2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։
Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան միակ ներկայացվող ժանրը չի լինելու, ինչը հաճելիորեն ուրախացրեց երաժշտական այլ ժանրերում աշխատող անհատներին ու խմբերին։
Հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ իրականացվող մրցույթին այս տարի միացավ նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը նոր անվանակարգեր սահմանեց ժողովրդական, ջազային ու դասական երաժիշտների համար։ Թեեւ այդ նոր անվանակարգերի մուտքը վաղուց արդեն անհրաժեշտություն էր, սակայն համերգային արարողության ընթացքում ջազը, էթնոն ու դասականն այդպես էլ չհնչեցին՝ մնալով լոկ որպես թղթի վրա արձանագրված անվանակարգեր։ Հանդիսատեսի մեծ մասը (հիմնականում՝ երիտասարդությունը) կարդալով այդ նոմինացիաներում առաջադրված խմբերի ու մարդկանց անունները, դժվարությամբ էր մտաբերում նրանց կատարումները, քանի որ դրանք կամ ընդհանրապես չեն ցուցադրվում եթերում, կամ էլ ցուցադրվում են առիթից առիթ՝ չմնալով մարդկանց հիշողության մեջ։ Նույնիսկ լավագույններ հռչակված ժողովրդական կատարողները ելույթ չունեցան, մինչդեռ փոփ ոլորտի բոլոր նոմինանտները մեկական երգ կատարելու իրավունք ունեին։ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ մրցանակաբաշխության մեջ նոր անվանակարգերի ընդգրկումը միտված էր «հավասարակշռելու Հայաստանի երաժշտական ներկապնակը», սակայն շատ բան ինքնաբուխ կատարվեց ու ժամանակի պակասի պատճառով անկատար մնաց։ Նրա մեկնաբանմամբ՝ արարողության բեմականացումն անհասկանալի էր, քանի որ բեմում ցուցադրվում էին միայն էստրադային կատարումները։ Եվ եթե սիմֆոնիկ նվագախմբի ելույթը կազմակերպելը «Հ1»-ի համար բարդ էր, ապա ջազային կատարումը կամ էլ էթնո երաժշտությունը հաստատ շատ գեղեցիկ ու տեղին կդիտվեր։
«Լավագույն ժողովրդական համույթ» ճանաչվեց «Ակունք» անսամբլը, «լավագույն ժողովրդական երգիչ»՝ Արսեն Գրիգորյանը (Մրրո). իսկ «լավագույն ժողովրդական երգչուհի»՝ Աննա Մայիլյանը, ով փոքր-ինչ շփոթված շտկում արեց բեմից. «Ես դասական երգչուհի եմ»։ Անվանակարգերն, իրոք, շտկումների կարիք ունեին. օրինակ, Աիդա Սարգսյանը, կարծես թե, մինչ օրս ինքն էլ չի կողմնորոշվել` ժողովրդակա՞ն, թե՞ էստրադային երգչուհի է։
Այս տարվա լավագույն դասական նախագիծ համարվեց Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Բեռլինում, իսկ լավագույն ջազ նախագիծը՝ Հայաստանի ջազ-բենդի 10-ամյա հոբելյանին նվիրված համերգը։
Մշակույթի նախարարությունը հուսով է, որ հաջորդ տարի մրցույթին կմասնակցեն շատ ավելի մեծ թվով խմբեր, եւ շատերը կկարողանան իրենց աշխատանքները ցուցադրել եթերից։ «Միեւնույն է, բոլոր անվանակարգերում էլ ընդգրկվում են մարդիկ, որոնք երեւում են հեռուստատեսությամբ։ Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր երաժշտական ուղղություններն են երեւում էկրանին, եւ այդ պատճառով էլ հանրությանը ծանոթ չեն դառնում։ Հաճախ տեսանելի դարձող ու ակտիվորեն «PR» արվող կատարողներն են ամրապնդվում հանրության ենթագիտակցության մեջ»,- ասաց Հ. Պողոսյանը։ Եվ եթե պետությունն ուշադրություն է դարձրել մրցանակաբաշխությանն ու փորձում է ավելի ամբողջական երաժշտական պատկեր ստեղծել, ապա «լուսաբանելու» ու ներկայացնելու աշխատանքն ավելի հեռվից է հարկավոր սկսել։ «Շատ լավ նախագծեր կան, որոնք փոքր թվով մարդիկ են տեսնում, եւ այդ նախագծերը մրցույթին չեն մասնակցում։ Հեռանկարային մրցույթ ունենալու համար ես կցանկանայի, որ արդեն հիմա մարդիկ սկսեն իրենց նախագծերը ներկայացնել ու հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Ոչ միայն «Հ1»-ը, այլեւ՝ բոլոր հեռուստատեսություններն այս առումով անելիք ունեն։ Մեր երաժշտական մշակույթը շատ բազմազան է, պետք չէ այն միակողմանի ներկայացնել»,- ասաց Մշակույթի նախարարը։ Բացի փոփ երաժիշտներից, այսօր ոչ մի երաժիշտ չի կարող եթերաժամերի բավարար լինելու մասին խոսել։ Պետությունը չի կարող մասնավոր հեռուստատեսությունների վրա ազդել։ Ընդ որում՝ հանդիսատեսը նույնպես։
«Աստղերը» նոսրանում են
Ե՛վ եթերի, եւ՛ այս տարվա մրցանակաբաշխության արարողության տիրուհին, միեւնույն է, փոփն էր։ Հանդիսատեսն ու ունկնդիրը վաղուց արդեն նկատել են, որ եթեր ու եթերից բխող ճանաչելիություն ունի «աստղերի» չափազանց նեղ մի շրջանակ։ Թեեւ փոփ երաժշտության շրջանակները 5-րդ մրցանակաբաշխությունից հետո էլ, միեւնույն է, նեղ մնացին, բայցեւայնպես, մի շատ ուշագրավ դիտարկում ստիպեցին անել. փոփ «աստղերը» անդառնալիորեն «հնանում» են։ Հնացել են ոչ միայն իրենց կերպարները, երգերն ու դեմքերը, այլեւ՝ իրենց ներկայանալու ոճը, որը կառուցվում ու բազմացվում է տարիներ շարունակ նույն մոդելով. գնվում են երգեր, ձայնագրվում-շտկվում են համակարգչային տեխնիկայով, հետո նկարահանվում են տեսահոլովակներ, գնվում են զգեստներ, ու նորից նոր երգեր են գնվում…։ Արդյունքում՝ քչերն են ունենում սեփական ոճը, քչերն են կարողանում իսկապես երգել եւ գրեթե երբեք լավ երգեր չեն ստեղծվում, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է սարքել, վերջիվերջո, մի քիչ էլ պետք է ներքին ուժ ու հմայք լինի։ Երգիչ-երգչուհիների` փոփի կանոններով «սարքված» կերպարները ձանձրացրել են հանդիսատեսին, ժամանակն ավելի բնական կերպարների պահանջ ունի։ Այս տարի լավագույն երգիչ ճանաչվեց բարձրահասակ, քաղցրաձայն ու առնական Արամեն, ով թեեւ լիովին փոփ-անձ է, սակայն անթաքույց անկեղծ է։ Դա նկատվում է եւ՛ նրա կատարման ոճից, եւ՛ խոսելաոճից։ «Շատ եմ խնդրում, թող ոչ ոք ինձանից չնեղանա, որ ես եմ հաղթող ճանաչվել»,- մրցանակը ստանալու ժամանակ ասաց նա։ Եվ դա շատ միամիտ ու անկեղծ էր։ «Նեղացողներ» միշտ լինում են, սակայն հաղթողներից քչերն են նրանց վրա ուշադրություն դարձնում։ Երեւանից դուրս մեծացած ու Երեւանի շոու-բիզնեսի կանոններով աշխատող Արամեն երկրպագուների մեծ բանակ ունի, որն իսկական հրճվանք է ապրում, երբ Արամեն մոտենում է բարձրախոսին։ 2007թ. լավագույն երգչուհի ճանաչված Սիրուշոն դահլիճի նմանատիպ հրճվանքի չարժանացավ, սակայն հաղթանակը նրան օդի պես հարկավոր էր՝ «Եվրատեսիլ» մեկնելու ու այնտեղ պատշաճ երգելու համար։ Շատ հետաքրքիր ու անսպասելի զվարճալի մրցանակ էր «Լավագույն Արսեն Գրիգորյան» մրցանակը, որը ներկայացրեցին հինգ Արսենները, բայց հաղթող դարձավ երգարվեստի հետ որեւէ առնչություն չունեցող, բժիշկ Արսեն Գրիգորյանը, ում բախտը բերել էր այնքանով, որ նա մեր էստրադայում ամենահաճախակի հնչող անուն-ազգանունն ուներ։
Այս տարվա մրցանակակիրներին որոշել էր 35 հոգանոց ժյուրին: Ժյուրիի անդամներից չորսը նաեւ մասնակցել են ծրարների բացմանը եւ ձայների հաշվառմանը: Ժյուրիի անդամներից շատերն ազնվորեն արել են իրենց ընտրությունը, սակայն ընտրությունն արդեն իսկ արվում էր ընտրվածների միջեւ։ Անվանակարգերում տեղ գտնելու պրոցեսը նրանցից կախված չի եղել։ «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), եւ այն իրոք ամենալավ աշխատանքն էր ներկայացվածների մեջ։ Այլ հարց է, թե ինչո՞ւ ներկայացված չէին ավելի մեծ թվով տեսահոլովակներ։ «Լավագույն հիթ» է ճանաչվել Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան» աշխույժ ու ռիթմիկ երգը, որի հետ կարող էին մրցել, օրինակ, Սիլվա Հակոբյանի երկու երգերը, որոնք նույնպես ներկայացված չէին։ Հայկական էստրադայում շատ են արդեն իսկ գոյություն ունեցող փոփ-տիպարների պատճենները, եւ շատ ուրախալի է, որ «լավագույն խումբ» ճանաչվեց օրիգինալ ու իր տեսակի մեջ միակ՝ «Արմենոիդս» խումբը, որն, օրիգինալ լինելուց բացի, նաեւ շատ խելացի ու հետեւողական խումբ է։ Իսկ «տարվա հայտնություն» համարվեց երիտասարդ Վարդան Բադալյանը, ով ծնունդով արցախյան գյուղից է, գիտի լավ երգել ու կարծես թե կարող է խուսափել «աստեղային հիվանդությունից» (մրցանակը հանձնելու պահին նրա արձանիկից՝ կոտրվելով, վայր ընկան փայլատակող աստղերը, ինչը շատ բարի նշան է)։
Մրցանակաբաշխությունը հեղինակավոր դարձնելու որոշակի փորձերը շատ հաճախ չեն հաջողվում այն պատճառով, որ «աստեղային հիվանդությունը» վարակիչ է, իսկ մրցանակաբաշխության կազմակերպիչները ոչ մեծ նպատակներ են դնում իրենց առջեւ։ Եվ եթե երաժշտական ստուգայցն այլեւս պետական արարողություն է դառնում, ապա նպատակները պետք է հեռահար լինեն, այլ ոչ թե՝ մի քանի մարդկանց համար մի քանի մարդկանց կողմից կազմակերպված ցուցադրություն լինի։ Հուսով ենք, որ այն վերակառուցում է ապրելու եւ երգարվեստի իսկապես վառ իրադարձություններին է պարգեւատրելու։