Ցավն ամեն գնով պետք է հաղթահարվի

13/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

1988 թվականին Գրետա Խնձերցյանը երկու տարեկան էր, ապրում էր Գյումրի
քաղաքում իր մեծ ընտանիքի հետ: Դեկտեմբերի սկզբին Խնձերցյանների ընտանիքը
նոր բնակարան էր ստացել եւ տեղափոխվել հինգհարկանի նորակառույց:
Նորամուտից երեք օր հետո տեղի ունեցավ երկրաշարժը, եւ շենքի բոլոր
բնակիչները զոհվեցին: Կենդանի մնաց միայն Գրետան, ով մի քանի օր իր
մահացած հղի մոր գրկում փլատակների տակ էր գտնվել: Ողջ շենքից միակ
կենդանի մնացած աղջկան լուրջ փորձություն էր սպասվում՝ ոտքերն
անդամահատվեցին մինչեւ ազդրը: Պայքարի երկար տարիներ սկսվեցին: Իր Գրետա
տատիկի հետ փոքրիկ Գրետան, որին Լալա են կոչում՝ «ՀՕՄ» կանանց միության
աջակցությամբ ԱՄՆ մեկնեց՝ բուժում ստանալու ու համապատասխան պրոտեզ ձեռք
բերելու համար: Առաջին ամերիկյան պրոտեզները հետագայում փոխվեցին
հայկականներով: Մարդու հասակի աճի հետ մեկտեղ պրոտեզներն առնվազն երկու
տարին մեկ պետք է փոխվեն: Լալան ունի իր արդեն վեցերորդ պրոտեզը, որը
Գյումրիում է պատրաստված, բավականին վստահ քայլում է հենակների
օգնությամբ: «Գյումրիի պրոտեզարանն ինձ մոտ է, եւ հետո դիզայնը դուրըս
կուգա»,- ասաց նա: Լալան այժմ 19 տարեկան է: Ավելի կենսուրախ, հմայիչ ու
բայրացակամ մարդ, քան անդամալույծ, կանաչաչյա այդ աղջիկն է, դժվար է
պատկերացնել: «Ինչ է ինձ եղել, որ, – հաճախ իր կյանքի մասին հարցնողներին
պատասխանում է նա։ -Ապրում եմ: Բայց որ գոնե մեկ ոտք ունենայի, ինչեր
կռնայի անել»: Իսկ ապրում է Լալան երկու սենյականոց բնակարանում՝ տատիկի,
պապիկի եւ հորեղբոր ընտանիքի հետ: 11 մարդ՝ երկուսենյականոց բնակարանում:
Լալան ստանում է հաշմանդամության թոշակ՝ 3600 դրամ: Մեծ հպարտությամբ
պատմում է, որ սովորում է Մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսում ու
պատրաստվում է հոգեբան դառնալ: Դժգոհելն ու լաց լինելը հակառակ են իր
խառնվածքին: Երբ հարց են տալիս, թե կենցաղում ունի՞ օգնության կարիք,
զարմացած պատասխանում է. «Ամեն ինչ էլ կռնամ անել: Խենթացե՞լ եք, ի՛նչ
օգնություն՝ ինչի ես չե՞մ կռնա անել: Գիտես՝ ինչպես կլողկնամ. ցատկում եմ
ջրի մեջ ու լողում»:

Մարաթոնային վազք՝ սայլակներով

Ամենամյա լոսանջելեսյան մարաթոնին Լալան արդեն երկրորդ անգամ է
մասնակցում: «Honda»-ի հովանավորությամբ անցկացվող այս տարվա մարաթոնը
հավաքել էր 400.000-ից ավելի մասնակից: Սովորական մարզիկների վազքին միշտ
առաջնորդում է հաշմանդամների մարաթոնը: Սայլակներով վազում են տասնյակ
երկրներից ժամանած հաշմանդամներ, որոնք ամենայն լրջությամբ ողջ տարվա
ընթացքում պատրաստվում են: «Մարդիկ տնից հանում են իրենց աթոռները, դնում
մայթի եզրին ու ամեն ինչով փորձում օգնել մասնակիցներին՝ ջուր են տալիս
կամ տաք շոր: Կամ էլ պարզապես նախապես պատրաստած պաստառները բռնած՝
ոգեւորում են»,- ասաց մարաթոնի ականատես, հայ մարզիկին հրավիրողներից
մեկը՝ «Փյունիկ» կազմակերպության անդամ Լորի Սիվազլյանը: Նա նույնիսկ
Լալայի հետ վազեց մի հատված՝ մարդկանց հորդորելով ուշադրություն դարձնել
մարաթոնի ամենաերիտասարդ աղջկան: Լոս Անջելեսի քաղաքապետարանի կազմակերպած
այդ մարաթոնը մեծ հեղինակություն ունի: Շատերն են պատիվ համարում գալ ու
ողջունել հաշմանդամներին, այս անգամ դիտորդների շարքում էր հայտնի
բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, ով ռինգում ստացված վնասվածքից հաշմանդամ է
դարձել: Յուրաքանչյուր մարզիկի գտնվելու վայրը որոշելու համար սայլակին
համակարգչային սարք է ամրացվում: Ճանապարհը ոլորապտույտ ու տեղ-տեղ
անտեսանելի է, հարկ է լինում կամուրջների տակով կամ կտրուկ զառիթափերով
անցնել: Գրետա Խնձերցյանի՝ Լալայի բախտը չբերեց՝ նրա սայլակն անսպասելի
շրջվեց: «Ոչ միայն շրջվեց, այլ ես էլ միջից դուրս թռա: Սայլակի ամրակը
պոկվեց: Իմ արագությունը շատ մեծ էր, ես արդեն շատերից առաջ էի անցել:
Վայր ընկա ու տասը րոպե մնացի գետնին պառկած: Կամուրջի տակ էի, մարդ էլ
չկար»,- պատմեց Լալան: Համակարգչային սարքը սայլակից անջատվել էր, այդ
պատճառով օգնությունն ուշ հասավ: Լալան շատ է ափսոսում, որ այդ րոպեների
ընթացքում շատերը եկան ու իրենից առաջ անցան: «Դեմքս գետնին էի խփել՝
ուռել էր: Բժիշկները եկան, ասին՝ չենք թողնում, որ այս վիճակում մարաթոնը
շարունակես: Ես էլ լավ անգլերեն չիդեմ, բայց համոզեցի, որ պետք է անպայման
ֆինիշին հասնեմ»,- ասաց նա:

Մարաթոնի ավարտից հետո կայացավ ցերեկույթ՝ հանգանակություններ հավաքելու
նպատակով: Հայ նկարիչների, ոսկերիչների աշխատանքների վաճառքից գոյացած
10.000 ամերիկյան դոլարը կօգտագործվի Հայաստանում սահմանափակ
կարողություններ ունեցող մարդկանց աջակցության համար: Լ. Սիվազլյանը «Los
Anjeles Times»-ին տված հարցազրույցում ասաց. «Հայաստանը նման չէ ԱՄՆ-ին:
Հայ հաշմանդամ-մանուկները սովորաբար որբանոցներում են ապրում եւ փողոց
գրեթե դուրս չեն գալիս»: «Ամեն անգամ, երբ Ամերիկայում տեսնում եմ
սայլակին գամված հաշմանդամի, ով ավտոբուս է բարձրանում կամ սրճարան է
մտնում, հիշում եմ, թե ինչին պետք է ձգտենք Հայաստանում»,- ասաց
«Փյունիկի» նախագահ Սարգիս Ղազարյանը: