Խոստանում է համաներում

06/02/2008

Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա էր նաեւ գյուղապետը: Նախատեսված կարճատեւ հանդիպումը վերածվեց հանրահավաքի: Իսկ Լճաշեն գյուղում նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա էր մոտ 600 մարդ: Այստեղ կարճատեւ հանդիպումից հետո հանրահավաք եղավ Սեւան քաղաքում, որտեղ, ինչպես փոխանցեցին հանրահավաքի մասնակիցները, Սեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը փորձել էր տապալել հանրահավաքը: Ու, չնայած սրան, Սեւանի կենտրոնական հրապարակում մոտ 2 հազար մարդ էր հավաքվել: Ինչպես այստեղ, այնպես էլ մյուս հանդիպումների ընթացքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին, նաեւ ներկայացրել իր ծրագրային որոշ դրույթներ: Ըստ այդմ, նախագահ ընտրվելու դեպքում նա առաջարկում է համաներում կիրառել զինծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձանց նկատմամբ: Խոսվել է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ու մյուս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտության մասին: Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հանրահավաք է կայացել նաեւ Գավառում: Գավառի ճանապարհին չնախատեսված հանդիպում է եղել Լճափ գյուղում. մոտ 300 լճափցիներ փակել էին ճանապարհը: Գավառի հանրահավաքին մասնակցում էր մոտ 3 հազար մարդ: Իսկ վերջին շարքերում կանգնած ոստիկաններից ոմանք դեպի հրապարակ շտապող գավառցիներին «կոչ էին անում»՝ չմտնել հրապարակ ու ցրվել: