Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանն է:
Դա առավել դրսեւորվում է հանրապետական ընտրությունների ժամանակ, որին ախթալացիները գնում են «Մեր Վազգենի թասիբի համար» նշանաբանով: Այս կապակցությամբ ինքը` պրն Խաչիկյանը, փաստեց, որ 2007 թ. մայիսին կայացած ԱԺ ընտրություններին Ախթալայի երեք ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած 1350 ընտրողների 1000-ից ավելի քվեներ տրվել են Հանրապետական կուսակցությանը: Նա այդ փաստը հետեւյալ կերպ բացատրեց. «Մարդիկ նայելով, որ իշխանության մեջ ինչպիսի մարդիկ կան իրենց համայնքից, համակրանք ունեն իշխանությունների նկատմամբ, հիմա ես չեմ ուզում բացարձակ շեշտել իմ գործոնը»:
Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանն էլ գտնում է, որ ընտրությունների գործում մեծ է լինում նաեւ իր լուման: Ասենք, որ նրա կինը` Ախթալայում հարգված մանկաբույժ Անահիտ Ղազարյանը, մեծ ազդեցություն ունի բնակչության շրջանում, որի պատճառը բժշկուհին բացատրեց. «Ես աղքատ բնակչության սիրելի բժշկուհին եմ, որովհետեւ վճարի խնդիր չենք դնում»: Ախթալայում ազդեցության ոլորտի պատճառով էլ Վազգեն Խաչիկյանի ու քաղաքապետ Սուրեն Թամազյանի ջուրը նույն առվով չի հոսում: Սակայն հարցն այն է, որ համայնքի երախտագետ բնակչությունը ընտրություններին իշխող կուսակցության ձեւավորած կառավարության առջեւ համայնքի հիմնախնդիրների լուծման պահանջ չի դնում` ապավինելով առավելապես այդ կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանին: Մինչդեռ Ախթալայում տիրող վիճակը փաստում է, որ նրանց քվեները ղեկավարության առաջ պարզերես են դարձնում առաջին հերթին Վազգեն Խաչիկյանին:
Վերջին մեկ տարում Վ. Խաչիկյանն ակնառու բիզնես ծավալեց Ալավերդիում: Քաղաքի Շահումյան-Սանահին կայարանային թաղամասերի ճանապարհահատվածում նա կառուցեց «Ձորագազ» կոչվող գազի հսկայական լցակայանը, ընդամենը 1-2 շաբաթ առաջ գնել է նաեւ Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Եսայանին պատկանող Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածում գտնվող գազի լցակայանը եւ 36 մլն դրամով` Ալավերդի-Երեւան- Ալավերդի երթուղային տաքսիների գիծը: Ծանրակշիռ ներդրումներով ստեղծել է «Ձորի տաքսի» ծառայությունը, որը վերահսկում է քաղաքի ներհամայնքային տաքսիների ոլորտը: Այս հիմնարկներում աշխատող մարդիկ Վ. Խաչիկյանին իրենց շեֆն են համարում: Սակայն դրանց մասին մեր հարցմանը պրն Խաչիկյանը խառնաշփոթ պատասխաններ տվեց: Սկզբում ասաց, որ դրանք պատկանում են շնողցի ինչ-որ տղայի, հետո բացատրեց, որ դրանց սեփականությունը 50-50 է: Վերջում էլ ասաց. «Այդ ամենը իմը չեն, ես պարզապես հովանավոր եմ եղել, դրանք պատկանում են հորս` Մոսկվայում բնակվող եւ սեփական ռեստորան ունեցող հորաքրոջ տղային, ուղղակի իմ եղբայրները աշխատում են գազի այդ լցակայանների տնօրեններ»: Ալավերդիում եւ Ախթալայում Վազգեն Խաչիկյանի հաջողությունների համար մարդիկ չեն տխրում: Մարդը աշխատատեղեր է ստեղծել, ձեռքի հետ էլ մեկ-մեկ բարերարություն է անում: Ցավալին այն է, որ նրա ձեռքբերումներին զուգընթաց` գոնե մի փոքր չի լավանում յուրայինի հարգը իմացող ախթալացիների կյանքը: Որպես դրա վկայություն` ախթալացի Մեխակ Մկրտչյանն ասաց. «Ախթալայում ով հիվանդանում է, տանում են քարիցը դվեր գցում»: Գառնիկ Ադամյանն էլ պարզաբանեց. «Ով փող չունի, տանը անօգնական մեռնում է»: Բժշկուհի Անահիտ Ղազարյանն էլ հայտնեց, որ արդեն երկու օր է՝ Ախթալայի Բարիտ թաղամասի բնակիչ Վոլոդյա Ամիրջանյանը ծանր ինսուլտ է ստացել, եւ, քանի որ հնարավոր չէ տեղափոխել Ալավերդի, նրա բուժումը մնացել է բուժքրոջ հույսին:
«Ախթալայի ամենահրատապ խնդիրը մարդկանց առողջության եւ հիվանդանոցի պահպանման խնդիրն է»,- ասաց քաղաքապետ Սուրեն Թամազյանը: Պարզվում է` 70 մահճակալանոց, Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Ախթալայի հիվանդանոցը փակվել է: Քանի որ հիվանդանոցի տնօրեն Կարեն Ազարյանը տեղում չէր, հաշվապահ Մուշեղ Մաթոսյանն ասաց. «Սկսած 1998թ.-ից` հիվանդանոցի աշխատավարձի եւ սոցվճարների պարտքը կազմում է 6,3մլն դրամ, 2007 թ. հունվարի 1-ից հիվանդանոցը փակվել է եւ ստեղծվել է պոլիկլինիկական ծառայություն, ներկայումս ունենք 21 աշխատող»:
Բժշկուհի Անահիտ Ղազարյանը հիվանդանոցի անառողջ ֆինանսական վիճակը բացատրեց. «Իհարկե, պարտքեր կգոյանան, որովհետեւ ֆինանսները արդյունավետ չեն ծախսվում»: Նա նաեւ հայտնեց իր դժգոհությունը այն փաստի առթիվ, որ 2400 բնակչություն ունեցող Ախթալան չունի ոչ Շտապօգնության ծառայություն, ոչ էլ շտապօգնության մեքենա:
«Ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը գիշերը վատացած հիվանդների երակային ներարկումների անհրաժեշտության դեպքում, քանի որ պայմաններ չեն ստեղծված, շատ դեպքերում հիվանդին տանում են իրենց տուն»,- ասաց Անահիտ Ղազարյանը: «Հիվանդանոցի պահպանման համար պայքարել ենք միայն ես եւ ավագանին, Վ. Խաչիկյանը խոչընդոտել է, թե այստեղ պետք չէ հիվանդանոց»,- բացատրում է քաղաքապետ Սուրեն Թամազյանը: «Չէի ասի, թե հիվանդանոցը Ախթալայի ամենահրատապ խնդիրն է, եթե ես փող ունենամ, կգնամ Երեւանում կբուժվեմ, էլ խի՞ եմ Ալավերդիում կամ Ախթալայում բուժվում,- հակադարձում է Վազգեն Խաչիկյանը` ավելացնելով,- շտապ օգնության խնդիրը ես չգիտեի, էդ մասին ինքս անձամբ չեմ մտածել, որ ասում եք, շնորհակալություն եմ հայտնում, գուցե շտապօգնության ժամանակակից մի մեքենա կարողանանք ունենալ»: Վազգեն Խաչիկյանը նաեւ ասաց, որ իր ջանքերով Ախթալան գազիֆիկացվել է: Սակայն պարզվեց` գազի աբոնենտներ Ախթալայում գրեթե չկան: «Որ ասում են՝ գազի համար միանգամից 100 հազար պետք է մուծեք, իմ 30 հազար դրամ թոշակից էդքանը ո՞նց մուծեմ, մենք էլ ասում ենք` գազը քաշեք, հետո մեր թոշակից պահեք»,- դժգոհում է թոշակառու Մեխակ Մկրտչյանը: «Հետն էլ ասում են` փողը տարեք Ալավերդի մուծեք, Ախթալայում դրամարկղի մի կետ ստեղծելը դժա՞ր ա»,- ավելացնում է Գուրգեն Վարդումյանը:
Ախթալայում ջուր ունենում են 4 օրը մեկ: «Ընտրությունների շեմին ամեն օր են տալիս, ուրեմն խնդիրը հնարավոր է լուծել»,- ասաց քաղաքապետ Սուրեն Թամազյանը: Այս կապակցությամբ Վազգեն Խաչիկյանը հակադարձեց. «Իմ միջնորդությամբ Հունաստանի կառավարությունն Ախթալայում 2002 թ. ջրամատակարարման մեծ ծրագիր է իրականացրել, փողերն էլ տվել են քաղաքապետարանին, ծրագիրը քաղաքապետն է իրականացրել, լավ քաղաքապետ էր, թող կառուցեր այնպես, որ ջուր լիներ»: Ապա հավելեց. «Գիտե՞ք, թե ինչքան է քաղաքապետարանի բյուջեն եւ ինչպես է ծախսվում այն: Հարցրե՞լ եք քաղաքապետին, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ 34մլն դրամ եկամուտներ ունեցող բյուջեից 7 մլն դրամով իր համար «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել, երբ «Մերսեդես» մակնիշի մեքենա Լոռու մարզում իր համար համարձակվել է գնել մեկ էլ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, այն էլ 4-5 հազար դոլարով»:
Քաղաքապետ Սուրեն Թամազյանը համայնքային բյուջեի մասին ասաց. «Բյուջեն նորմալ վիճակում է»: Ախթալա համայնքի տարեկան բյուջեն կազմում է 34,5մլն դրամ: Սեփական հարկային եկամուտներ պլանավորվել են 9,6մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 17մլն դրամ: Քաղաքապետը գերակատարումը բացատրեց հնում ունեցած 8մլն դրամ պարտքի մուտքագրմամբ եւ նշեց, որ բյուջեն աշխատավարձի եւ այլ պարտքեր չունի: ՀՀ կառավարության կողմից հատկացված դոտացիան կազմել է 16մլն դրամ: Բյուջեի ծախսային մասը կազմել է 32,6մլն դրամ, որից 16մլն դրամը կատարվել է «ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ» հոդվածով: Համայնքի ֆոնդային բյուջեն պլանավորվել է 8,2մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 7,3մլն դրամ: Սրանից էլ քաղաքապետ Սուրեն Թամազյանը շուրջ 7 մլն դրամ է տրամադրել եւ գնել է Վ. Խաչիկյանի ասած «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենան: Ակնհայտ էր նաեւ այն, որ Ախթալայի բնակիչները տեղյակ չեն համայնքի բյուջեի ծախսերին: Այս կապակցությամբ սպառիչ էր ախթալացի Գառնիկ Ադամյանի պատասխանը. «Էթավուր բաները մենք խի՞ տենք իմանալ»:
Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
www.hetq.am