Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ Եվգենի Գլադունչիկը:
1996-ից էլցանցերի համակարգում աշխատող Հրայր Ավանեսյանը 2003-ի հունվարին ազատվեց ՀԷՑ-ի համակարգչային կենտրոնում իր աշխատանքից: Սակայն դա ծագած վեճի շարունակությունն էր միայն: Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես:
Դեռ 1996-1997թթ. Հ. Ավանեսյանը Գոռ Պողոսյանի եւ Գագիկ Մարգարյանի հետ աշխատել է էլեկտրաէներգիայի քանակական եւ ֆինանսային հոսքերի հաշվառման Gold ծրագրային փաթեթի վրա, որն ավարտին են հասցրել 1997-ի հունիսին: Այդ ծրագրի միջոցով հոսքերը հաշվառում է համակարգիչը եւ, փաստորեն, վերանում է մարդկային գործոնը, որը մինչ այդ բազմաթիվ մութ գործարքների հնարավորություն էր տալիս քաղաքացիներին եւ «լույսի մարդկանց»: Ծրագրի հեղինակներն աշխատանքի ավարտից հետո կնքել են համաձայնագիր, ըստ որի` ծրագրի հեղինակային իրավունքի 88 տոկոսը պատկանում է Հրայր Ավանեսյանին: Վերջինս այդ ժամանակ աշխատում էր «Երեւանի էլեկտրական ցանցեր» (ԵԷՑ) ՓԲԸ-ում: Սակայն Ավանեսյանի հավաստմամբ` ծրագրի ստեղծումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամերին եւ որեւէ կապ չի ունեցել իր աշխատանքի հետ: Մյուս կողմից` ծրագիրը չէր կարող թղթի վրա մնալ: Հետեւաբար, հեղինակն այն ներկայացրել է ԵԷՑ-ի գլխավոր տնօրենին` Ռոբերտ Նազարյանին, ում համաձայնությամբ էլ համակարգը սկսել է փորձարկվել ԵԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում: 1998-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունը, Gold փաթեթը երեք այլ ծրագրերի հետ ուսումնասիրելով, որոշել է ՀՀ տարածքում գործող էլցանցերում կիրառել հենց Ավանեսյանի աշխատանքը: Վերջինիս հիմնական մրցակիցը եղել է արտասահմանից ներդրված Abacus ծրագիրը:
Gold-ը պետք է ներդրվեր երեք փուլով, իսկ հեղինակին ամեն փուլի դիմաց պետք է վճարվեր 3000 դոլար, այսինքն` ընդհանուր առմամբ 9000 դոլար: Սակայն նախարարության հետ պայմանագիր կնքելուց առաջ Ավանեսյանը հեռախոսազանգով տեղեկացվել է, որ ամեն դեպքում նախարարությունը չի կարող հրաժարվել Abacus-ից, քանի որ դրան զուգահեռ նաեւ համակարգչային տեխնիկա է բերվում Հայաստան: Նախարարությունից Ավանեսյանին առաջարկել են այսպիսի լուծում. Abacus-ի անունը նույնպես նշված կլինի փաստաթղթերում, բայց ինքը` Ավանեսյանը, փուլ առ փուլ կներդնի իր ծրագիրը եւ «Ինտելեկտ» հիմնարկի միջոցով մաս-մաս կստանա նախատեսված 9000 դոլարը: Այսինքն` ծրագրի գնորդ պետք է նշվեր այդ հիմնարկը: Սակայն շուտով «Ինտելեկտը» փակվում է, իսկ Ավանեսյանն այդ ընթացքում ստացել էր ընդամենը մոտ 800 դոլար: Այնուամենայնիվ, Gold փաթեթի օգտագործման ու անհրաժեշտ տեխնիկական սպասարկման համար Ավանեսյանը «Երեւանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ ՀՀ տարածքում գործող երեք այլ պետական ՓԲԸ-ների հետ (հետագայում այս չորսը միավորվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի մեջ եւ կառավարության կողմից վաճառվել) կնքել է պայմանագրեր, որոնցով, փաստորեն, էներգետիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող այդ կազմակերպություններին թույլատրել է օգտագործել իր եւ ընկերների ստեղծած ծրագիրը:
2002-ի նոյեմբերի 1-ին ՀԷՑ-ը դարձել է «Midland Resources Holding»-ի սեփականությունը: Գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի ղեկավարած հիմնարկը 2002-ի դեկտեմբերի 1-ից առ այսօր առանց վճարման եւ հեղինակի համաձայնության օգտագործում է Ավանեսյանի Gold ծրագիրը: Ավելին` 2003-ի հունվարին ՓԲԸ-ի համակարգչային կենտրոնի տնօրեն Ավանեսյանը Գլադունչիկի հրամանով ազատվել է աշխատանքից: Պատճառը նրանց միջեւ ծագած վեճն է եղել: Ավանեսյանի պատմելով` Գլադունչիկն իրենց առանձնազրույցում կոպտորեն մեղադրել է իրեն` ասելով, թե իբր Ավանեսյանը խոչընդոտում է Abacus ծրագրի մուտքը համակարգ: Դրանից հետո բանավոր պայմանավորվել են, որ 6 ամսում ՀԷՑ-ը պետք է ներդնի Abacus-ը` այդ ընթացքում Ավանեսյանի համաձայնությամբ անվճար օգտագործելով Gold ծրագիրը: Հակառակ դեպքում ՀԷՑ-ը վեց ամսից կամ պետք է վարձակալեր Gold-ը, կամ գներ այն: Abacus-ի ներդնումը ձախողվել է, բայց Գլադունչիկը որեւէ պայմանագիր չի կնքել Ավանեսյանի հետ` շարունակելով փաթեթի օգտագործումը:
2004-ի օգոստոսի 26-ին Ավանեսյանը գրավոր դիմել է Եվգենի Գլադունչիկին եւ առաջարկել իր` որպես Gold ծրագրի հեղինակի հետ կնքել փաթեթի օգտագործման համար վարձակալության պայմանագիր, այլապես դադարեցնել դրա օգտագործումը: Նա մասնավորապես գրել էր. «Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` ես` Հրայր Մարլենի Ավանեսյանս, համարվում եմ ներկայումս Ձեր ձեռնարկությունում առանց համապատասխան պայմանագրի օգտագործման մեջ գտնվող «Էլեկտրաէներգիայի քանակական եւ ֆինանսային հոսքերի հաշվառման Gold ծրագրային փաթեթի» հեղինակը…»: Այս գրությանը Գլադունչիկը 17.09.2004-ին իր իսկ ստորագրությամբ պատասխանել էր. «Gold ծրագրային փաթեթի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն ապացուցելու վերոհիշյալ ծրագրի նկատմամբ Ձեր հեղինակային իրավունքը…»: Սրանով Գլադունչիկը, փաստորեն, ասել էր, որ ծրագրի հեղինակը Ավանեսյանը չէ:
2007-ի ապրիլին Ավանեսյանը դիմել էր դատարան` մասնավորապես խնդրելով ճանաչել Gold ծրագրի նկատմամբ իր 88 տոկոս հեղինակային իրավունքը, ասել է թե` ճանաչել, որ ծրագրի հեղինակը 88 տոկոսով ինքն է (հեղինակային համաձայնագրով 10 տոկոսով հեղինակ է եղել Գոռ Պողոսյանը, 2 տոկոսով` Գագիկ Մարգարյանը): Հայցում Ավանեսյանը դատարանին խնդրել էր նաեւ պարտավորեցնել ՓԲԸ-ին դադարեցնել ծրագրի անօրինական օգտագործումը եւ աղավաղումը: Նա իր հայցը հիմնավորել է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ նախկին` 1996 թ. օրենքով, քանի որ Gold ծրագրի նկատմամբ իր հեղինակային իրավունքը ծագել է 1997-ին, երբ գործում էր վերոնշյալ օրենքը: Ըստ դրա` «հեղինակային իրավունքն առաջանում է երկի ստեղծման փաստով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, երկի գրանցումից եւ այլ ձեւականության պահպանումից»: Նույն օրենքով` «երկի առաջին լույսընծայման ժամանակ որպես հեղինակ նշված անձը ճանաչվում է տվյալ երկի հեղինակ, եթե դատական կարգով այլ բան ապացուցված չէ»: 1997-ին ստեղծված ծրագրի հեղինակային իրավունքների վերաբերյալ հայցով ո՛չ ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ո՛չ էլ Գլադունչիկի ղեկավարած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն երբեւէ չեն մտել դատարան: Ավանեսյանն իր հայցադիմումում նշել է կարեւոր մի կետ, որն ապացուցում է նրա հեղինակ լինելը. «Gold ծրագրի հեղինակների տվյալների եւ նրանց կողմից տրված օգտագործման թույլտվության մասին նշում կա ծրագրում, որը կարելի է տեսնել համակարգչի էկրանին»: Սրան հավելենք այն, որ 2004-ի հուլիսի 30-ին Հրայր Ավանեսյանը, Գոռ Պողոսյանը եւ Գագիկ Մարգարյանն իրենց իսկ անուններով աշխատանքը ի պահ են հանձնել «Հայհեղինակ» հ/կ-ին: Կա ի պահ հանձնման համարը` 08/375: Սրա դեմ ոչ ոք դատական կարգով կամ այլ կերպ չի բողոքել:
Իր հերթին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դատարանում հայտարարել է, թե Ավանեսյանը, ժամանակին աշխատելով ԵԷՑ-ում, հետո էլ` ՀԷՑ-ում, կատարել է իր ծառայողական պարտականությունները. Gold ծրագիրը պատրաստվել է գործատուի հանձնարարությամբ, եւ այդ դեպքում ՀՀ Քաղ.օր.-ով` «գործատուն համարվում է հեղինակային բացառիկ իրավունքի իրավատեր»: ՀԷՑ-ը նշել է, որ Ավանեսյանը ծրագրի հեղինակային իրավունքի օգտագործման մասին երբեւէ պայմանագիր չի կնքել, ինչը օրենքի պահանջով պիտի գրավոր արվեր: Հետեւաբար, նա ծառայողական հանձնարարություն է կատարել:
2007-ի սեպտեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.` Էդ. Ավետիսյան) Ավանեսյանի հայցը մերժել է: Վճիռը բառացիորեն հիմնված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի առարկությունների վրա, որոնք հատվածաբար արտագրվել են: Դատարանը եզրակացությունում ոչ մի բառ չի նշել մասնավորապես ծրագրի հեղինակների եւ օգտագործման թույլտվության նշման մասին, որ երեւում է համակարգիչների էկրաններին: Ու չնայած դատարանն ապացուցված է համարել, որ օգտագործման պայմանագիր Ավանեսյանը գրավոր երբեւէ չի կնքել, բայց այդպես էլ ծառայողական հանձնարարության մասին որեւէ բանավոր կամ գրավոր ապացույց չի ստացել պատասխանողի կողմից:
Չգիտես ինչու` դատարանին զարմացրել է այն, որ Ավանեսյանը միայն 2004-ին է առաջարկել իր հեղինակային իրավունքի օբյեկտի` ծրագրի օգտագործման մասին պայմանագիր կնքել, որը Եվ. Գլադունչիկը մերժել է: Իր վերաքննիչ բողոքում Ավանեսյանը պատասխանել է այդ զարմանքին` նշելով, որ դա եղել է Abacus ծրագրի ներդրված չլինելը քողարկելու ցանկությունը որոշ պաշտոնյաների կողմից: Սակայն հոկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախ. դատ.` Դ. Խաչատրյան) իր հերթին հատվածաբար կրկնել է առաջին ատյանի դատարանի վճիռը` մերժելով հայցը: Փաստորեն, դատարանը Ավանեսյանին, անուղղակիորեն՝ նաեւ Պողոսյանին ու Մարգարյանին, զրկել է հեղինակությունից:
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ Քաղ.օր.-ով ստեղծագործության հեղինակ կարող է լինել միայն ֆիզիկական անձը եւ ոչ իրավաբանական անձը,- ասում է «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:- ՀԷՑ-ը չի կարող լինել հեղինակ, քանի որ նա իրավաբանական անձ է: Ես չհասկացա, թե վճռով ո՞վ է հեղինակը, որովհետեւ եթե Ավանեսյանին զրկում են հեղինակային իրավունքի 88 տոկոսից, ապա ո՞ր ֆիզիկական անձն է հեղինակը»: Մասնագետը նշում է, որ ՀԷՑ-ը կարող էր լինել միայն հեղինակային իրավունքի իրավատեր, ինչն այլ հարց է:
Մեր կողմից հավելենք, որ ՀԷՑ-ը, փաստորեն, հենց այդ ուղղությամբ էր տարել դատավարությունը, եւ դատարանը շեղվել է Ավանեսյանի հեղինակության 88 տոկոսը ճանաչելու մասին հայցադիմումից. նա պատասխանողի առարկությունների հիման վրա հաստատել է, որ ՀԷՑ-ի նախկին աշխատակից Հ. Ավանեսյանը կատարել է ծառայողական հանձնարարություն, եւ ըստ այդմ` գործատու ՀԷՑ-ը ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերն է: Բայց նույնիսկ այս դեպքում աշխատանքի հեղինակը մնում է Ավանեսյանը: Մյուս կողմից էլ` ՀԷՑ-ը ոչ մի փաստաթուղթ կամ այլ ապացույց չի ներկայացրել, որ ինքը հանձնարարություն է տվել Ավանեսյանին ծրագիր գրել հիմնարկի համար: Այսինքն` նա նաեւ չի կարող լինել ծրագրի նկատմամբ գույքային իրավունքի իրավատեր:
Մի դիտարկում եւս: Չնայած միջազգային օրենքներով ստեղծագործությունն ի պահ վերցնելիս այն փորձաքննության չի ենթարկվում, այսինքն` հեղինակի օրինական-անօրինական լինելը չի ստուգվում, այնուամենայնիվ, ծրագիրը վերոնշյալ երեք հեղինակների անվամբ «Հայհեղինակի» կողմից ի պահ վերցնելը, ինչպես նշվեց, ոչ ոք որեւէ կերպ չէր վիճարկել: Եվ միայն 2007-ի աշնանը` դատական պրոցեսների ժամանակ, իրավաբանական անձ ՀԷՑ-ը փորձել է 08/375 համարի դիմաց գրանցել իր անունը, ինչը, բնականաբար, մերժվել է, իսկ մյուս կողմից` քանի որ առկա է եղել դատարանի վճիռ, հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը Հրայր Ավանեսյանին գրավոր տեղեկացրել է, որ համարը ժամանակավորապես թողնվում է բաց, մինչեւ որ վեճը դատական ատյաններում վերջնական լուծում ստանա: Ավանեսյանը պատրաստվում է դիմել հնարավոր բոլոր ատյաններին: Հունվարի 22-ին նա մտել է վճռաբեկ դատարան, սակայն մինչ օրս նա դատարանի կողմից գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին ծանուցում չի ստացել: Ծրագրավորողն ասում է, որ եթե Հայաստանում չկարողացավ վերականգնել իր իրավունքները, անպայման դիմելու է Եվրոպական դատարան: Ամեն դեպքում, եթե պատկերացնենք, որ Եվրոպական դատարանում նրա հայցը կմերժվի (սա անհավանական է թվում, քանի որ ԵԴ-ն պետք է առաջնորդվի ՀՀ օրենքներով, որոնց համաձայն` ստեղծագործության հեղինակը ֆիզիկական անձն է միայն), ապա 08/375 համարը «Հայհեղինակն» անվավեր կհամարի:
Հրայր Ավանեսյանը մեկ ուրիշ հայց էլ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Վերջինս հրաժարվել է վճարել մոտ 590.000 դրամ աշխատավարձի պարտքը գործից ազատված իր աշխատողին (հակառակ վերջինիս բանավոր դիմումների): Ավանեսյանը դատարանին խնդրել է ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել պարտքը եւ Կենտրոնական բանկի դրույքներով հաշվարկված մոտ 425.000 դրամի տոկոսը, որն առաջացել է ՀՀ Քաղ.օր.-ի համաձայն` «ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում»: ՓԲԸ-ն դատարանում հայտարարել է, թե իրենք ապօրինի պահումներ չեն արել, պարզապես աշխատավարձերը տալիս են առձեռն կամ փոխանցումով, սակայն հայցվորն իրենց երբեւէ այդ հարցով չի դիմել, ուրեմն տոկոսների մասին խոսք գնալ չի կարող, իսկ աշխատավարձը Ավանեսյանը կարող է ստանալ ընկերությունում: Դատավոր Էդ. Ավետիսյանն աշխատավարձի մասով հայցը բավարարել է, տոկոսների մասով` մերժել: Սակայն իրականում, ինչպես նշել էր Հրայր Ավանեսյանն իր վերաքննիչ բողոքում, 2003-ի հունվարին` ազատման պահին, ՓԲԸ-ի պարտքն իր նկատմամբ կազմել է մոտ 1.2 մլն, որից ինքը հետագայում ստացել է միայն մոտ 650.000-ը: Գումարն ինքը ստացել է հենց ընկերությունում: Դրա եւ մնացած 590.000 դրամ պարտքի մասին հաշվապահության կողմից տրվել են համապատասխան փաստաթղթեր: Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ ինքն ազատվելուց հետո իբր ընկերությանը չի դիմել նման հարցով. պարզապես ՓԲԸ-ն ապօրինաբար հրաժարվել է վճարել մնացած գումարը, ինչին էլ ավելացել են տոկոսները:
Վերաքննիչ դատարանում Ավանեսյանը բացարկ է հայտնել գործը լսող կազմին` Վարդան Ավանեսյանի նախագահությամբ: Բացարկն ընդունվել է, հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 14-ին:
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
www.hetq.am