Տեղ չգտած հերոսները

06/02/2008

Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու միստիկ ֆիլմերով, այս անգամ անդրադարձել են «նախկինում ավելի լավ էր» ընդունված դժգոհությանը, որը կայանում է նրանում, որ բոլորը փնովում են մեծահարուստներին, կշտամբում են ամոթի զգացում չունեցող երիտասարդներին ու համարում են, որ կառավարությունը տականքներից է բաղկացած: Պարզունակ դժգոհության թեման Քոեն բեմադրիչները վերածում են սարսափելի մի դրամայի, որտեղ դժգույն բնության մեջ (Տեխաս նահանգի դաշտավայրերում) գործում են հերոսները, որոնք դադարել են հերոս լինել: Ֆիլմում ոչ մի ավելորդ բան չկա, նույնիսկ երաժշտական ձեւավորումն է բացակայում, միայն ճռճռում են կովբոյների ճտքավոր կոշիկներն, ու քամին է ոռնում: Ամեն ինչը քար լռության մեջ է կատարվում, ինչը խտացնում է տագնապի զգացումը: Դանդաղ ընթացող գործողությունը թույլ չի տալիս հանդիսատեսին թուլանալ եւ շարունակել փոփ-կորն ուտել, այն հասկացնում է՝ եթե հանկարծ մոռացված մի աղբանոցում դիակներ ու փողով լի ճամպրուկ գտնեք, հարկավոր չէ վերցնել փողերը, քանի որ այդ դեպքում մեր ետեւից կգան նրանք, ովքեր պետք է գան: Ֆիլմում գալիս է գունեղ ու սկզբունքային «չարը» (Խավիեր Բարդեմ), ով տարօրինակ սանրվածք, տարօրինակ զենք ու տարօրինակ սկզբունքներ ունի: Բայց ունի այդ սկզբունքներն` ի տարբերություն փողերը յուրացրած մյուս հերոսի (Ջոշ Բրոլին), որը Վիետնամի պատերազմի հերոս է: Ոստիկանն էլ (Թոմմի Լի Ջոնս) արդեն չի շտապում վրիժառու մոլագարին որսալ, հասկանալով, որ դա անհույս գործ է. նա գերադասում է նստել կնոջ կողքին ու նրան պատմել իր երազը: Մեր օրերում խառնվել են բարի ու չար հերոսները, արդեն չեն գործում կինոշտամպերը: Հիմա տարօրինակ ու տագնապային իրավիճակում ապրող հերոսների ժամանակն է: Եվ այդ հերոսների շարքում կա մի տիպար, որը կորչում է այնպես, ինչպես աշխարհի երեսից ժամանակին կորել են դինոզավրերը: Եվ հիմա էլ կորչում է ամերիկյան հողի ուժը ու անհետանում են առասպելները: Իսկ կինոն դրա շնորհիվ կարողանում է վերակենդանանալ: