Պաշտոնյաները սեփականաշնորհել են «պատմությունը»

11/02/2008

Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում:

Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած պեղումները մեծ արդյունքներ են տվել: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեւոն Պետրոսյանը նշեց Աշտարակի տարածաշրջանից մինչեւ Ծաղկալանջ ու Աղավնատուն համայնքներն ընդգրկող դամբարանադաշտերը, որտեղ իրենց հայտնի, բայց դեռեւս չպեղված շատ ամրոցներ ու դամբարաններ կան: Հայ եւ ֆրանսիացի հնագետները վերջերս Առատաշենի մերձակայքում հայտնաբերել են քարեդարյա բնակավայրեր: Հնագետների վկայությամբ այդ վայրերը բնակեցված են եղել դեռեւս մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներում: Հնագետը նշեց գանձահենների մասին, որոնք ավերում են պատմական հուշարձանները: Նրանք հատկապես ակտիվ են Արմավիրի մարզում: Եվ երբ հնագետները վերգետնյա հետազոտությամբ պարզել են, որ Աղավնատան մերձակայքում դամբարան կա, հույս չեն ունեցել, որ այն բացելուց հետո ամբողջական կգտնեն: Բարեբախտաբար, հնագետների մտավախությունն այս անգամ չի արդարացվել. գանձահենների ձեռքն այս դամբարանին չի հասել: Ուրարտական շրջանի առաջնորդներից մեկի դամբարանն իր ողջ «պարունակությամբ» պահպանված է եղել: «Մի կողմից գանձահեններն են ոչնչացնում մեր բազմադարյա մշակույթը, մյուս կողմից` պետության բարձիթողի վերաբերմունքը: Նախնադարյան շրջանի դամբարանադաշտերով ծածկված Ղռեր կոչվող տարածքները (Արմավիրի մարզ) սեփականաշնորհում են ու մելիորացնում: Սեփականացրած այդ հողերն իրենց շերտերում են թողնում հազարամյակների պատմությունը, որն այդպես էլ մնալու է չբացահայտված»,- ասում է Լեւոն Պետրոսյանը:

Իսկ հնագետ Ֆիրդուս Մուրադյանը, ում բողոքը ոչ թե հողերը մասնավորեցնելու եւ այգիներ հիմնելու դեմ է, այլ դրանք անօրինական ճանապարհով ձեռք բերելու, ասաց. «Կադաստրը գաղափար չունի պատմամշակութային արժեքների մասին. աջ ու ձախ սեփականաշնորհում է դեռեւս չուսումնասիրված հնագիտական արժեքները: Այդ հողերի սեփականաշնորհումը պետք է արվի ոչ թե կադաստրի ու սեփականատիրոջ փոխհամաձայնությամբ ու օրենքը շրջանցելով, այլեւ` Հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությամբ, դա է պահանջում ՀՀ Հողային օրենսգիրքը»: Չընդունելով իրենց հասցեագրված մեղադրանքը` կադաստրի Էջմիածնի տարածքի ղեկավար Շիրազ Հարությունյանն իր հերթին մեղադրանքի սլաքն ուղղեց Հուշարձանների պահպանության գործակալությանը. «Որտեղի՞ց են սկսվում եւ որտե՞ղ վերջանում այն սահմանները, որոնց տակ չբացահայտված պատմություն կա»,- հարցրեց Շ. Հարությունյանը: Ստեղծված իրավիճակի համար նա Հուշարձանների պահպանության գործակալությանը մեղադրեց երկու կարեւոր հարցում. առաջին` այդ կազմակերպությունը դեռեւս պետականորեն չի վավերացրել իր իրավունքներն այդ տարածքների նկատմամբ` ձեռք չի բերել սեփականության վկայականներ, եւ երկրորդ` նրանց լռությունը կառավարության 2003 եւ 2005 թվականների տարբեր ժամանակահատվածներում ընդունած որոշումների դեմ, որոնցով այդ հողերը հանձնվել են համայնքներին:

«Համայնքների ղեկավարներն էլ դրանք վաճառեցին: Ի՞նչը պիտի ետ պահեր նրանց այդ քայլից»,- ասաց կադաստրի պետը: Ըստ նրա` այն տարածքները, որոնք քարտեզի վրա երեւում են որպես դամբարանադաշտեր, չեն սեփականաշնորհվել, այլ մնացել են որպես հուշարձաններ: Իսկ այն հողերը, որոնք ոչ մի տեղ ամրագրված չեն որպես մշակութային արժեքներ պարփակող, վաճառվել են:

Հնագետներն անընդունելի են համարում հատկապես Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ: «Երբ մի երկրի մշակույթի նախարար չի հասկանում` ինչ բան է հազարամյակների մշակույթը, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել»,- բողոքեց հնագետ Ֆիրդուս Մուրադյանը: Նրա եւ իր գործընկերների զայրույթի թեման Ծաղկալանջի դամբարանադաշտն է, որն ունի 170 հա պահպանողական գոտի` հաստատված 1993թ.: Ըստ Մուրադյանի` այդ տարածքների 90 տոկոսը որոշ մեծահարուստներինն է, իսկ մնացած 10 տոկոսը, որ չի մասնավորեցվել, ժայռոտ բլրի վրա է ու շերտերում էլ պատմություն չկա:

Ծաղկալանջի` որպես պատմականորեն արժեքավոր վայրի նկատմամբ նախարար Պողոսյանի անտարբերությունն էլ հենց զայրացրել է հայ երկրաբաններին: «Մեկ տարուց ավելի է` նախարարն այդ փաստաթղթերը հրաժարվում է ներկայացնել կառավարություն, մերժումն էլ որեւէ կերպ չի հիմնավորում»,- ասաց Ֆ. Մուրադյանը:

Վերջինիս փոխանցմամբ` դամբարանադաշտեր ու ամրոցներ կան նաեւ Մեծամորից մինչեւ Լեռնամերձ ընկած տարածքում:

«Այդ հողերն ամբողջությամբ մասնավորեցված են, տերերն էլ պետական պաշտոնյաներ են ու մեծահարուստներ»,- տեղեկացրեց հնագետը: Համաձայն նույն աղբյուրի` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին է պատկանում 300 հա-ը, որից 230-ն արդեն մելիորացվել է: 300 հա-ն էլ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանինն է: Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի սեփականությունը Արագած գյուղի հողերից է` 400 հա: Նույնքան տարածք էլ «Արցախ ալկոն» է գնել Աղավնատան մերձակայքում` ճիշտ դամբարանադաշտի վրա, վերջերս պեղված դամբարանի հարեւանությամբ:

«Չպեղված արժեքներն այլեւս այդ սեփականատերերինն են ու նրանցը կլինեն այնքան ժամանակ, մինչեւ պետությունն ինքը նորից հանդես գա որպես գնորդ: Իսկ դա լինելու բան չէ, որովհետեւ նախ` մասնավորն ինքն աստղաբաշխական թվեր կպահանջի, ինչը պետությանը ձեռք չի տա, եւ հետո` վերջինս, եթե վերաբերմունք ունենար պատմամշակութային արժեքների նկատմամբ, այսօր դրանք չէր փոշիացնի»,- ասաց հնագետ Ֆիրդուս Մուրադյանը:

Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ

www.hetq.am