ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք:
Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության տարեկան ծրագիրը, նշել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հիշեցնենք, որ փոփոխված Սահմանադրությամբ ՎՊ-ն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: Մինչ այդ ՎՊ-ն գործում էր ԱԺ ենթակայության ներքո: ՎՊ նախագահը երեկ այդ չորս սկզբունքները պարզաբանելիս ասել է, որ առաջինը պարտադիրության սկզբունքն է. ծրագրի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը պարտադիր են, բխում են ՀՀ սահմանադրությունից, «Վերահսկիչ պալատի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներից եւ վերաբերում են պետական բյուջեի կատարման, ԿԲ 2007թ. տարեկան եւ 2008թ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություններին: Մյուս սկզբունքն այն է, որ ՎՊ 2008թ. ծրագրում ընդգրկվել է նաեւ 2007թ. չորրորդ եռամսյակի չկատարված ծրագիրը: Ներկայիս ՎՊ-ն համարվում է ԱԺ Վերահսկիչ պալատի իրավահաջորդը, եւ քանի որ ԱԺ ՎՊ-ի վերակազմավորման ընթացքում 2007թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը չի կատարվել, այդ իսկ պատճառով 2008թ. ծրագրում ընդգրկել են նաեւ 2007թ. չկատարված ծրագրի որոշ թեմաներ: Ի. Զաքարյանը երրորդ սկզբունքը համարել է այն, որ փորձ է արվել ծրագրում ընդգրկել ուսումնասիրության այնպիսի թեմաներ, որոնց շրջանակներում ՎՊ-ն առնչվելու է վարկային ծրագրերի հետ. եթե ընտրված է որեւէ նախարարություն, ապա այդ նախարարության գործունեությունն ուսումնասիրելու ընթացքում նաեւ ուսումնասիրվելու են կառույցին առնչվող վարկային ծրագրերը: Իսկ չորրորդ սկզբունքն այն է, որ փորձ է արվել ծրագրում ընդգրկել ԱԺ ՎՊ-ի կողմից ինչ-ինչ պատճառներով վերջին 4-5 տարիների ընթացքում ընդհանրապես չուսումնասիրված կառույցներն ու թեմաները: Վերոնշված սկզբունքները հաշվի առնելով` ՀՀ Վերահսկիչ պալատը 2008թ. ընթացքում կուսումնասիրի ՀՀ Առողջապահության, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության, Տրանսպորտի եւ կապի նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Մաքսային պետական կոմիտեի համակարգերը: Ծրագրում ընդգրկված են նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետարանները, ինչպես նաեւ՝ նշված երեք մարզերի տարածքում ընտրանքային ձեւով կուսումնասիրվեն համայնքային որոշակի խնդիրներ: ՎՊ-ն 2008թ. ընթացքում կանդրադառնա նաեւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությանը, ընդերքի օգտագործման օրինականության խնդիրներին: Ծրագրում ընդգրկված են նաեւ Երեւանի Կենտրոն, Դավիթաշեն, Նոր Նորք համայնքները, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանից 4 թեմաներ` հողամասերի օտարման եւ անհատույց օգտագործման իրավունքով փոխանցման, հողամասերի կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման, ինքնակամ կառույցների օրինականացման, շենքերի, շինությունների եւ ոչ բնակելի տարածքների հետ կապված գործարքների իրականացման խնդիրները: