Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ Իրինան կանանց խումբ էր տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ թրաֆիկինգի տարբեր գործերում նրա անունը հաճախ էր անցնում: Ըստ մեղադրանքի` նրա հովանու ներքո 2001-2005 թթ. Դուբայում մի խումբ հայ աղջիկներ զբաղվել են պոռնկությամբ: Բացի այդ, նա պարբերաբար ծեծի միջոցով սեռական շահագործման է ենթարկել Հերմինե Զաքարյանին: Վերջինս դատարանում ցուցմունք տվեց, որ իրեն անընդհատ ծեծել է նաեւ Իրինայի ընկերը` Ենոքը: Սակայն Գլխավոր դատախազության կողմից դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունում Ենոքի մասին որեւէ հիշատակում չկա:
Գյումրեցի Հերմինեն 2006 թ. սեպտեմբերին ծանոթացել է Քնարիկ Ղանդիլյանի հետ: Վերջինս իմանալով, որ Հերմինեն ամուսնալուծված է, ունի 2 անչափահաս երեխա եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում, խոստացել է «մի բանով օգնել»: Երկու օր անց նա Հերմինեին տարել է Գայանե Մելքոնյանի տուն: Հերմինեին Գայանեն առաջարկել է մեկնել Դուբայ` իր ընկերուհի Իրինա Ենոքյանի մոտ մատուցող աշխատելու: «Ասաց` Իկուշի (Իրինա Ենոքյան) ընկերը ռեստորան եւ դիսկո ունի: Երկուսն էլ նույն շենքում են, եւ դրանցից որ մեկում էլ ուզես, կարող ես բարձր աշխատավարձով մատուցող աշխատել»,- հիշում է Հերմինեն: Խոսակցությանը ներկա է եղել նաեւ Լիա Բագարյանը, ով իր հերթին հավաստիացրել է, թե ժամանակին «Իկուշի օբյեկտում» մատուցող է եղել ու բավականին գումար վաստակել: Արաբական աշխարհի մասին աղջիկների պատկերավոր նկարագրություններից հետո Հերմինեն համաձայնել է մեկնել: Հենց հաջորդ օրը Երեւանից Գյումրի է եկել Նվեր Մ.-ն եւ Հերմինեին տեղափոխել իր բնակարան: Տանը եղել է նաեւ նրա կինը` Լուսիկ Թ.-ն: Պատկառելի տարիքով ամուսիններն իրենց հերթին Հերմինեին վստահեցրել են, որ ամեն ինչ լավ կլինի` միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց աղջիկը եւս աշխատում է Իկուշի մոտ եւ շատ գոհ է:
«Չգիտեմ` էդ մարդիկ գիտեի՞ն, թե իրենց աղջիկը Դուբայում ինչով է զբաղված: Կարող ա իրանց էլ էին խաբել»,- պարզաբանում է Հերմինեն:
Շուտով Ի. Ենոքյանը գումար է ուղարկել, եւ Նվերը Հերմինեին «Զվարթնոց» օդակայանից ուղիղ չվերթով ճանապարհել է Դուբայ: Այստեղ նրան դիմավորել է ոմն Հռիփսիմե եւ տարել Իրինայի վարձած բնակարան:
«Հասանք տուն թե չէ, Իկուշը եկավ, միանգամից պասպորտս վերցրեց ու հենց սկսեցինք գործից խոսել, վրաս ծիծաղեց, թե` աֆիցիանտկա-մաֆիցիանտկա չկա, կարո՞ղ ա եկել ես հորդ տուն հանգստանալու: Հենց վաղն իրիկունը գնալու ես դիսկո՝ մարմնավաճառություն անելու»,- պատմում է Հերմինեն եւ մանրամասնում, որ երբ հրաժարվել է ու խնդրել իրեն հետ ուղարկել, Իրինան սպառնացել է. «Զոռով էլ լինի, էդ գործն անելու ես, վրադ 5000 դոլար եմ ծախսել, մինչեւ էդ փողը հետ չբերես, Հայաստան գնալ չկա»:
Հերմինեի խոսքերով` իր հետ նույն տանն ապրել եւ Իրինայի ղեկավարությամբ մարմնավաճառությամբ են զբաղվել նաեւ 6 հայուհիներ: Նրանց բոլորին Իրինայի վարորդը` ոմն Մուստաֆա, ամեն օր երեկոյան տնից մեքենայով տարել է դիսկո, առավոտյան` գործն ավարտվելուց հետո, բերել տուն: «Որ ուզենայի էլ, չէի կարող փախչել: Ո՛չ քաղաք դուրս գալու հնարավորություն կար, ո՛չ էլ լեզու գիտեի: Նույնիսկ կլիենտի հետ գնի բազարն Իկուշի վստահելի աղջիկներն էին անում: Փողը վերցնում ու ինձ հետը ճամփում էին: Մի անգամ դիսկոյում մի հատ վրացի աղջկա ասացի` ուզում եմ փախչել: Սա մեր աղջիկներին էր խաբար տվել, սրանք էլ` Իկուշին: Իզուր տեղը ծեծ կերա»,- պատմում է Հերմինեն: Նա Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվել սեպտեմբերի 15-ից եւ, իր ասելով, արդեն ամսվա վերջում 5000 դոլար աշխատել է: «Անձամբ Իկուշն ասաց` Հերմինե ջան, էլ ինձ պարտք չունես, սրանից հետո ինչ կաշխատես, 50-50 կկիսվենք: Ասացի` չէ, գնում եմ տուն: Նորից սկսեց ծեծել. ծխախոտի կրակը հանգցնում էր վրաս, ռեմենի երկաթի մասով ոնց պատահեր խփում էր: Օրերով պառկել եմ. Ռիփոն (Հռիփսիմե) էր ինձ խնամում»,- հիշում է Հերմինեն եւ նշում, որ չնայած ծեծուջարդին` ինքն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ Իրինային չի ենթարկվել:
«Տեսավ` էլ վրես չի կարում, Ենոքին ասաց, ու արդեն սա էր ինձ ծեծում: Հաշվի չէր առնում, որ կին եմ: Մինչեւ հիմա թիկունքիս նրա հարվածների սպիները կան: Քթիս ոսկորը ճաքած է, գլխով է խփել: Նույնիսկ դանակով ոտքիս է խփել»,- պատմում է նա: Ի դեպ, դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ` չի բացառվել, որ մարմնական վնասվածքները Հերմինեն կարող է ստացած լինել իր կողմից նշված ժամկետներում:
«Ստիպված էլի գործի էի գնում,- շարունակում է Հերմինեն:- Աղջիկներից իմացել էի, որ երկու ամիսը մեկ Ոստիկանությունը մարմնավաճառների ռեյդ է անում: Աստված էի կանչում, որ ռեյդը սկսվեր: Վերջը բախտս բերեց. դեկտեմբերի 1-ին «Փոլիսը» հենց դիսկոյում ինձ բռնեց»:
Շուրջ երկամսյա բանտարկությունից հետո` 2007թ. հունվարին, նա արտաքսվել է Հայաստան: Այստեղ Հերմինեն իրավապահներին ամեն ինչ մանրամասն պատմել է: Շուտով ձերբակալվել են նրան Դուբայ ուղարկած 3 անձինք` Գ. Մելքոնյանը, Լ. Բագարյանը եւ Ք. Ղանդիլյանը: Նրանք այժմ իրենց պատիժն են կրում «Աբովյանի» կանանց գաղութում: Վերջին երկուսի համար վերջնական պատիժ է սահմանվել՝ 4, իսկ Գայանեի համար` 6 տարվա ազատազրկում:
«Սրանց գործից մի քանի ամիս անց` 2007թ. սեպտեմբերին, Գլխավոր դատախազության քննիչը (Ներսես Միսակյան. – Ա. Դ.) զանգեց, բա` Հերմինե ջան, Իկուշին բռնել ենք, վաղը կգաս Երեւան: Գնացի մոտը, տվածս ցուցմունքները հաստատեցի` մինչեւ վերջ շեշտելով, որ Ենոքն էլ է ինձ ծեծել: Երկու անգամ Իկուշի հետ առերեսում արեցին: Հարցրի` Ենոքից ի՞նչ կա, հետն առերեսում չեք անելո՞ւ: Պատասխանեց, թե` նախորդ գործը քննող Երեմյանը (Արիստակես Երեմյան. – Ա. Դ.) Ենոքին հարցաքննել է ու բաց թողել: Գնացի Երեմյանի մոտ, ասաց. «Հերմինե ջան, դու գրի, որ Ենոքի դեմ բողոք չունես, ես իրան հարցաքննել եմ, ինքը ոնց որ մեղավոր չի»: Բայց էս ամեն ինչը հարցականներով է գրվում, եթե պետք եղավ, առերեսում կանենք,- հիշում է Հերմինեն ու շարունակում,- հետո Երեմյանն ասաց` որ ցուցմունք տաս, մի հատ նորից կգաս մոտս: Գնացի, 3 հատ 5000 դրամանոց տվեց, բա` գիտեմ, որ երեխեքդ կոշիկ չունեն, դպրոց չեն գնում, մեղք են, սրանով կառնես, թող գնան: Ու ավելացրեց` հանկարծ ուրիշ բան չմտածես, հա… Էս ուղղակի մտքովս անցավ, տալիս եմ»:
Այս ամենը գրեթե նույնությամբ Հերմինեն պատմեց նաեւ հոկտեմբերի 25-ի դատական նիստի ընթացքում: Այդ պահին մեղադրող Աշոտ Նադոյանը դահլիճում չէր եւ, երբ վերադարձավ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի խնդրանքով Հերմինեն կրկնեց խոսքերը:
«Անընդհատ զանգել քննիչին հարցրել եմ` ե՞րբ պետք է գամ Ենոքի հետ առերեսման: Բա` համբերիր: Էսօր-էգուց ասելով` գործը մտցրին դատարան: Թե հիմա Երեմյանն ինձ 15 հազար դրամով առավ, թե Ենոքից լավ գումար վերցրեց, ինձ խաբեց, չգիտեմ: Ամեն ինչ բարդեցին Իկուշի վրա, բայց Ենոքն էլ է ինձ վնաս հասցրել, չէ՞: Ինչի՞ պիտի կին արմատը նստի, իսկ ինքը քաղաքում ազատ ֆռֆռա»,- մեզ հետ զրույցում հարցնում է Հերմինեն եւ ավելացնում, որ Գլխավոր դատախազության քննիչ Արիստակես Երեմյանից անպայման փորձելու է ստանալ այս հարցերի պատասխանը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքելու է նրա վերադասին:
Մյուս դատական նիստին` նոյեմբերի 14-ին, հարցաքննվեցին Ի. Ենոքյանի ղեկավարությամբ Դուբայում մարմնավաճառությամբ զբաղված Մանեն (անունը փոխված է) եւ որպես վկա` նաեւ նրա քույրը: Քանի որ մյուս տուժողները դատարանի պահանջով չէին ներկայացել, հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ նրանց մեծամասնությունը Իրինայի մոտից փախել է:
Գլխավոր դատախազության քննիչներ Արիստակես Երեմյանի եւ Ներսես Միսակյանի ջանքերով Իրինայի գործընկեր եւ ամուսին Ենոք Ենոքյանի անունը գործի շրջանակներից դուրս մնաց: Իսկ Իրինայի արարքները որակվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 132 (խաբեությամբ սեռական շահագործման ենթարկելը) եւ 262 (պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը) հոդվածներով:
Նախաքննության ընթացքում «Իկուշն» իրեն մեղավոր էր ճանաչել մասնակի, բայց ցուցմունքներ տալուց հրաժարվել էր` առանց հիմնավոր պատճառաբանության:
Նոյեմբերի 23-ի դատական նիստին, սակայն, Իրինա Ենոքյանը ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց:
«Ուղղակի հիվանդ եմ. ձայնս կտրված է: Խնդրում եմ մի երկու օր ժամանակ տվեք»,- ասաց նա:
Նշենք նաեւ, որ նույն նիստի ժամանակ տուժող Հ. Զաքարյանը դատարանից պահանջեց, որպեսզի հօգուտ իրեն «Իկուշից» բռնագանձվի 340 հազար դրամ: Ըստ նրա հաշվարկների` իրեն սեռական շահագործման ենթարկելու 4 ամիսների համար պետք է բռնագանձել 140 հազար դրամ (յուրաքանչյուր ամսվա համար միջին աշխատավարձի չափով` 35 հազար դրամ): Իսկ մնացած մասը տուժողը պահանջում էր իր քայքայված առողջությունը վերականգնելու համար, որը «հետեւանք է ծեծի ու սեռական շահագործման»: Հերմինեն այժմ բուժվում է թոքախտի դեմ:
Հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 27-ին, Ի. Ենոքյանը մտափոխվել էր: Նա դարձյալ հրաժարվեց ցուցմունքներ տալուց: Իսկ վերջին խոսքի հնարավորությունն օգտագործելով` միայն ասաց. «Խնդրում եմ մեղմ մոտենալ»:
«Իկուշի» փաստաբան Գայանե Գալոյանի խոսքերով` իր պաշտպանյալին 132 հոդվածով մեղադրելն անհիմն է, քանի որ, նախ` Հերմինեին ոչ ոք խաբեությամբ Դուբայ չի տեղափոխել, եւ նա շատ լավ իմացել է, թե ուր է գնում եւ ինչի համար, հետո` Իրինան նրան երբեւէ չի ծեծել:
«Նայեք ամբաստանյալի կառուցվածքին: Հազիվ թե նա կարողանար որեւէ մեկին ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ»,- եզրակացրեց պաշտպանը:
Գ. Գալոյանը դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել նաեւ այն, որ Իրինան ամուսնալուծված է, ունի մանկահասակ երեխա, որը ծնվել է անհաս եւ առ այսօր գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Երեխան մոր կարիքն ունի, նրան խնամող չկա: Իսկ հորից (երեխայի հայրը Ենոքն է. – Ա. Դ.) տեղեկություն չկա,- ասաց փաստաբանը:
– Բացի դրանից, Իրինան նույնպես հիվանդ է. տառապում է թոքախտով»:
Դատարանն Ի. Ենոքյանին երկու հոդվածներով էլ ճանաչեց մեղավոր եւ դատապարտեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով: Տուժող Հ. Զաքարյանի 340 հազար դրամի քաղաքացիական հայցը մերժվեց:
Ենոքին մոռացավ նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, թեեւ նախորդ նիստերից մեկի ժամանակ նա տուժողին հարցաքննելիս հետաքրքրված եւ զարմացած էր, որ Ենոքի անունը մեղադրական եզրակացությունից մնացել է դուրս: Այս անունը չհայտնվեց նաեւ դատավճռում, հիմա էլ` դատավորի թեթեւ ձեռամբ: Նրան նույնպես «ստիպել են մոռանալ» այդ անունը:
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am