Մանդատները բաժանեցին անբաններին
«Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ներվերն էլ չի խնայում: Մեր պաշտոնյաներից ամենաշատը հարգում եմ Արշակ Սադոյանին ու Գեղամյանին, որովհետեւ էդ մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Ափսոս, որ Սադոյանը հիմա քիչ ա երեւում, թե չէ` սաղի հախից մի հատ լավ կգար: Սրանք տարիներ շարունակ քնում են, ու հենց ընտրության օրը գալիս ա` մեկ էլ հայտարարում են, որ էս երկրի համար լուրջ առաքելություն ունեն: Դուք փորձի համար բոլոր թեկնածուների ծրագիրն աչքի տակով անցկացրեք ու կտեսնեք, որ բոլորի ծրագիրն էլ նույնն են, դաժե կարելի ա ասել, որ էսքան թեկնածուների ծրագիրը մեկն ա գրել: Նույնն էլ պատգամավորական մանդատների հարցն ա, որ առատաձեռն բաժանեցին էն մարդկանց, ովքեր քաղաքական անբաններ են: Տասնյակ պատգամավորներ ամիսներով նիստերի չեն մասնակցում ու չգիտեն, թե ինչ պատասխանատվություն են կրում: Օրինակ` Գեղամյանը միշտ աշխատում ա, պրպտում ա, արարման ու հակաճգնաժամային ծրագիր ա գրում: Ճիշտ ա, դրանից մենք հըլը խեր չենք տեսել, բայց կույր էլ չենք, որ մտածենք, թե նա չի աշխատում: Համ էլ, Գեղամյանը Լեւոնի պես 10 տարի չկորավ գիրք գրելու համար, մարդը համ ակտիվ մասնակցում էր քաղաքական գործընթացներին, համ էլ հասցնում էր գիրք գրել»,- ասում է Սարգիսը` ավելացնելով, որ երկրի ղեկավարը պետք է աշխատասեր լինի, այլապես Հայաստանին հավերժ պետք կլինի մի Արտաշես Գեղամյան, որը հավերժ հակաճգնաժամային ծրագիր կգրի:
«Տեր-Պետրոսյանը շրջադարձ կկատարի»
Վարորդ Կարենը միանշանակ ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա ասում է. «Ուզում եմ, որ էս գողերի վերջը տան, իսկ դա մենակ Լեւոնը կարա անի: Իմ տարիքի տղաներից բոլորն էլ գիտեն, որ անմեղ տեղը կարան գան նենց կպնեն, որ դու էլ չիմանաս, թե ոնց վրեդ գործ սարքեցին: Եթե փորձես մեկին մի թարս աչքով նայես` կարող ա տուն չհասնես: Բոլորն ասում են` օրենքի երկիր, արդարություն, բայց դուք գնացեք ցանկացած պետական հաստատություն ու փորձեք օրենքով ինչ-որ փաստաթուղթ ձեռք բերել, չի ստացվի: Բոլոր թեկնածուներն ասում են, որ վերացնելու են կոռուպցիան, բայց ո՞նց,- հարցնում է Կարենն ու ավելացնում,- Նույն Ս. Սարգսյանն ասում ա, որ կաշառակերությունը վերացնելու ա, բայց բոլորս էլ գիտենք, որ ամենակոռումպացվածը պետական համակարգն ա: Ճիշտ ա, մասնավորը պետությանն ա խաբում, պետությունն էլ` մեզ, բայց մեկ ա` արդյունքում տուժում ա հասարակ քաղաքացին: Պետությունը պիտի կարողանա մասնավոր սեկտորին ստիպի նորմալ հարկ վճարել, որպեսզի ստիպված չլինի իրա քաղաքացու կաշին ու ոսկորը թողնել: Պիտի հավասար մոտեցում ցուցաբերի, ոչ թե Սուքիասյաններին խեղդի, իսկ մյուսներին բարգավաճման հնարավորություն տա: Նենց որ, ես հույս ունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջադարձ կկատարի: Հայաստանում, եթե մարդն իրան մի քիչ պաշտպանված զգա` մարդիկ պետությունն էլ ամուր կդարձնեն: Եթե հայ մարդը վախկոտ ա, պետությունն էլ աշխարհի համար ա վախկոտ ու թույլիկ: Մեր ղեկավարներն ամեն օր հայտարարում են Հայաստանի առաջընթացի մասին, բայց էն ամենաաղքատ երկրների ցուցակից առաջ չենք շարժվում: Ընդհանրապես ժողովրդի մեջ, եթե նկատել եք, փոփոխություն ա եղել, մարդիկ թարմություն, նոր բան են ուզում, դրա համար էլ Լեւոնի հավաքներն էդքան մարդաշատ են: Մի բան հաստատ իմացեք, որ Լեւոնի ընտրազանգվածը էս երկրի իշխանություններին դեմ ա ու նրանց պաշտոնանկ ա անելու, ուղղակի Լեւոնը պիտի կարողանա գործն ավարտին հասցնել, չպետք ա թողնի, որ էս ոգեւորությունը մարդկանց մեջ մեռնի: Եթե հանկարծ էս անգամ էլ մեր հույսերը չարդարացան, ուրեմն` իմացեք, որ մարդկանց մեջքը լրիվ կոտրեցին»:
Էս ի՞նչ խաղեր են տալիս
Վարորդ Մանվելն ուզում է հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ուզում Արթուր Բաղդասարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միանալ. «Ո՞նց ա Տեր-Պետրոսյանն ուզում միանա մի մարդու հետ, որը էն գլխից համարվում է Ռոբերտ Քոչարյանի պրոտեժեն: Եթե իրանք հանկարծ միանան, իմ համար արդեն շատ բան պարզ կլինի, կիմանամ, որ Լեւոնն էլ ա Ռոբերտի պրոտեժեն, ու թող էլ մեր գլուխները չհարդուկի: Ախր, զարմանում եմ` սաղ աշխարհը գիտի, թե Արթուր Բաղդասարյանն ով ա, Լեւոնը չգիտի: Ես անձամբ չեմ հավատում, որ Լեւոնն էդքան բանը չգիտի: Ա. Բաղդասարյանը մեկ Սերժի մարդն էր, մեկ` Ռոբերտ Քոչարյանի: Նա անընդհատ էլ համարվել ա էդ երկուսի թիմի մարդը, հիմա էդ ո՞նց եղավ, որ դարձավ ընդդիմադիր: Ծիծաղս էլ ա գալիս: Ուզում ա հիմա էլ սենց մի պաշտոն ձեռք գցի, հա՞, պաշտոնի համն արդեն բերանն ա ընկել: Մեկը ես ու իմ ընտանիքը հաստատ Լեւոնին չենք ընտրի, եթե միացավ Արթուրին, ու, գիտե՞ք, լիքը իմ նման մտածող մարդիկ կան,- ասում է վարորդ Մանվելն ու ավելացնում,- Համ էդ Արթուր Բաղդասարյանի իշխանության եղած ժամանակներն ենք տեսել, համ Լ. Տեր-Պետրոսյանինը: Կուշտ ենք երկուսից էլ»:
Ախպեր, կուշտ ենք
«Ես ամեն ինչ տեսած մարդ եմ, ու հիմա ինձ, բացի խաղաղությունից, ոչ մի բան պետք չի: Ո՜վ տեղից վեր ա կենում, ասում ա` ես ձեր փրկիչն եմ, բայց մեկը չի հարցնում` ժողովուրդ, ուզո՞ւմ ես՝ քեզ փրկեմ: Հոգնել ենք էս ամեն ինչից, սպասում ենք ընտրությունները պրծնեն, գնանք հանգիստ մեր կյանքով ապրենք: Էս սաղ իրանց բազարն ա, մենք` ժողովրդով, էս ղալմաղալի մեջ փայ չունենք: Իսկ էդ դեպքում իմ համար ավելի լավ ա՝ Սերժ Սարգսյանն ընտրվի, քան մյուսներից որեւէ մեկը: Ես էդ մարդուն հարգում եմ, կարգին մարդ ա, մի օր չլսեցի էդ մարդը մեկի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տա: Էս ընթացքում իրան ինչ ասես, թե չասեցին, բայց ինքն էլի կոռեկտության սահմանը չանցավ: Ես իրան եմ ընտրելու, ես հազիվ սկսել եմ նորմալ ապրել, ծրագրեր ունեմ, բայց Աստված չանի` հենց իշխանությունը փոխվեց` նորերը գալու են, սկսեն գռփել, ինձ ու իմ նմաններին էլ քացով շպրտեն: Խի նոր եմ ես Լեւոնին ու նրա կողքին կանգնածներին ճանաչո՞ւմ,- ասում է վարորդ Սամվելը։ -Իմ նման մտածողները շատ են, հոգնել ենք հայհոյանք լսելուց: Գնում մեկ-մեկ լսում եմ Լեւոնի ելույթները ու զարմանում եմ` այ մարդ, էդ մարդու մեջ որտեղից էդքան չարություն ու ատելություն: Էս ժողովուրդը հոգնել ա, դրա համար էլ գնում Սերժի ելույթն ա լսում, գոնե էդ մարդը չի հայհոյում ու ատելությամբ մարդկանց տուն չի ճանապարհում: Դուք լսո՞ւմ եք նրանց ելույթները, տեսնո՞ւմ եք, թե Լեւոնն ինչ բառեր ա օգտագործում, բա ասում են` կիրթ, ինտելիգենտ մարդ ա: Ո՞ւր ա, ես դա չտեսա, էն ժամանակ որ չէր խոսում, ասում էին` իմաստուն մարդ ա, բայց հենց սկսեց խոսալ, բառապաշարից զզվեցինք: Է՞դ ա իրա պլանկեն: Բայց եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը միացավ Լեւոնին, չէ՞, իմացեք, որ Արթուրի վարկանիշն էլ հավասարվելու է զրոյի: Հիմա իրան հարգում են, վաղը էդ հարգանքն էլ չի լինելու»:
Անգլիայի թագուհուն եմ ընտրելու
Վարորդ Մելիքն էլ անդրադառնում է այն մարդկանց, ովքեր լծվել են ստորագրահավաք կազմակերպելուն։ «Չեն էլ ամաչում 2 կոպեկի համար ծախվում են սրան-նրան: Ամեն օր դուռս ծեծում, հարցնում են, թե՝ ո՞ւմ եք ընտրելու: Ես էլ ասում եմ` ռադդ քաշի, ում որ պիտի ընտրեմ, կգնամ ու ընտրության օրը ձայնս կտամ: Ես չեմ հասկանում, իսկ մեր պաշտոնյաները հայտարարում են, որ ընտրությունները կատարվում են փակ եւ գաղտնի քվեարկությամբ: Է, թող թողեն գնանք, էդ օրը հանգիստ, գաղտնի քվեարկենք: Օրը 10 հոգի գալիս-հարցնում ա, թե ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու, եւ դա եղավ փակ քվեարկությո՞ւն: Փաստորեն կամ պիտի խաբես, կամ էլ բոլորն իմանում են, թե ում ես ընտրելու: Էն օրը մեր շենքում մի հատ նենց վիճաբանություն եղավ, որ ուր որ էր վերածվելու էր արյունահեղության: Երկու հարեւաններս մի պետական հիմնարկում են աշխատում, անունը չեմ ուզում տալ: Հանրապետականներից եկել, ստորագրություն էին հավաքում, էս մեկն ասել էր, որ ինքը Լեւոնին ա ընտրելու, դուք պիտի տեսնեիք, թե ինչ կռիվ-ղալմաղալ սկսվեց: Հանրապետականի համար ստորագրողը մի քֆուր-քյաֆար ա բարձրացրել, թե՝ դու ո՞նց ես համարձակվում էդ հիմնարկում աշխատելով՝ ձայնդ ուրիշին տալ: Սա էլ էն լավ գործ տվողներից ա, էլի… Երեւի արդեն դավադրություն ա արել ու գործի տեղը հայտարարել ա, որ գործընկերը ուրիշին ա ձայն տվել: Հիմա շան որդին ամեն ինչ կանի, որ սրան գործից հանել տա: Նենց որ, էդ էլ ձեր գաղտնի, փակ քվեարկության արդյունքն ա, որ մարդիկ իրար փոր են թափում: Հըլը կտեսնեք, թե էդ հողի վրա ինչքան արյուն ա թափվելու,- նախազգուշացնում է Մելիքը` մեջբերելով նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի խոսքերը,- Կարապետիչն ասում ա, որ ժողովրդին չեն ստիպում, որ ստորագրեն, ընդամենը առաջարկում են, ու մարդիկ կարող են հրաժարվել: Իմ պատմած օրինակը ձեզ փեշքեշ: Կարապետիչը չգիտի, որ էդ ստորագրահավաք անողները, կազմակերպողները, փող տվողները հատուկ շեստյորկեք ունեն, որոնք մարդկանց նախընտրած թեկնածուների մասին տվյալները արագ տեղ են հասցնում: Ամեն թաղամասում, ամեն շենքում աշխատող մարդիկ կան, որոնք հսկում են, թե ով` ում ա ընտրում, նենց որ, ստեղ ժողովուրդն իրոք համբալի դեր ա կատարում: Հըլը մենք ազատ քաղաքացիներ ենք, բա բանակը, բա գաղութները, բա հազար ու մի հաստատությունները, որտեղ հազարավոր մարդիկ կդառնան թեկնածուների կամակատարը: Ես գիտեմ, որ բանակում եթե մեկը համարձակվի Ս.Սարգսյանին չընտրել` պոչկեքը կջարդեն»: Իսկ ո՞ւմ է ընտրելու Մելիքը։ Նա ասում է` «Աղջիկ ջան, ես էսքան բացատրում, օրինակներ եմ բերում, որ ես ազատ, անկախ Հայաստանի քաղաքացի եմ, որն իրավունք ունի փակ, գաղտնի քվեարկություն կատարելու: Էդքան բացատրելուց հետո նորից հարցնում եք, թե ո՞ւմ եմ ընտրելու: Ընտրելու եմ Անգլիայի թագուհուն»:
«Թող ոչ մի զոհ…»
«Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին մենակ նրա համար, որ ինքը սկսել ա ժողովրդին սիրել,- ասում է վարորդ Գեւորգը: -Եթե նկատել եք՝ նախընտրական գովազդներում էլ նա միշտ ժողովրդի մեջ ա: Օրինակ` էդ ժամերին ես միշտ հետեւում եմ թեկնածուների գովազդներին ու եկել եմ էն համոզմունքին, որ Սերժն իրոք ապաշխարել ա: Ինքը մի տեսակ բարիացել, խղճով ա դարձել, իսկ, օրինակ` Լեւոնն իրա սառը կերպարից տենց էլ չհրաժարվեց: Դաժե գովազդների ժամանակ գրքերը շարում, նստում ա դեմն ու սկսում ա խոսալ: Ուզում ես ասել` ախպեր, վեր կաց գնա ժողովրդի մեջ նկարվի, դա ամոթ չի, դա լավ բան ա: Գրքեր ունենալը լավ բան ա, լավ ա, որ ինքը մի հատ շքեղ գրադարան ունի, որի կադրի տակ կարելի ա նկարվել, բայց հազարավոր մարդիկ իրա օրոք գրքերը ծախել են, որ հացի փող անեն: Հազարավոր գիտնականներ, պրոֆեսորներ, մտավորականներ իրա օրոք թողել-փախել են Հայաստանից, որ սովից չմեռնեն: Հիմա ինքը գրքերի շողքի տակ նստել ա, որ ցույց տա, թե իրա արժեքը գիրքն ա, բայց մեկ ա, եթե ժողովուրդը սոված եղավ՝ գիրքը սուտ ա: Ուզում ա ասի, որ ժամանակները փոխվել են, բայց մեկ ա` ինքն ամենագրագետն ա: Ես որպես քաղաքացի՝ ավելի գնահատում եմ, երբ թեկնածուն գնում ա սովորական մարդու հետ շփման, դարդերն ա հարցնում, փորձում ա հույս տալ, մխիթարել: Իսկ, երբ թեկնածուի շուրջն անշունչ առարկաներ են, ու իրա դեմքի սառնությունն էլ հույս չի ներշնչում` մեկ ա, դա հիասթափեցնում ա: Լսում ես թեկնածուների ասելիքն ու ահագին բան ես հասկանում: Երբ Լեւոնն ասում ա, որ` թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, դրա մեջ լիքը կեղծիք կա, որովհետեւ մի ամբողջ ժողովուրդ իրա իշխանության օրոք զոհ ա դարձել` բացի իրանից: Մարդիկ գալիս են թեկնածուի հետ հանդիպման, որ անկեղծ շփում լսեն, ոչ թե դասականների տողերն անգիր անեն»: