– Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։
– Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության եւ պատմական այս պահի ընձեռած հնարավորությունները։ Մասնավորապես դրա ապացույցն են մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ մի համեմատության մեջ չեն մտնում որեւէ այլ շրջանի հետ։ Դրանք ամեն անգամ թվարկելն անիմաստ է։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ առանձին ոլորտներում մեկ տարում այնքան գործ է կատարվում, որ որոշ դեպքերում փաստացի գերազանցում է անցած տասը-տասնհինգ տարիների կատարվածը։
Ճիշտ է, առաջին հերթին զարգացումները երեւում են Երեւանում, քանի որ հասարակության ներդրումային հետաքրքրություններն առայժմ ուղղված են առավելապես մայրաքաղաքի վրա։ Սակայն մայրաքաղաքի զարգացումը երկրի զարգացման ուղղակի, փոխկապակցված ցուցանիշն է։ Պետությունը հստակ ծրագրեր է իրագործում այդ զարգացումը տարածելու բոլոր գոտիներում, եւ դա օրեցօր իրականություն է դառնում մասնավորապես այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպես ճանապարհաշինությունը, ոռոգման, գազիֆիկացման, կապի եւ կենցաղային զարգացման համակարգերը։ Կտրուկ փոփոխությունները, մանավանդ վերջին շրջանի, երբ տնտեսությունը մտավ կայուն զարգացման փուլ, անտեսելն ուղղակի անհնար է ցանկացած սթափ մոտեցման դեպքում։ Նույնպիսին են նաեւ տեսանելի ապագայի հեռանկարները։
– Ընտրություններին մասնակցող գործիչների կողմից ավելի գայթակղիչ ծրագրեր չե՞ն առաջադրվում։
– Գայթակղիչ ծրագրեր շատ կարող են լինել, բայց, համոզված եմ՝ ամենաիրատեսականը Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի ներկայացրած ծրագրերն են, որոնք կառուցված են հիմնավորված հաշվարկների վրա։ Դրանք երկրի ձեռքբերումների ու արդարացված ռազմավարության տրամաբանական շարունակությունը եւ զարգացումն են։ Ընդ որում, այնտեղ նաեւ բազմաթիվ իսկապես ուշագրավ հեռանարներ են առկա, որ կարող են իրականացվել միայն հետեւողական, լարված եւ կազմակերպված աշխատանքի դեպքում, եւ որոնց իրագործման համար արժե ներդնել բոլոր հնարավորությունները, փորձառությունն ու եռանդը։
– Ո՞րն է գաղտնիքը, երբ երկար տարիներ որոշ շինարարական խոշոր ծրագրեր չէր հաջողվում իրականացնել, եւ դրանք կատարվեցին հենց այս շրջանում։
– Դա երկրի ընդհանուր վիճակի արտացոլումն է։ Ասեմ «գաղտնիքները». օպտիմալ զարգացման ծրագրի իրականացումը, ձեռներեցության ապահովումը եւ գործարարության խթանումը։ Մնացածը մեր ժողովրդի ստեղծագործ աշխատանքի դրսեւորումն է։ Այստեղ մեծ դեր ունի նաեւ արտաքին հավասարակշիռ քաղաքականության ապահովումը։
– Ձեր կարծիքով՝ ընտրական գործընթացներն ինչպե՞ս են ազդում տնտեսության եւ հասարակության գործունեության վրա։
– Բոլոր երկրներում ընտրությունները որոշակի լարվածություն են մտցնում առօրյայում, մի տեսակ արագանում է արյան շրջանառությունը հասարակական օրգանիզմում։ Սակայն կայացած հասարակություններում դրանք, որպես կանոն, երկրի ընդհանուր կյանքի եւ տնտեսության վրա նկատելի բացասական ազդեցություն, կանգ կամ ճգնաժամեր չեն առաջացնում, ընդհակառակը, խթանում են զարգացումը։ Այսօր այդպիսին է վիճակը Հայաստանում՝ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ գործարար միջավայրում, առավել եւս՝ պետական ծրագրերի իրագործման խնդրում որեւէ ճգնաժամային երեւույթ չի արձանագրված։
Զարգացումների ընթացքը կայուն է, եւ անհրաժեշտ է, որ շարունակական լինի։ Մինչդեռ կուրսի փոփոխությունը կարող է բերել ճգնաժամային իրավիճակների, որոնք ամենեւին ժողովրդի եւ երկրի օգտին չեն ծառայի։
– Խորհրդարանական ընտրություններում ձայների գերակշիռ մասը հավաքած Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախագահական թեկնածուն հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները, ելնելով աշխատանքի Ձեր փորձից։
– Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը երկրի մի երկար շրջանի օրինաչափ զարգացումների արդյունքն է։ Նա երբեք իրադարձություններից առաջ չի ընկել, ոչ մեկին չի խանգարել, այլ պետականաշինության ասպարեզում հետեւողական աշխատանքով բարձրացել է աստիճան առ աստիճան։ Նրա թեկնածության առաջադրումը ոչ թե մեր պետության զարգացման շեղումների, այլ օրինաչափությունների արդյունքն է։ Ձեր նշած իշխող կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում ապացուցեցին, որ գերակշիռ դեր ունեն երկրի քաղաքական կյանքում եւ իրավունք ունեն ընտրություն կատարելու երկրի զարգացումներում, ինչպես նաեւ՝ ունենալու նախագահության իրենց թեկնածուն։ Այդ ընտրությունը հիմնավորվում է նաեւ նշված կուսակցությունների ազդեցիկությամբ հասարակության մեջ։ Ինչը եւ, գումարվելով նախագահության թեկնածուի անձնական մեծ վաստակին, կարող է պայմանավորել ընտրությունների օբյեկտիվ արդյունքները։
– Կարո՞ղ եք այդ վաստակի օրինակներ բերել Ձեր համատեղ գործունեության բնագավառից։
– Որպես վարչապետ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարուց էլ պակաս ժամանակաշրջանում նկատվեց աշխատանքների կազմակերպվածության եւ արդյունավետության էական աճ, բարձրացել է գործադիր իշխանության օղակների համակցումը՝ շնորհիվ բոլոր գործընթացներին վարչապետի ուղղակի մասնակցության եւ առաջադրված հարցերին անհապաղ արձագանքման։ Կոնկրետ Երեւանի օրինակով դժվար չէ նկատել, որ նույնիսկ աշխատանքների առանց այն էլ բարձր ինտենսիվության պայմաններում գործի դրվեցին միանգամայն նոր ծրագրեր, որոնք մինչ այդ նախատեսված չէին եւ օրակարգային դարձան վարչապետի նախաձեռնությամբ, նկատի առնելով դրանց սոցիալական եւ բարոյական անհետաձգելի անհրաժեշտությունը։ Օրինակ՝ մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման աննախադեպ ծրագրի հաստատումը եւ ապահովումը, որպիսին չէր եղել ընդհանրապես Երեւանում վերելակների գործունեության ողջ ընթացքում։ Նույնպես եւ Երեւանի մետրոպոլիտենի հիմնանորոգման աշխատանքների ձեռնարկումը՝ առաջին անգամ՝ իր ստեղծումից ի վեր։ Վարչապետի մոտեցումը հստակ է նաեւ բնակչության կենսական շահերին առնչվող այնպիսի կարեւորագույն խնդիրներին, ինչպիսիք են տասնամյակներով անտեսված սեփականության իրավունքների վերականգնումը եւ ձեւակերպումը։ Դրանք պետք է լուծում ստանան, գործընթացն արդեն սկսված է:
Որպես վարչապետ՝ աշխատանքի կարճ ժամանակամիջոցում Սերժ Սարգսյանն իրեն դրսեւորեց՝ որպես բարյացակամ, կառուցողական նպատակներ ունեցող, մեծ աշխատանքային եւ մասնագիտական կարողությունների տեր պետական գործիչ, մտահոգ՝ հասարակության խնդիրներով, եւ ի վիճակի՝ ցանկացած դրության մեջ ամենանպատակահարմար եւ հրատապ լուծումները տարբերակելու եւ դրանց ընթացք տալու։
– Իսկ ինչպիսի՞ն կլինի ժողովրդի դիրքորոշումն այս ընտրություններում։
– Քաղաքական որոշման առումով ժողովուրդն իր ձայնն արդեն տվել է այն կուսակցություններին, որոնց ընտրած թեկնածուն է Սերժ Սարգսյանը։ Անձնական կտրվածքում մեր քաղաքացիների մեծամասնությունը ձգտում է ունենալ փորձված, կանխատեսելի, ուժեղ բնավորությամբ եւ ազդեցիկ ղեկավար, ում կերպարում նա փնտրում է հենարան եւ հովանավորություն։ Այսօր Սերժ Սարգսյանն առավելագույնս համապատասխանում է այդ ձգտումներին, նա երկրի կայունության եւ հետագա զարգացման գաղափարի կրողն է։
– Իսկ դժգոհությունները մի՞թե մեծ դերակատարում չեն ունենա ընտրություններում։
– Դժգոհություններ, իհարկե, դեռ շատ կան, բայց բացասական դիրքորոշման, հիմնովին մերժման չափը հասարակության մեջ էականորեն նվազել է։ Աղքատության, գործազրկության կրճատումը, սոցիալական զարգացումը նույնպես իր ազդեցությունն է թողնում ավելի բարյացակամ մթնոլորտ ստեղծելու գործում։ Սրանք ռեալ հանգամանքներ են, որոնց հետ պետք է հաշվի նստել ընտրությունների գնալիս։ Այլապես՝ հաշվարկները կիսատ, միակողմանի կլինեն եւ, որպես հետեւանք՝ չեն արդարանա։
Ոչ էլ ատելության տեղիք պետք է տա այն, որ մենք միավորված ենք եւ պաշտպանում ենք մեր թեկնածուին։ Համոզված եմ, ընտրություններում այս տարի թերությունները ամենաքիչն են լինելու, լինելու են ամենաարդար ընտրությունները։ Ե՛վ փորձառությունը, եւ՛ վերահսկման տեխնիկական միջոցները, եւ՛ միջազգային հանրության ուշադրությունը, եւ՛ մեր հասարակության գիտակցությունը գնալով բարձրանում են, այլապես պատմության զարգացումն անիմաստ կլիներ։
Այսօր գոյություն ունեցող նույնիսկ ամբողջ ընդդիմադիր էլեկտորատն ընդգրկելու դեպքում Հայաստանում հնարավոր չէ գերակայել կայունության, կառուցողական միտումներին։ Ժողովուրդն այսօր գերադասում է համաչափ, երաշխավորված զարգացումը եւ, համոզված եմ, այդ ելակետից էլ կատարելու է իր ընտրությունը։
– Երեւանի հեռանկարները։
– Այս մասին կարելի է շատ երկար խոսել։ Կանգ առնենք միայն այս տարի ավարտվող ծրագրերի վրա։
Մենք ավարտուն կունենանք Սարալանջի արագընթաց ճանապարհը, որը կձգվի Հերացու փողոցից, Աբովյան պուրակից մինչեւ Դավիթաշենի կամուրջ, բեռնաթափելով Կենտրոնի, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը։ Շահագործման կհանձնվեն Երեւանի մի քանի խոշոր բուհերին հարակից եւ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ կառուցվող երթեւեկության խոշոր հանգույցները։ Վերջնական ավարտին կհասցվեն քաղաքի լուսավորության եւ ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքները։ Կկառուցվի Գլխավոր պողոտան, «Հին Երեւան» թաղամասը։ 2008-ին էականորեն կփոխվի Երեւանի տեսքը՝ շնորհիվ ավարտին հասցված եւ ամբողջացված ծրագրերի։ Արագորեն առաջ է գնում Երեւանի հին բնակարանային ֆոնդի թարմացման գործընթացը, ներգրավելով եւ՛ մասնավոր, եւ՛ պետական աճող հնարավորությունները, ընդհանրապես ամբողջանում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը, տեղափոխվելով նաեւ մյուս համայնքներ: Այս տարի հիմնականում կավարտվի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների տեղավորումը պետական միջոցներով կառուցվող նոր բնակարաններում։
Տասը տարուց ավելի տեւած ընդմիջումից հետո մենք կրկին հնարավորություն ենք ստանում կառուցելու մետրոյի նոր կայարաններ։ Սա խիստ ծախսատար աշխատանք է, սակայն նկատի ունենալով երկրի այսօրվա աճած հնարավորությունները, իրական հիմքեր կան, որ առաջիկա տարիներին կկառուցվի դեպի Աջափնյակ տանող գիծը։ Լուրջ քննարկումներ են գնում Կոմիտասի փողոցի ուղղությամբ ձգվող եւս երկու կայարանների շինարարության հեռանկարի մասին։
– Որո՞նք են Երեւանի զարգացման կնճռոտ խնդիրները։
– Հաղորդակցությունների խնդիրը, նոր ճանապարհների եւ հանգույցների շինարարության ուղղությամբ կատարվող մեծ ներդրումների արդյունքում, այժմ եւ առաջիկայում զգալիորեն կբարելավվի, կպակասեն խցանումների աղբյուրները, եւ կբարձրանա երթեւեկության արագությունը։ Սակայն այս գործընթացը պահանջելու է շարունակական զարգացում։
Ի վերջո, տեղաշարժ է ապահովվել հասարակական տրանսպորտի կազմակերպման գործում։ Ձեռք բերված քաղաքային ավտոբուսները սկսում են հավասարակշռել միկրոավտոբուսներին։ Այս գործընթացը վերջին երեք տարում զգալի միջոցների ներդրում պահանջեց, արդյունքում՝ վերջնական լուծումներն արդեն գծագրվում են։
Անհանգստացնող է աղբահանության հարցը։ Թեպետ համայնքների կողմից լուրջ աշխատանք է տարվում այս ոլորտում, եւ վերջին տարիներին զգալի ներդրումներ կատարվեցին, սակայն դեռեւս խնդիրներ ունենք քաղաքի մաքրության ապահովման հարցում։ 2008 թվականին կստորագրվի նաեւ աղբի վերամշակման գործարանի կառուցման պայմանագիրը։
Երեւանում չկա ոլորտ, որ ամբողջովին ուշադրությունից դուրս մնացած լինի, պարզապես քաղաքային կյանքի որոշ ասպարեզներ քրոնիկ կերպով խնդրահարույց են մեր ժամանակների համար։ Օրինակ, աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ծայրահեղ լարված է տրանսպորտի հարցը, եւ շատ տեղերում արդեն ձեռնարկվում են արտակարգ միջոցներ, ինչպես՝ քաղաքի կենտրոն մուտքի սահմանափակումը, առանձին օրերին մեքենաների մի մասի շահագործման արգելումը եւ այլն։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մեզ մոտ ծայրահեղ լուծումներից առաջիկայում եւս կարողանալու ենք խուսափել, սակայն մայրաքաղաքում կարգուկանոնի պահպանումը բոլորիս խնդիրն է։
Այսօր մեր պայմանները թույլ են տալիս շատ կառուցել եւ արագ զարգանալ, մեր կենցաղը, քաղաքային կյանքի կազմակերպումը բերել ժամանակակից մակարդակի՝ դա այսօրվա հրամայականն է։