Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված են:
Բոլո՛ր դերերը։ Բանաստեղծության մեջ երեւի` տեսա Երեւանը՝ իր տերերով, տերերին` իրենց դերերով, դերերն` իրենց դեւերով։ Կամ՝ Երկիրը։ Մի՞թե ինձ էլ է արդեն թվում, թե Երկիրը հենց Երեւանն է։ Եվ Երկրի պատկերն աղոտանում է: Ինչպես աղոտանում է ուզածդ պատկերը, երբ նրա վրա ընկնող արհեստական լույսերը շատանում են: Կամ` կեղծ լույսերը: Ու ես կրկին Ոչմիտեղ եմ, այսինքն՝ Այնտեղ, որտեղ եղել եմ միշտ։
Գրե՞լ, թե՞ չգրել Ոչմիտեղից։ Գրել դեպի ո՞ւր։ Վերեւներում ոչ մի գրի կարիք չունեն, ներքեւներին գիրը չէ, որ հարկավոր է, եւ Երկրի պատկերն աղոտանում է օրեցօր։ Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ տարիների ջանքով ես ստեղծել եմ այնպիսի մի «Ես», որը ոչ վերեւների համար կա, ոչ` ներքեւների: Նրանք էլ չկան ի՛նձ համար: Ահա այսպիսի «փոխադարձ» սեր: Իմը` «Սեր` Ոչմիտեղից», որ փոխ եմ առել Բրոդսկուց: Սա կարեւոր խոստովանություն եմ համարում. գրում եմ սիրով, գրում եմ Ոչմիտեղից, ինչը թույլ է տալիս լինել ազատ, ասենք` հատկապես չտալ անուններ, որոնցից առաջ, քաղաքակրթության դրդմամբ եւ դաստիարակության զորու, համոզմունքներից անկախ, պետք է դնել «մեծարգո» բառը…
Ուրեմն` բոլոր դերերը բաշխված են: Բայց, եթե այդպես է, ինչո՞ւ խաղաղ չեն դերասանները: Ոչ ոք խաղաղ չէ: Նույնիսկ նրանք, ովքեր լուրջ դերատեր են: Մի՞թե վերաբաշխումի ժամանակն է:
Վերջ չե՞ն ունենալու այս բաշխումն ու վերաբաշխումը: Ըստ երեւույթին` ոչ, որովհետեւ գոյություն ունի նորին մեծություն «մրցակցությունը», որից առաջ, գրեթե բնազդաբար, դնում ենք «ազնիվ» բառը, հիշելով-հուշելով, որ մրցակցությունը սովորաբար անազնիվ է լինում, չտեսնելով, որ մրցակցություն բառից Դարվինի, Մարքսի ու միաժամանակ բոլոր չորս «հռոմների» ուժեղ հոտ է փչում. տեսակների ծագում, գոյության պայքար, հավերժական անտագոնիզմ, մարտահրավերներ, որոնցից վերջինը, չգիտես ինչու, համառորեն վերագրում են ինչ-որ անդեմ հազարամյակների: Այս ամենն, իհարկե, հարկավոր է թաքցնել քայլ առ քայլ անշրջելի դարձող ժողովրդավարական գործընթացներով-գորշընթացներով…
…Այն թվականները, երբ ժողովուրդը (չէ՞ ազգաբնակչությունը – Սովետին ավելի մոտիկ ժամանակ էր) ագահորեն հետեւում է խորհրդարանում հնչող յուրաքանչյուր բառին: Լեւոն Ներսիսյանն է, իր տունը, իր սեղանը, սեղանին` նիտրոգլիցերինի հաբերը` նռան հատիկների պես վառ, առանց ֆիլտրի «Pall Mall»-ը` դրսից ուղարկված: Զրույցի թեման՝ լեզուն։ Այն լեզուն, որը խառնվեց-խառնակվեց Բաբելոնում: Հին Բաբելոն, նոր Բաբելոն: Այլեւս` Բաբելոն: Հեռուստացույցը միացված է: Խորհրդարանում խոսում են: Մի պահ դարձավ դեպի խոսողը, լսեց ու… Հնչեց իր մռունչներից մեկը. «Վերջ, էս անգամ մեր մեջքը կոտրվեց»…
Ինչո՞ւ, ի՞նչ ասաց խեղճ պատգամավորը…
Ի՞նչ տեսավ Լեւոն Ներսիսյանը, որ ուրիշները չէին տեսնում ու չեն տեսնում… Ուսուցիչը սովորեցրեց, աշակերտը սովորեց: Ահա եւ ամբողջ «դժբախտությունը»: Չակերտներում, որովհետեւ դժբախտությունն ու երջանկությունը մարդուն բնորոշող երկրորդային հասկացություններ են: Ածանցյալներ են։ Առաջնայինը տեսնողն է ու չտեսնողը:
Եվ մեր մեջքը կոտրվեց։ Ես մեջքի մասին եմ ասում, ոչ թե՝ սեփականաշնորհման ու տնտեսական աճի։
Իսկ պատգամավորն, իհարկե, խոսում էր ազատությունից, եղբայրությունից, հավասարությունից: Մտքում՝ իր իմացած միակ «փիլիսոփայությունը»` կյանքը սեղան է, որը մատուցողներ չունի (ուր մնաց` մատուցողուհիներ` երկարո՜տն, բարետես)…
Ինքդ, ինքդ պիտի… վերջապես ազատվե՜լ ես, մանավանդ՝ հավասարվե՜լ, պլյուս՝ եղբայրներ ունես, այն էլ ինչպիսի՜ եղբայրներ…
– Քո շրջապատն է, որի մասին խոսք է բացվում, տականք ես անվանում…
– Խելքիդ բանը չի, մեզ տենց մարդիկ էլ են հարկավոր…
Եթե ավազակներն են խումբ կազմում, դա, բնականաբար, ավազակախումբ է, եթե տունը լցվում է ավազակներով, դա ավազակատուն է, այնպես չէ՞… Մի՞թե գաղտնիք կա այստեղ: Կարելի է շարունակել. ավազակագյուղ, ավազակամարզ, բա իհարկե՜, բա ուրիշ էլ ինչպե՞ս, ուրիշ բան որտեղի՞ց… Պատճա՞ռը. մրցակցություն է հայտարարված, Անօրեն Մրցակցություն, Պարզունակ, Ավազակաբարո Գոյության Պայքար, իսկ ավազակը մրցունակ է: Իսկ նա, ով ավելի ավազակ է, մրցունակ է առավել:
Ի՞նչ տեսավ Լեւոն Ներսիսյանը: Դեռ վաղն է երեւալու: Նրա տեսածը պարզ տեսնելու համար շատ բան հարկավոր չէ, ընդամենը ընտրություններ` նախապես ամեն ինչ արած, որ ընտրողն ընտրելու հնարավորություն չունենա, անընդհատական ճառեր բազմաթիվ բեւեռների մասին, երբ միշտ ընդամենը երկու բեւեռ է գոյություն ունեցել` հավերժական ընտրողներ եւ ընդմիշտ ընտրվողներ: Վերջիններիս համար անփոփոխ մի պայմանով` ժամանակ առ ժամանակ վերադերաբաշխում պիտի լինի…
Իսկ Երկիրը, որի պատկերն աղոտանում է օրեցօր, ահա քայլ առ քայլ, սառցակալած մայթի վրայով քայլողի պես…
www.hetq.am