«Նախագահի ֆունկցիան որոշ մարդկանց բոմժ դարձնելը չէ»

06/02/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` չմասնավորեցնելով, թե կոնկրետ որ թեկնածուի մասին է խոսքը:

Իսկ ընդհանրապես, ըստ Ս. Սարգսյանի` միայն արդարությամբ ընտրված նախագահը կարող է օգտակար լինել ժողովրդին, քանի որ «արդար ղեկավարը պատասխանատու ղեկավարն է եւ առանց պատասխանատվության զգացումի մարդ չի կարող կատարել լուրջ գործեր»: Ս. Սարգսյանի խոսքով` իրեն կարող են շատ բաների համար քննադատել, որոնց մեջ կարող է արդարության հատիկ լինել, բայց «չեն կարող քննադատել նրա համար, որ ես որեւէ բան խոստացել եմ, եւ դա մնացել է օդում»:

Շաբաթ օրը Մերգելյան ինստիտուտի այգու դիմացի հրապարակում Ս. Սարգսյանը հանդիպեց նաեւ Արաբկիր համայնքի բնակիչների հետ: Հանդիպումից գրեթե կես ժամ առաջ արդեն Կասյան-Կոմիտաս պողոտան փակ էր: Ըստ երթեւեկությունը կարգավորող ոստիկանների` «բազմությունը մեծ է, մարդիկ հրապարակից դուրս են եկել փողոց, մինչեւ Կուտուզով խաչմերուկը փակ է, 13.000-ից ավելի մարդ կա»: Բեմում դարձյալ հայտնի «աստղերն» էին երգում-պարում, բայց այս անգամ, բացի բոլոր այն անուններից, որոնք միացել են Ս. Սարգսյանի` «Առաջ, Հայաստան» շարժմանը, միացել էր նաեւ ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը (նա եւս Արաբկիրի բնակիչ է): Ինչեւէ, Ս. Սարգսյանի ելույթն այս անգամ սարքավորումների խափանման պատճառով 15 րոպե ուշացումով եղավ: Դիմացի շարքերում կանգնած երիտասարդներն այդ ընթացքում «Առաջ, Հայաստան» վերտառությամբ շարֆերն օդում թափահարելով՝ ժամանակ առ ժամանակ գոռում էին` «Առաջ, Հայաստան», իսկ նրանք, ովքեր կոնկրետ խնդիրներ ունեին` հավաքվել էին Ս. Սարգսյանի շուրջը:

Տեխնիկական խոտանը վերացվեց, եւ Ս. Սարգսյանը սկսեց իր ելույթը` դիմելով հավաքվածներին` «Եթե մեկ այլ թեկնածուի հետ նման բան լիներ` կասեին՝ դավադրություն էր»: «Ամենակարեւորն այն է, որ մենք կարողանանք փետրվարի 19-ին անցկացնել ազատ, արդար ընտրություններ: Դա չափազանց կարեւոր է, որպեսզի ընտրություններից անմիջապես հետո կարողանանք ձեռնամուխ լինել մեր ծրագրերի իրականացմանը»,- ասաց նա: Ս. Սարգսյանը հավաքվածներին ասաց նաեւ, թե մի քանի ժամ առաջ ինչ խորհուրդ է տվել Քանաքեռ-Զեյթուն համայնքում իրեն մոտեցած մի երիտասարդի, ով դժգոհել է, թե չի կարողանում կողմնորոշվել` ում տալ իր ձայնը, քանի որ բոլորն էլ լիքը լավ բաներ են խոստանում: «Ես նրան ասացի` մտովի պատկերացրու թեկնածուների անցած ճանապարհը, ուսումնասիրի նրանց ծրագրերը, հետո որոշումդ կայացրա: Ճանապարհները հայտնի են. մենք հասնելու ենք լավ Հայաստանի` մեզնից յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եթե որեւէ մեկը կարծում է, թե Ս. Սարգսյանի օգտին քվեարկելով՝ ավելի հեշտ կյանքի համար է քվեարկում, ապա սխալվում է: Ես խոստանում եմ ավելի շատ աշխատել, եւ դրանով իսկ օրինակ ծառայել,- հայտարարեց նախագահի թեկնածուն` հավելելով,- Մենք թույլ չենք տալու, որպեսզի մեզ բաժան-բաժան անեն, իրար դեմ լարեն` դրանով իսկ փորձելով հեշտացնել սեփական աշխատանքը: Անցել են այն ժամանակները, երբ անփորձ մարդիկ պետք է ղեկավարեն մեր տնտեսությունը, անցել են սեփական սխալներով ճիշտ ճանապարհին հասնելու ժամանակները: Մենք հասնելու ենք լավ Հայաստանի` մեր հասարակության մեջ միասնության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորելով: Իրար դեմ լարելով, մեկին փնովելով, մյուսին վախեցնելով՝ մենք չենք կարողանալու որեւէ լավ արդյունքի հասնել»:

Ս. Սարգսյանի խոսքով` անցել է ոչ միայն անփորձների ժամանակը, այլեւ «սուտ խոստումների», որովհետեւ մեր ժողովուրդն արդեն ամեն մեկի ասածին չի հավատում: «Վստահ եմ` որեւէ մեկը չի հավատում, որ` գնալով՝ մենք գլորվում ենք ցած, մեր վիճակն ու կյանքը վատանում է: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է այդ տրամաբանությամբ գնալ լավ գործի ու երկիր ղեկավարելու հավակնություն ունենալ: Ես պատրաստ եմ լսելու ամենածանր քննադատությունը, եթե արդարացի է, եթե նրա հիմքում կա իրականություն: Բայց եթե չեն քննադատում, ուղղակի ասում են` ամեն ինչ սեւ է, փաստարկներ չեն բերում, այլ մտացածին մտքեր են մեջտեղ բերում, ես չեմ ընդունում այդպիսի մարդկանց: Բայց դա չի նշանակում, թե ես պետք է այդ մարդկանց բանեցնեմ, դա չի նշանակում, թե ես պետք է հոխորտամ, թե այդ մարդկանց «բոմժ» եմ դարձնելու, դա չի նշանակում, թե այդ մարդիկ մեր հասարակության մեջ իրենց լավ չեն զգալու: Ես փորձելու եմ այդ մարդկանց դարձի բերել, համոզել, որ ուղիղ խոսքը գնահատվում է, իսկ չարախոսությունը չպետք է տեղ ունենա մեր կյանքում»: Ըստ Ս. Սարգսյանի` ամենակարեւոր խնդիրն արդար ընտրությունների անցկացումն է, որպեսզի երկրի նախագահն իր ժամանակը ծախսի միայն երկրի համար կարեւորագույն խնդիրներ լուծելով, ոչ թե մտածի, թե «ինչպես պահի իշխանությունը, մեկին մյուսի դեմ լարի ու դրանով ինչ-որ հարցեր լուծի»: Արաբկիրցիները Ս. Սարգսյանի ելույթից հետո աղավնիներ ու եռագույն փուչիկներ բաց թողեցին երկինք:

Երեկ Ավան համայնքում կազմակերպված հանդիպմանը, ուր 12-13 հազար մարդ էր հավաքվել, անդրադառնալով նույն թեմային, Ս. Սարգսյանը նկատել է. «Կարծես թե նախագահի ֆունկցիան այն է, որ որոշ մարդկանց բոմժ դարձնի… Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ստանալ օժանդակությո՞ւն, թե՞ այդ ղեկավարից լինեք ոչ միայն կիլոմետրերով, այլ նաեւ պատնեշներով անջրպետված: Մի հասարակության, որտեղ ղեկավարը կարող է գալ, անկեղծ խոսել պրոբլեմների մասի՞ն, թե՞ որտեղ ղեկավարը սուտ խոստումներ է տալիս, իր ձախողումները, թույլ աշխատանքներն արդարացնում ինչ-ինչ պատճառներով»: Ըստ Ս. Սարգսյանի, ժողովրդի քվեն խնդրելը վիրավորական կամ մուրացկանություն չպետք է համարվի, որովհետեւ` «մուրացկանությունն այն է, երբ պաշտոնը պահելու համար ցանկանում են սեփական երկրի մի մասը տալ»:

Հ. Գ.
Ի դեպ, Արաբկիր համայնքում տարիքով մի կին մոտենալով Ս. Սարգսյանին` մորու մուրաբա տվեց, ասելով` «էս բերել եմ, որ թեյ խմես` չմրսես, էս ցրտերին անընդհատ դուրսն ես», հետո էլ փայտե փոքրիկ խաչ նվիրեց` ասելով. «Թող քեզ պահապան լինի, տղա ջան»: Նշենք նաեւ, որ Արաբկիր համայնքում Ս. Սարգսյանին ուղեկցում էին Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, պատգամավորներ Արմեն Մխիթարյանը, Լեւոն Սարգսյանը, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը եւ այլք: