Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Բաքու) հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ երիտասարդների խմբերի ընտրությունը կատարել ենք մեկ սկզբունքով` հարցման ենթարկել այնպիսի երիտասարդների (տարբեր տարիքի, զբաղվածության, քաղաքական ակտիվության, ադրբեջանցիների եւ հայերի հետ շփման փորձի եւ այլն), որպեսզի հնարավոր լինի տեսանելի դարձնել երկու կողմի երիտասարդների շրջանում եղած դիրքորոշումների ու կարծիքների ողջ ներկապնակը: Ստորեւ` առաջին երկու խմբերի պատասխաններն են:
«Ռեգիոն» կենտրոն
Հաջորդ սերունդներն ավելի մեղմ կվերաբերվեն հարցին
Մեր հարցերին պատասխանում են ԵՊՀ ուսանողուհի Էմմա Սարգսյանը, բանասեր Արթուր Թուխիկյանը եւ ՀԱԷԿ ինժեներ Արամ Հարությունյանը:
– Երբեւէ ադրբեջանցիների հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում ադրբեջանցիների մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Ադրբեջանում ապրում ձեր հասակակիցները:
Էմմա Սարգսյան – Ոչ, երբեք ադրբեջանցու չեմ հանդիպել: Տեղեկատվության հիմնական աղբյուրները տեղական ԶԼՄ-ներն են եւ BBC, CNN միջազգային լրատվական գործակալությունների կայքերը: Ես չեմ կարող ասել, որ ուշի ուշով հետեւում եմ, թե ինչ է Ադրբեջանում կատարվում: Միայն այն դեպքերում, երբ ինչ-որ իրադարձություն, դեպք կամ Ղարաբաղյան հակամարտության հարցերով կարեւոր հանդիպում է լինում: Ասեմ նաեւ, որ մեր ԶԼՄ-ներն ադրբեջանցիների մասին շատ զուսպ են խոսում, ընդգծված չարախնդություն իրենց թույլ չեն տալիս:
Արթուր Թուխիկյան – Այո, ես ադրբեջանցիների հետ շփման փորձ ունեմ: Նաեւ երեք տարի ինտերնետային ֆորումով շփվել եմ մի ադրբեջանցու հետ, որը վերջերս իր գործերով եկել էր Հայաստան, եւ մենք որոշեցինք օգտագործել առիթն ու վերջապես «իրականության մեջ» ծանոթանալ, նստեցինք սրճարանում եւ հանգիստ խոսեցինք:
Տեղեկատվություն հիմնականում ստանում եմ տեղական եւ ադրբեջանական լրատվամիջոցներից: Բայց ավելի շատ տեղեկանում եմ ֆորումներից` վիրտուալ շփումների միջոցով: Նախընտրում եմ այդպես ստանալ տեղեկություններ, որովհետեւ որոշակի վերապահումներով եմ վերաբերվում ԶԼՄ-ների տարածած լուրերին: Եթե կարդանք միայն ադրբեջանական ԶԼՄ-ներ, ապա նշանակում է, որ առանց նրանց հարձակմանը սպասելու, ինքներս պետք է գնանք պատերազմի, քանի որ, բացի հայերին ոչնչացնելու գաղափարից, դրանց մեջ ուրիշ բան գրեթե չես գտնի: Այսինքն, ինչ-որ օբյեկտիվ ինֆորմացիա, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, ի՞նչ են իրականում մտածում մարդիկ, ԶԼՄ-ների ասածից չես կարող հասկանալ: Իհարկե, ֆորումներում էլ եւ ադրբեջանցիների, եւ հայերի մեջ կան հայհոյողներ, բայց ես միանգամից դադարեցնում եմ նրանց հետ շփումս եւ «խոսում եմ» այն մարդկանց հետ, որոնց հետ հնարավոր է նորմալ քննարկել խնդիրները, եւ որոնց հետ շփումից կարող ես պատկերացում կազմել կատարվող իրադարձությունների մասին: Ինձ ծանոթ ադրբեջանցիները խոսում են այն նույն խնդիրների մասին, ինչ որ շարքային երեւանցին: Իհարկե, միայն նրանց խոսքերից ելնելով՝ չի կարելի դատել, թե ինչպես են մարդիկ ապրում Ադրբեջանում:
Իսկ այն, որ նրանք նավթ ունեն, իրենց իսկ բառերով, ոչ մի էական ազդեցություն չի ունենում հասարակության սոցիալական մակարդակի բարելավման վրա:
Արամ Հարությունյան – Մեկ անգամ եմ միայն հանդիպել ադրբեջանցու եւ լավ տպավորություն եմ ստացել նրանից: Բավականին բարձր մակարդակի, արտասահմանում կրթություն ստացած մարդ էր: Մի փոքր էլ անկեղծ զրուցել ենք:
Ես էլ եմ հիմնականում տեղեկությունները ստանում տեղական ԶԼՄ-ներից: Ավելի շատ սկսում եմ հետաքրքրվել, երբ ինչ-որ դեպք է լինում կամ ինչ-որ կարեւոր հարց է քննարկվում: Վիրտուալ երբեք չեմ առնչվել ադրբեջանցիների հետ, իմ կարծիքով՝ նման շփումները չեն կարող անկեղծ լինել: Անկեղծանալու համար պետք է մարդուն անձամբ ճանաչես: Չունեմ հստակ պատկերացումներ, թե ինչպես են մարդիկ ապրում Ադրբեջանում: Բայց կարծում եմ՝ վիճակը նույնն է, ինչ Հայաստանում. կան լավ ապրողներ, կան աղքատներ:
Համոզված չեմ, որ երիտասարդությունն այնտեղ օբյեկտիվ տեղեկատվություն է ստանում, օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ, թե ի՞նչ են նրանք դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում պատմում աճող սերնդին մեր ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին:
– Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը:
Է. Սարգսյան – Ես շատ եմ մտածել այս հարցի մասին, միանշանակ կարող եմ ասել, որ ինձ համար արժեքավոր է մարդու կյանքը:
Ա. Թուխիկյան – Բարդ հարց է: Իհարկե, մարդկային կյանքը կարեւոր է, բայց գլոբալ առումով ազգի կյանքն ուղղակիորեն կապված է տարածքների, հողի հետ: Դրանց միջեւ ընտրությունը կարելի է անել միայն կոնկրետ իրավիճակներում:
Ա. Հարությունյան – Եթե, Աստված չանի, անհրաժեշտություն լինի ընտրելու իմ հարազատների եւ հայրենի հողի միջեւ, ապա ամեն ինչ կանեմ, որ փրկեմ հարազատներիս: Բայց եթե ստիպված լինեմ ընտրելու իմ կյանքի եւ նախնիներիս հողի միջեւ, ապա կընտրեմ երկրորդը:
– Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները, բացի Ղարաբաղից, ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:
Է. Սարգսյան – Ինչո՞ւ ոչ,Ղարաբաղից բացի, այլ ընդհանուր հետաքրքրություններ եւս կարող են լինել: Չէ՞ որ մենք ամեն օր չենք ապրում Ղարաբաղով: Կարծում եմ, որ հաստատ այնտեղ էլ կլինեն մարդիկ, որոնց համար հակամարտությունն ամեն օրվա, ամեն րոպեի խնդիր չէ: Իհարկե, կգտնվեն նաեւ մարդիկ, որոնք ամեն գնով կուզեն խափանել ցանկացած համագործակցություն: Ինձ թվում է, որ կոնֆլիկտը դեռեւս երկար կշարունակվի: Գերմանացիներն ու ֆրանսիացիները եվրոպացիներ են, իսկ մենք ադրբեջանցիների հետ` ոչ: Իմ պատկերացմամբ՝ եվրոպացիներն ավելի բարեկիրթ են, իսկ դա նշանակում է, որ նրանք ներքուստ ավելի պատրաստ են համագործակցության եզրեր գտնելուն եւ հարցեր լուծելուն:
Ա. Թուխիկյան – Ընդհանուր շահ կլինի այն դեպքում, երբ կհայտնվի մեկ ուրիշ թշնամի կամ խնդիր, որը կսկսի սպառնալ երկու կողմերին էլ: Ընդհանուր շահեր կարելի է գտնել նաեւ թրաֆիկինգի դեմ համատեղ պայքարում, բնապահպանական հարցերի, աղետների դեպքում, բայց այդ ամենը ձեւական կլինի: Ձեր բերած օրինակը սկզբունքորեն մեր դեպքում էլ է հնարավոր, սա մենթալիտետի փոփոխության հարց է, փոխըմբռնման, ներելու, բայց, դատելով այսօրվա Ադրբեջանից, այդ օրը շատ հեռու է թվում:
Ա.Հարությունյան – Ես կարծում եմ, որ ընդհանուր շահը մեր պետությունների համար հենց այս հարցի կարգավորումն է: Ես էլ եմ ավելի լավատես, սերնդափոխությունը կբերի իր ազդեցությունը, եւ հաջորդ սերունդներն ավելի մեղմ կվերաբերվեն այս հարցին, այսքան ագրեսիվ չեն լինի: Կարծում եմ` ժամանակը մեր օգտին է:
– Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում` առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար:
Է. Սարգսյան – Ես բացառում եմ, որ հակամարտության հարցը կլուծվի Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ. հաստատ լուծումը դրսից կլինի: Ընդհանրապես մենք շատ բան չգիտենք, թե ի՞նչ է կատարվում «վերեւներում», ի՞նչ են պայմանավորվում, ի՞նչ են քննարկում: Եվ չեմ զարմանա, եթե մի օր նրանք որոշեն զիջել տարածքները:
Ա. Թուխիկյան – Ես էլ եմ համաձայն նման կարծիքի հետ, որովհետեւ այսօր փոքր երկրները միայնակ ոչինչ չեն որոշում: Եթե գերտերությունները ցանկանան, որ այս հարցը լուծվի, այն կլուծվի, իսկ թե ով կշահի եւ ով կտուժի` դա նրանց քիչ է հետաքրքրելու: Ու մենք ինչ էլ անենք, ոչինչ չի փոխվի: Ու անպայման չէ պատերազմ լինի, գուցե միայն ճնշումներ կլինեն:
Ա. Հարությունյան – Կարծում եմ՝ այս հարցը կլուծվի այն ժամանակ, երբ գերտերություններին դա ձեռնտու կլինի: Իսկ մինչեւ այդ նրանք հանգիստ կարողանում են երկու երկիր կառավարել իրենց ուզած ձեւով:
Զրուցեց Լենա ՆԱԶԱՐՅԱՆԸ