Դեգրադացված հերոսուհին

06/02/2008

Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում Բրիթնին հարձակվելու է լրագրողների վրա, սափրելու է գլուխը, իսկ վերջում բժիշկների ուղեկցությամբ հոգեբուժարան է տեղափոխվելու: Ներկայացման հեղինակներն ասել են, որ իրենք ցնցված են երգչուհու ճակատագրով: Այսօր դժվար է գտնել որեւէ մի թերթ կամ ամսագիր, որտեղ Բրիթնիի մասին գոնե մեկ տող չլինի: Ճանաչելի դառնալով ողջ աշխարհում` Բրիթնին խոցելի է դարձել: Եվ կարող է համարվել ժամանակակից այն հերոսուհին, որը միավորում է նեւրոտիկ անկեղծությունն ու գրոտեսկը: Ի դեպ, արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երգչուհի Բրիթնի Սփիրսը 14 օր կանցկացնի Կալիֆոռնիայի համալսարանի հոսպիտալի հոգեբուժական օգնության բաժանմունքում, որը գտնվում է Լոս Անջելեսում: Նա պետք է հիվանդանոցից դուրս գրվեր կիրակի օրը, բայց դա տեղի չի ունեցել: Սփիրսը հինգշաբթի օրը 72 ժամով հոսպիտալացվել էր անալիզներ տալու եւ հոգեբանական թեստեր անցնելու համար: Հիվանդանոցում փոփ երգչուհու մնալու ժամկետի երկարաձգումը հիմնավորված է այն բանով, որ Կալիֆոռնիայում գործող օրենսդրությանը համապատասխան, բժիշկները կարող են հիվանդին երկշաբաթյա ժամկետով հոսպիտալում թողնել այն դեպքում, եթե նա կարող է վտանգ ներկայացնել իր եւ շրջապատողների համար: Երգչուհու համար ներկայիս հոսպիտալացումն արդեն երկրորդն է տարեսկզբից ի վեր: