրա հետ: Ի վերջո, ժողովուրդը պետք է որոշի: Ես 2-րդ տեղի համար չեմ պայքարում, ես պայքարում եմ ՀՀ նախագահի պաշտոնի համար: Ես վստահ եմ, որ ես կհայտնվեմ 2-րդ փուլում: Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտնվեն ինձ հետ 2-րդ փուլում, ցույց կտա ժամանակը: Ես սա ասում եմ իբրեւ ակնհայտ իրողություն»: