Նկարած թիթեռը ներկելու ժամանակը

08/02/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական բանկը միշտ էլ ձեւացնում է, թե չի նկատում իր ոլորտին վերաբերող հոդվածները: Եվ վերջապես՝ բանկային թեման միշտ էլ պակաս հրապուրիչ է ընթերցողի համար: Հոդվածին արձագանքողները հիմնականում մանր բիզնեսով զբաղվողներ էին ու հաշվապահներ: Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը: HSBC բանկը իր հաճախորդներից պահանջում է, որ նրանք իրենց աշխատավարձային հաշիվների վրա ունենան առնվազն 100 հազար դրամ մնացորդային գումար: Եթե եռամսյակի ընթացքում հաշվի վրա միջին օրական մնացորդը 100 հազար դրամից պակաս է, բանկը հաճախորդից գանձում է 6 հազար դրամ: Տույժ կամ տուգանք գանձելու այս ձեւը հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին: Օրենքը ֆինանսական կառույցներին ու տնտեսավարողներին արգելում է դրամական միջոցներն անտոկոս ներգրավել: Մինչդեռ բանկի առաջարկած պայմանը կարելի է ընկալել՝ որպես իրեն անտոկոս 100 հազար դրամ վարկ տալու պահանջ: Մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 902 հոդվածի 1-ին կետը պահանջում է «տոկոսներ վճարել դրանից»: Գործարարների ու ֆինանսիստ-հաշվապահների արձագանքից պարզ դարձավ՝ այս բանկը միակը չէ: Նման պահանջ իրենց հաճախորդների առջեւ դնում են Հայաստանում գործող շատ բանկեր: Ցանկացած հաշիվ բացելու համար բանկերը պահանջում են անձեռնմխելի գումար ունենալ հաշվի վրա: Որպես կանոն՝ մյուս բանկերի սահմանած պարտադիր մնացորդը երկու եւ ավելի անգամ փոքր է HSBC-ի սահմանած թվից:

Պահանջվող 10-15 հազար գումարը մեծ թիվ չէ: Գործարարներն ու իրավաբանական անձինք լուրջ վնաս չեն կրում այդչափ սառեցված գումար ունենալու պարտադրանքից: Պարզապես այդ պայմանը հակասում է գործող օրենսդրությանը: Այն հստակ պնդում է, որ որպես պարտադիր մնացորդ սահմանվող գումարի դիմաց, միեւնույն է, գումարի տիրոջը պետք է տոկոսավճար սահմանել: Իհարկե, բանկերը կարող են հակադարձել, որ պարտադիր պահուստ հայտարարվող գումարն ամենեւին էլ ավանդ չէ: Բայց սա պատասխան չէ: Որովհետեւ Քաղաքացիական օրենսգիրքն արգելում է ցանկացած անտոկոս ֆինանսական փոխառություն: Օրենքի տրամաբանությունը պարզ է: Օրենսդիրը փորձել է հնարավորինս փակել ֆինանսական միջոցների ստվերային շրջանառությունը: Ցանկացած տնտեսավարող ու ֆինանսական կառույց ցանկացած աղբյուրից դրամ ներգրավելուց հետո ստիպված պիտի տնտեսավարման արդյունքում հարկեր մուծեր: Փոխարենը՝ հիմա բավական ուրախ պատկեր է ստացվում: Որովհետեւ կարելի է ազատվել հարկ մուծելու մեկ օղակից: 10 հազար դրամը մեկ հաճախորդի համար մեծ փող չէ: Բայց պատկերացրեք՝ 100 հաճախորդ ունենալու պարագային բանկն արդեն տնօրինում է 10 մլն դրամ: Պարտք, որի դիմաց ոչ մի լումա վճարել պետք չէ:

Այն կարելի է պտտել ըստ բանկիրի գործարար երեւակայության: Ու ուրիշի փողով փող աշխատել՝ այդ ուրիշին ոչինչ չտալով: Գուցե նման հնարքների պատճառով են բոլոր ժամանակներում բանկիրները բացասական ընկալվում հասարակության կողմից: Ասենք, որ որոշ բանկեր պարտադիր մնացորդի իրենց պահանջին կից պարտավորություն էլ են ստանձնում: Նրանք այդօրինակ ավանդի դիմաց սովորական ավանդներից մի քանի անգամ պակաս տոկոսադրույք են սահմանում (ասենք` 0,6 տոկոս): Դրանով օրենքի տառը պահպանվում է` «պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից»: Մի բան, որից խուսափում են մյուսները: Առանձին փորձագետներ պնդում են, որ խոսքը բավական լուրջ գումարների մասին է: Մեր բանկային ղեկավարությունն իհարկե կարող է պնդել, որ փողի անտոկոս ներգրավումը չի նկատում, որպեսզի բանկերի համար ոտքի կանգնելու հնարավորություն ստեղծվի: Սակայն դրանով կվիրավորենք հենց իրենց: Նրանք սիրում են պնդել, որ մեր բանկային համակարգը մեր տնտեսության ամենակատարյալ մասն է: Փայլփլուն ու առողջ: Ու հեչ կարեւոր չէ, թե ում հաշվին: Հատկապես, որ տնտեսավարողներն առանց այդ կատարյալ բանկերի յոլա գնալ չեն կարողանա: