«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ձայներով, ասել է. «Իշխանությունները կարող են հայտարարել ոչ միայն 70, այլեւ` 170 տոկոսի մասին: Քաղաքական պայքարում ոչինչ բացառված չէ, անգամ` հետընտրական փուլում»,- ավելացնելով, որ անակնկալներ դեռ շատ կլինեն: Ինչո՞ւ է թեկնածուն իր քարոզարշավային տեսահոլովակում ներկայացնում մութ տարիները: Պատասխանելով այս հարցին, Տ. Կարապետյանն ասել է, որ դա ուղղված չէ միայն նախկին իշխանությունների դեմ, քանի որ իր համար թե՛ անցյալի, թե՛ ներկայի իշխանությունները նույնն են: Ընտրությունից առաջ Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր միավորման մասին թեկնածուն նշել է, որ դրսից հրահանգ լինելու դեպքում նրանք կմիավորվեն, քանի որ այդ ուժերը դրսի ուժերին են ենթարկվում: «Եթե քաղաքական գործիչը հավատարիմ է իր դիրքորոշմանը, երկար տարիներ չի փոխում այն, ապա մնում է նաեւ քաղաքական դաշտում»,- ասել է նա: Ըստ Տ. Կարապետիչի` եթե քաղաքական գործիչը տարբեր մոտեցումներ է ընդունում, դաշինքներ է ստեղծում, ռիսկի է դիմում, մարտավարությունը փոխում է 180 աստիճանով, ապա նրա աշխատանքը կարող է «զրոյանալ»: Նա անընդունելի է համարում, երբ քաղաքական ուժը, ունենալով սեփական ծրագիր, միանում է մեկ այլ ուժի` որդեգրելով ուրիշի ծրագիրը. «Սեփական շահն են փնտրում դաշինքի մեջ: Որպես առաջին դեմք չեն կայանում եւ նստում են մի գնացք` սպասելով իրենց կայարանին»: Թեկնածուն դժգոհել է նաեւ իրեն տրվող եթերաժամերից` նշելով, որ իրենք ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել «Երկիր Մեդիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններով: Մի անգամ եղել են «Արմենիայում», մի անգամ էլ` «Հ1»-ում` «Եվրապոլիս» ծրագրում. «Կենտրոնում» էլ ենք եղել, ուզում էին սադրանքներ ստեղծել, դրա համար էին հրավիրել, բայց չհաջողվեց,- ասել է նա եւ ավելացրել,- Այսօր հեռուստաեթերից բացակայում են այն հաղորդումները, որոնցով պետք է բացահայտվեն թեկնածուները, նրանց ծրագրային դրույթները»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե փետրվարի 4-ից սկսվել է Մեծ պահքը, արդյոք թեկնածուն հետեւելո՞ւ է պահքին, նա պատասխանել է, որ ժողովուրդը ծոմ է պահում 1990 թվականից, քանի որ շատերը «լափում են», իսկ ժողովուրդը սոված է, ինչն արդեն ակամայից ծոմ է: Ինչ վերաբերում է իրեն, թեկնածուն ասել է. «Ես միշտ զուսպ եմ եղել, ոչ թե որոշ Սիոնի որբերի նման»:
Տիգրան Կարապետյանը լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնելու, որի ժամանակ ոչ միայն սուր քննադատություն է հնչելու, այլեւ մոմավառություն է լինելու: