Ներում Սադամ Հուսեյնին

13/05/2005

Սադամ Հուսեյնը կարող է խուսափել մահապատժից, քանի որ իրաքյան ապստամբների
առաջնորդներն առաջարկություն են արել, ինչի շուրջ Իրաքի նոր վարչակարգը
լրջորեն մտածում է։ Այս տեղեկությունը տարածել է Իրաքի կառավարությանը մոտ
կանգնած մի աղբյուր։

Սադամ Հուսեյնին ներելը ազգայնական-սուննիների եւ Հուսեյնի ԲԱԱՍ կուսակցության նախկին անդամների գլխավոր պահանջներից մեկն է։

– Մենք փորձում ենք երկխոսություն սկսել ապստամբների հետ,- ասել է գաղտնի
աղբյուրը։ -Մենք չենք պատկերացնում, որ նրանք կդադարեցնեն պայքարն առանց
պայմաններ դնելու։ Սադամին ամբողջ կյանքում բանտում պահելը շատ մեծ գին չէ
մեզ համար, մենք կարող ենք վճարել այդ գինը, բայց դա նրանց
հնարավորություն կտա պահպանել իրենց դեմքը։

Աղբյուրը հայտնել է նաեւ, որ բանակցություններին մասնակցում են «Ֆեդային
Սադամ» ռազմականացված կազմավորման, ինչպես նաեւ՝ իրաքյան բանակի նախկին
սպաների «Ջաիշ Մուհամեդ» խմբավորման առաջնորդները։

Քանի որ իրաքյան դիմադրությունը մասնատված է, պարզ չէ, արդյոք
բանակցությունների մասնակիցները ներկայացնո՞ւմ են բոլոր ապստամբներին։
Ապստամբների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը կարեւոր քայլ կլինի
հետպատերազմական Իրաքը քայքայող բռնությունների վերացման ճանապարհին,
բայց, միեւնույն ժամանակ, Սադամին ներելը կվիրավորի շատերին։

Սադամի դատավարությունը կսկսվի տարվա վերջին, բայց Իրաքի նոր նախագահ
Ջալյալ Թալաբանին արդեն սկսել է ժողովրդին նախապատրաստել հնարավոր
ներմանը։ «Asharq al-Awsat» արաբական թերթին տված հարցազրույցում Իրաքի
նախագահը, ով ազգությամբ քուրդ է, Սադամին մահապատժի ենթարկելու դեմ իր
անձնական կարծիքն է արտահայտել։ «Ես եղել եմ այն իրավաբանների շարքում,
ովքեր միջազգային փաստաթուղթ են ստորագրել ընդդեմ մահապատժի վերացման, եւ
եթե իրաքյան դատարանը սկսի կայացնել մահապատժի վճիռներ, դա ինձ համար
լուրջ խնդիր կլինի»,- ասել է Թալաբանին։

Անցած շաբաթ նախագահ Թալաբանին կրկին պատրաստակամություն է հայտնել
ապստամբների հետ քաղաքական բանակցություններ վարելու՝ առաջարկելով
համաներում հայտարարել ապստամբ մարտիկների համար։ Բայց Իրաքում
«Ալ-Ղաիդայի» բջիջը, որը ղեկավարում է հորդանանցի Աբու Մուսաբ
Ազ-Զարքավին, մերժել է այդ առաջարկը՝ Թալաբանիին անվանելով «ամերիկյան
գործակալ»։

Չնայած այն բանին, որ քրդերի շրջանում Թալաբանին հերոսի հեղինակություն
ունի, շատ քրդեր հանդես են գալիս Սադամին ներելու առաջարկի դեմ։

«Ցանկացած վճիռ, բացի մահապատժից, կլինի արդարադատության ծաղրանք»,- ասում
է նպարավաճառ Նավզադ Օտմանը, ում եղբայրը Սադամի քիմիական գրոհից
զոհվածներից է։