Աղաղակող անարդարություն

13/02/2008

Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, խոստանում եք ամեն ինչ անել` հանուն մեր երկրում արդարության ու ժողովրդավարության հաստատման: Եթե ձեր խոստումներն ընդհանուր են եւ կապ չունեն կոնկրետ մարդկանց ճակատագրի հետ, կարող եք իմ այս նամակը չկարդալ, իսկ եթե ձեզ համար կարեւոր է նաեւ մի առանձին վերցրած մարդը, ում իրավունքները ոտնահարված են այն աստիճան, որ նա, հինգ տարի է արդեն, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում է` չկատարած սպանության համար, եւ պետք է իր ողջ կյանքը ցմահ անցկացնի ազատազրկման մեջ` հեռու ընտանիքից, երեխաներից, լսեք ինձ ու օգնեք` հանուն արդարության ու արդարադատության: Ես Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից եմ: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ունեմ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ուկրաինայի Պոլտավա քաղաքում զբաղվել եմ գործարարությամբ: Գործարքներից մեկի ընթացքում ես պետք է 700.000 դոլար ստանայի, սակայն բիզնես աշխարհը, որը սերտաճած էր հանցագործ աշխարհի հետ, հրաժարվեց տալ իմ այդ գումարը, եւ հրաժարվողներից մեկն էլ «Օլիմպիյսկի Լյովիկ» մականունով Լյովա Մեհրաբյանն էր: 2002-ի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի 3-րդ նրբանցքի 50 տան բակում խնջույքի սեղանի դիմաց SS ատրճանակով սպանվում են այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրը, եղբայրը, քեռին, իսկ Լյովայի քույրն ու քեռու տղան ստանում են հրազենային վնասվածքներ: Մեղադրանքն ուղղվեց իմ դեմ: 2003-ի հունվարի 24-ին ես ձերբակալվեցի եւ 2004-ի մայիսի 18-ին էքստրադիցիայի ենթարկվեցի: Ըստ ինձ ներկայացված մեղադրանքի, որը պաշտպանում էին Գլխավոր դատախազությունից Ա. Աշրաֆյանը, Գ. Երեմյանն ու Ա. Ամիրզադյանը, ես, չստանալով ինձ պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, թշնամաբար եմ տրամադրվել Լ. Մեհրաբյանի նկատմամբ ու որոշել եմ վրեժխնդիր լինել, սպանել նրան: Այդ շրջանում եւ մասնավորապես այդ օրը ես Ուկրաինայում էի, եւ այդ մասին կարող է վկայել Ուկրաինայի Դատախազությունում քննված թ 01710009 քր. գործը, ինչպես նաեւ՝ Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի նախկին պետ Էդիկ Մեջինյանի ցուցմունքը, ըստ որի՝ «2002թվի հունիսի վերջին Արարատ Մուրադխանյանի` Կոթի գյուղի հայրական տանը եւ Մրմաձոր կոչվող հանդամասի վագոն-տնակում կատարած հետախուզությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Մի քանի օր հետո զանգահարել է Արարատ Մուրադխանյանը, հայտնել, որ զանգում է Բրյանսկ քաղաքից, եւ վրդովմունք հայտնել խուզարկություն կատարելու կապակցությամբ: Նրան տեղեկացրի, որ կասկածվում է Լ. Մեհրաբյանի եւ նրա հարազատների սպանության մեջ, առաջարկեցի վերադառնալ Հայաստան»: Գործով վկա տաքսու վարորդ Սիրակ Դարբինյանն էլ հայտնել է, որ «Սիլ» հյուրանոցի մոտ իր մեքենան է նստել նիհարավուն դեմքով, մոտ 40 տարեկան ատլետիկ կազմվածքով անծանոթ տղա, վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, բացել է ավտոմեքենայի դուռը, կռացած անցել մեքենայի ետնամաս, կրակոցներ արձակելուց հետո հեռացել: Հանցագործը հանցագործությունը կատարել է առանց ձեռնոցների: Քր. գործի նյութերից ՀՀ Գլխավոր դատախազությունը թաքցրել է դեպքի վայրի զննությամբ առգրավված այդ անձի բոլոր հանցահետքերը, այդ թվում` մատնադրոշմային դակտոժապավենները, դեպքի վայրից առգրավված հրազենային պարկուճները, արձանագրությունը եւ տեսաժապավենը, որը դիտարկելիս` վկա Վարդան Խաչատրյանը (Լ. Մեհրաբյանի քրոջ ամուսինը) ճանաչել է հանցագործին: Հանցագործը դեպքի վայր էր գնացել տաքսիով, եւ տաքսու վարորդն իր բոլոր ցուցմունքներում հայտնել է, որ հանցագործին ինքն անպայման կճանաչի անգամ տասը տարի անց: Տաքսու վարորդին ճանաչման են ներկայացրել լուսանկարներ, այդ թվում եւ՝ իմ լուսանկարը: Նրա համար զննվել են տեսաժապավենները, որոնցում եղել եմ նաեւ ես: Տաքսու վարորդը պնդել է, որ հանցագործին տեսնելուն պես կճանաչի, իսկ վերը նշված ճանաչվողների մեջ հանցագործություն կատարած անձը չկա: Երբ Ուկրաինայի Դատախազությունում քննված թ 01710009 քր գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.10.05 որոշման պահանջով իմ գործին միացնելու համար ստացվել է եւ արտադատավարական վարույթով ուսումնասիրվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, 2006-ի փետրվարի 2-ին միջնորդագիր եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով ցուցում տալ գործող քննիչին`ստուգել իմ ակնհայտ անմեղության հանգամանքները, 2002-ի հունիսի 24-ին հանցագործության կատարման ժամանակ ՀՀ տարածքում իմ չգտնվելը հաստատող ապացույցները, որոնցով հեղեղված են Ուկրաինայի թ 01710009 գործի նյութերը: Դրանք սույն քր. գործին միացնելու փոխարեն, ՀՀ Գլխավոր դատախազությունը իմ ալիբին, անմեղությունը փաստող նյութեր պարունակող եւ արդեն Ուկրաինայից ստացված թ 01710009 գործը հետքակորուստ անելով` վերադարձրեց Ուկրաինայի Դատախազությանը` ընդսմին, չվիճարկելով եւ հաստատված ճանաչելով իմ ալիբին:

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` ինձ առաջադրած մեղադրանքը լրիվ անհիմն ու չհիմնավորված է: Ինձ մեղադրանքի մեջ ներգրավելու համար սարքած բոլոր ապացույցները կեղծ են: Այսպես` 21.08.02 թ. եւ 28.08.02 թ. վկաներ Վարդան Խաչատրյանի եւ նրա կնոջ` Աղավնի Մեհրաբյանի արձանագրությունները տառ առ տառ արտատպված են մեկը մյուսից: 16 մմ Պանասոնիկ տեսաժապավենի վերարտադրության արդյունքների տարբերությամբ 16 մմ եւ 8 մմ տեսաժապավենները վկա Ռուզաննա Մեհրաբյանի մասնակցությամբ վերարտադրելու եւ զննելու 27.08.02 թ. արձանագրությունում 16մմ տեսաժապավենը 2-րդ անգամ վերարտադրության արդյունքի հեղինակը վկա Ռուզաննա Մեհրաբյանը չէ. այն կազմված է գիտակցված խեղաթյուրմամբ:

Անմեղությունս ապացուցող փաստերը շատ են, որոնցից հիմնականը նաեւ այն է, որ ես որեւէ մոտիվ չունեի սպանել Լ. Մեհրաբյանին: Հակառակը, ինձ ամենեւին ձեռնտու չէր նրա մահը, որովհետեւ իմ շահերը կբավարարվեին միայն ու միայն նրա կենդանության պայմաններում: Մեռածը փող չի վերադարձնում:

Ազատության մեջ գտնվելով եւ զբաղվելով քաղաքականությամբ, դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, թերեւս չեք պատկերացնում` ինչ է նշանակում անմեղ մարդու համար` զրկվել ազատությունից, եւ այն էլ` ցմահ: Ես մարդասպան չեմ: Հետեւաբար, ես իրավունք ունեմ ապրելու ազատության մեջ, իմ ընտանիքի, երեխաների կողքին: Խնդրում եմ, արդարության երկիր կառուցելու ձեր խոստումները կատարեք այսօր, հիմա: Վաղը կարող է ուշ լինել:

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից`
ցմահ ազատազրկման դատապարտված,
սակայն արդարության հույսը չկորցրած

Արարատ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ