Կրկին փորձիր

13/05/2005

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին բացառել է 2008-ի նախագահական
ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը, բայց դռները բաց է
թողել, որպեսզի փորձի նախագահ դառնալ չորս տարի անց, այսինքն՝ 2012
թվականին։ Սա բուռն քննարկումների առիթ է դարձել, եւ շատերը կարծում են,
որ Պուտինն ուզում է պահել իր իշխանությունը։

– Ես չեմ փոխի հիմնական օրենքը, բայց սահմանադրությունն արգելում է ընտրվել անընդմեջ երեք անգամ,- ասել է նա։

Քաղաքական վերլուծաբանները կասկածում են, թե Պուտինի կողմնակիցները
փորձելու են իրենց ձեռքում պահել երկրի վերահսկողությունը այն բանից հետո,
երբ կավարտվի գործող նախագահի երկրորդ ժամկետը։

Ռուսական վերնախավի հարցերով մասնագիտացած քաղաքական վերլուծաբան Օլգա
Կրիշտանովսկայան ենթադրում է, որ Կրեմլը կփորձի Պուտինին ղեկի մոտ թողնել
որպես վարչապետ՝ անգամ ուղղումներ չմտցնելով սահմանադրության մեջ։
«Պուտինի օրոք իշխանություն ունեցող կլանը պետք է ավարտի ակտիվների
վերաբաժանումը եւ անվտանգ դարձնի ձեռքբերումները»,- ասում է
Կրիշտանովսկայան։ Նա գտնում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում
տնտեսության մեջ պետության դերի մեծացման հետ ձեւավորվել է ապահովված
ֆունկցիոներների նոր խավ։ ՅՈՒԿՈՍ-ի կործանումն ու մասնակի
վերաազգայնացումը մեծ եկամուտ է բերել Կրեմլի մարդկանց։

Ազատական քաղաքական գործիչ Իրինա Խակամադան, ով 2004 թվականին մրցում էր
Պուտինի հետ, ասում է, թե ռուսական քաղաքական վերնախավը գնալով ավելի ու
ավելի է անհանգստանում 2008-ի ընտրությունների համար, իսկ մասնատված
ընդդիմությունը հավաքում է իր ուժերը, որպեսզի համոզիչ հակոտնյա լինի
ընտրություններում։ «Հիմա Կրեմլում բազմաթիվ տարբերակներ են քննարկվում,
թե ինչպես պահպանել իշխանությունն ու տարբեր ձեւերով ձեռք բերված
ունեցվածքը»,- ասվում է Խակամադայի ինտերնետային էջում տեղադրված
հայտարարության մեջ։

Պուտինը կփորձի փոխանցել նախագահի պաշտոնը հավատարիմ օգնականներից մեկին
եւ կպահպանի իր քաղաքական կապիտալը՝ չորս տարով դառնալով վարչապետ։
Այսպիսով, պահպանելով վստահության վարկանիշն, ընդմիջումից հետո նա կրկին
կգա իշխանության։ Քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին գտնում է, որ Պուտինը
պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, բայց ուզում է, որ իր իմունիտետը
երաշխավորված լինի։