Երբ ջրաչափով չափում են քաղաքական հայացքները

06/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի նկատմամբ:

Հունվարի 23-ին ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ընկերությունը խախտել է բնապահպանական պահանջները եւ ջրաչափը պահանջվող տեղում չի տեղադրել: 3 մլրդ դրամը հիմնականում բնապահպանական վճար է: Տեղեկացնենք, որ այլ հարկերի, տուրքերի եւ վճարների հետ միասին բնապահպանական վճարն էլ Հարկային ծառայությունն է գանձում: Տուգանքի մասին հայտարարությունից հետո «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր. «Իմ կարծիքով՝ ստուգումները կատարվել են ապօրինի, եւ ստուգման ակտը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու դրա հիման վրա ընդունված օրենքների պահանջներին»: Ըստ Ա. Զոհրաբյանի` մասնավորապես խախտվել է կամայականության արգելքի սկզբունքը: Ավելի վաղ՝ անցյալ տարվա աշնանը, երբ Հարկային ծառայությունը ստուգումներ էր անցկացնում «Բջնիում» եւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմա» ռեստորանային ցանցում, դա որակվեց՝ որպես քաղաքական հետապնդում: Այսինքն` իշխանություններն այդպիսով պատժում են Խ. Սուքիասյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Իսկ ՀՊԾ Հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը պարզաբանում է, թե սահմանված տուգանքը քաղաքական ենթատեքստ չունի, եւ, որ իրենք «Բջնի» գործարանին տուգանել են Բնապահպանության նախարարության տրամադրած ակտի համաձայն: Բնապահպանության նախարարությունն է ստուգումներ անցկացրել գործարանում եւ պարզել, որ ջրաչափը «տեղադրված է եղել սահմանված կարգի խախտումներով»: Այդ ակտի հիման վրա էլ Հարկայինը կատարել է տույժ ու տուգանքների հաշվարկը:

«Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են բնապահպանական մարմինները, իսկ վճարների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը՝ հարկային մարմինները: Հանքային ջրի արդյունահանման վճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում արդյունահանված ջրի ծավալը եւ ՀՀ կառավարության 1998թ. թիվ 864 որոշմամբ սահմանված դրույքաչափերը: Ընդ որում, 2005թ. կառավարությունը սահմանել է արդյունահանված ծավալի որոշման 2 ռեժիմ: Առաջինը՝ արդյունահանված ծավալ է համարվում անմիջապես հորատանցքի վրա սահմանված կարգով տեղադրված ջրաչափի ցուցմունքը: Իսկ սահմանված կարգով կամ ընդհանրապես հաշվիչ տեղադրված չլինելու դեպքում արդյունահանված ծավալ է հանդիսանում երկրի մակերեւույթ արտամղված հանքային ջրի ծավալը»,- ասում է Կ. Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ Ա. Զոհրաբյանի, Բնապահպանության նախարարությունը 2006 թ. փետրվարին նույնպես գործարանում ստուգումներ է կատարել եւ նման բնույթի խախտումներ չի արձանագրել: Մենք չկարողացանք մեկնաբանություններ ստանալ նաեւ Բնապահպանության նախարարությունից. լրատվական ծառայությունից ասացին, թե համապատասխան մասնագետը գործուղման մեջ է: Իսկ Կ. Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՊԾ-ի կողմից «Բջնիում» կատարված փաստաթղթային ստուգման ժամանակաշրջանն ընդգրկել է 2006թ. հուլիսի 1-ից 2007թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը: Կ.Կարապետյանի խոսքերով` «Բջնի» գործարանի՝ այդ ժամանակահատվածի հաշվապահական փաստաթղթերում որեւէ խնդիր չկա:

«Բայց խախտումներ կան ջրաչափի տեղադրման մասով: Բնապահպանության նախարարության տրամադրած ակտի համաձայն՝ գործարանի ջրաչափիչ սարքը տեղադրված չի եղել ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ գազանջատիչից հետո առաջնային խողովակի վրա: Տեղադրված է երրորդային խողովակի վրա` պոմպից հետո: Իսկ մինչեւ ջրաչափը տարբեր հատվածներում երկու տեղով ջրթափ է կատարվել: Ակտը ստանալուց հետո մենք, բնականաբար, պետք է կատարեինք հաշվարկ, թե որքա՞ն տուգանք է հասնում գործարանին: 3 մլրդ դրամից 1 մլրդ 960 մլն 79 հազար հարյուր դրամը մայր գումարն է, մյուս մասը` տույժն է»,- ասում է Կ. Կարապետյանը: «Նախ՝ տույժ-տուգանքների գումարը ճիշտ չեն ասել, դա ոչ թե 3 մլրդ է, այլ մոտ 3,8 մլրդ դրամ է: Եվ լավ կլիներ, որ ակտը կազմելուց առաջ Բնապահպանության նախարարության ստուգող խմբի ղեկավարը կարդար Կառավարության մի քանի որոշումներ եւ օրենքներ: Մեջբերեմ նախարարության կազմած ակտից. «ՀՀ կառավարության 2005թ. 149-Ն որոշմամբ սահմանված կարգով ջրաչափը պետք է տեղադրվի գազանջատիչից անմիջապես հետո՝ առաջնային խողովակի վրա»: Մինչդեռ այդ որոշման մեջ սահմանվում է, որ հաշվիչը պետք է տեղադրված լինի ոչ թե գազանջատիչից անմիջապես հետո, այլ՝ «անմիջապես հորատանցքի վրա տեղադրված գազանջատիչից դուրս եկող խողովակից» հետո: Այստեղ «անմիջապես» բառը տեղափոխելով՝ որոշմանն իրենց մեկնաբանությունն են տվել: Բացի այդ, ընկերության եւ նախարարության միջեւ կնքված 2003թ. թիվ 335 պայմանագրի համաձայն՝ ջրառը հորատանցքերից պետք է իրականացվի «բնական ինքնահոսի պայմաններում՝ հանքավայրի հիդրոդինամիկ եւ հիդրոքիմիական պայմանները խախտելուց խուսափելու համար՝ հորատանցքերի վրա կիրառելով փականային ռեժիմ»: Իսկ նախարարության ակտի մեջ գրված է, թե կազմակերպությունը կիրառել է իր կողմից սահմանված փականային ռեժիմ: Փականային ռեժիմի դեպքում ջրթափ պետք է լինի, դա խախտում չէ: Եթե մենք այդ ջրթափ խողովակը փակենք, գազանջատիչը կլցվի, ու հանքը կխեղդվի: Այդպես չի թույլատրվում: Մասնագետներն այդ մասին գիտեն»,- ասում է «Բջնի» գործարանի տնօրենի պաշտոնակատար Գոռ Մնացականյանը: Նա նաեւ պնդում է, որ Բնապահպանության նախարարությունը 2005 եւ 2006թթ. գործարանում ստուգումներ կատարել է, այդ ամենը տեսել է եւ խախտում չի որակել: Նախարարության եւ Չափագիտության ազգային ինստիտուտի աշխատակիցների հետ միասին կապարակնքել են այդ ջրաչափը: Բայց քանի որ այս տարի Բնապահպանության նախարարությունը որոշել է, որ «Բջնիում» ջրաչափը տեղադրված է սահմանային խախտումով, ապա գործարանը պետք է հարկվի երկրորդ ռեժիմով: Այսինքն` ոչ թե ջրաչափի ցուցմունքով, այլ երկրի մակերեւույթ արտամղված հանքային ջրի ծավալով: Իսկ այդ ծավալը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածի բոլոր օրերի ու ժամերի համար՝ ներառյալ նաեւ հանգստյան օրերը եւ գիշերային ժամերը, երբ գործարանը չի աշխատում: