ՄԱԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի ծրագիրը

04/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին:

«Այդ հարցը կորոշվի կուսակցության ակտիվի փակ գաղտնի քվեարկությամբ»,- պատասխանել են ՄԱԿ-ի ղեկավարները: Եվ ահա երեկ վերջապես տեղի ունեցավ ՄԱԿ համագումարը, այդ փակ գաղտնի քվեարկությունը, եւ հանրությանը պարզ դարձավ այն, ինչ վաղուց արդեն հայտնի էր՝ կուսակցությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նրա օգտին էլ քվեարկել էին ՄԱԿ-ի 124 ակտիվիստները: Ի սկզբանե հայտարարվել էր, որ քվեարկվելու է ոչ թե անձերի, այլ ծրագրերի համար: Ակտիվիստներին հանձնարարվել էր ծանոթանալ բոլոր 9 թեկնածուների ծրագրերին, որպեսզի համագումարի օրը կատարեն իրենց ընտրությունը: Համագումարին ներկա էին կուսակցության 250 անդամներ եւ համակիրներ ՀՀ ամբողջ տարածքից: Ընդ որում` հիմնականում երիտասարդներ էին: Մինչ քվեարկությունը եւ քվեարկության ընթացքում փորձեցինք պատվիրակներից տեղեկանալ, թե կարդացե՞լ են արդյոք նախագահի 9 թեկնածուների ծրագրերը, որպեսզի այսօր որոշեն, թե ում ծրագրին են տալու նախապատվությունը: Նրանք սկզբում պատասխանում էին՝ «այո, կարդացել ենք»: Իսկ երբ հարցնում էինք, թե կարդացե՞լ են Ա. Գեղամյանի 164 էջանոց եւ Ա. Բաղդասարյանի 32 էջանոց ծրագրերը, նրանք պատասխանում էին՝ ոչ: Հետո սկսում էին արդարանալ, թե՝ ճիշտ է, ծրագրերը չեն կարդացել, սակայն հեռուստացույցով քարոզարշավին հետեւել են, թեկնածուներին ճանաչում են ու արդեն հստակ կողմնորոշում ունեն, թե ո՞ւմ են ընտրելու: Վերջապես ՄԱԿ-ի պատվիրակները թեկնածուի՞ն են ընտրելու, թե՝ նրա ծրագիրը: «Մեզ տրված է անձին ընտրելու հնարավորությունը»,- պատասխանեցին մարզերից եկած բազմաթիվ երիտասարդներ, ովքեր չցանկացան ներկայանալ: Նրանցից շատերը պատասխանեցին, թե ընտրելու են Ս. Սարգսյանին: «Ընտրելու ենք Սերժին, որովհետեւ նա կայացած քաղաքական գործիչ է, եւ կարծում ենք` կարող է մեր երկիրը դուրս հանել այս խայտառակ վիճակից»: Մարզից եկած մի երիտասարդ էլ ասաց, որ քվեարկության ժամանակ եւ փետրվարի 19-ի ընտրությանն իր ձայնը տալու է Լ.Տեր-Պետրոսյանին: «Որովհետեւ հոգնել եմ այս վիճակից եւ ուզում եմ մի գործ էլ ես անել: Ես այսօր մարզում աշխատանք ունեմ, բայց դրանով հնարավոր չէ ապրել: Ուզում եմ գործարարությամբ զբաղվել, սակայն չեմ կարողանում, որովհետեւ այս պայմաններում հնարավոր չէ: Սպանում են: Համոզված եմ, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը գա իշխանության, գործարարությամբ զբաղվելն ավելի հեշտ կլինի»,- պատասխանեց ներկայանալ չցանկացող երիտասարդը: Բավականին մեծ էր նաեւ չկողմնորոշվածների եւ 9 թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկել չցանկացողների քանակը: Դա պարզ դարձավ նաեւ քվեարկության ավարտին, երբ 250 պատվիրակներից ընտրությանը մասնակցել էին ընդամենը 199-ը: ՄԱԿ կուսակցության անդամ Հայկ Ղուկասյանն ասաց, որ բոլոր անունների վրա խաչ է քաշել: «Փետրվարի 19-ին էլ այդպես կանեմ: Այդ 9-ի մեջ չկա այնպիսի թեկնածու, որին ձայնս տամ: Ես գործարար եմ, կարողություն ունեմ, սակայն այսօր այնպիսի վիճակում եմ, որ ուզում եմ այդ ամենը թողնել ու Հայաստանից հեռանալ»,- ասաց Հ. Ղուկասյանը:

Ի դեպ, որպես համակիր՝ ՄԱԿ-ի համագումարին ներկա էր նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ նա 2006թ. նախարարի պաշտոնին առաջադրվել է ՄԱԿ-ի կողմից, թեպետ այդ կուսակցության անդամ չէ: Երեկ Ս. Սարգսյանի օգտին քվեարկեց նաեւ տիկին Պողոսյանը: «Ես ինչ էլ որ ասեմ, ձեզ կարող է անկեղծ չթվալ: Ես այսօր որպես կառավարության անդամ՝ աշխատում եմ այդ մարդու հետ: ՀՀ վարչապետի մասին է խոսքը: Ես կարծում եմ, որ այն հատկությունները, որոնցով օժտված է այս մարդը, երեւի թե այսօր ամենագերադասելին է մեր երկրի ղեկավարի համար: Նա ինձ հավատ ու հույս է ներշնչում: Ես գիտեմ, թե ինչ է իրականացվում մշակույթի ոլորտում: Հասարակությունը միանգամից ուզում է արդյունքը շոշափել, այդպես չի լինում: Մեր ոլորտում զարգացման հիմքը դրված է, եւ ժամանակը պետք է աշխատի, որ այդ ամենը դառնա իրականություն: Եվ ես հուսով եմ նաեւ, որ տարվա կեսից կբարձրացվեն նաեւ մեր ոլորտի աշխատավարձերը»,- ասաց Հ. Պողոսյանը: Ս. Սարգսյանի ծրագրի օգտին էր քվեարկել նաեւ ՄԱԿ-ի փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞ւմ ծրագրի օգտին է քվեարկել ինքը՝ Գուրգեն Արսենյանը: Այնուամենայնիվ, նա նշեց, թե կարեւորում է երկրի կայուն զարգացումը, ժողովրդագրական խնդիրների լուծումը: Բացի այդ` նա մեծ հույս ունի, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հայ ժողովուրդը կունենա լեգիտիմ նախագահ: Ըստ Գ. Արսենյանի` սատարել որեւէ ծրագրի, նշանակում է՝ պատասխանատվություն կրել այդ ծրագրի համար: «Եթե Սերժ Սարգսյանը չկատարի իր ծրագրային խոստումները, ապա ՄԱԿ-ը քննադատելու է նրան, սակայն ես չեմ ուզում պատկերացնել, որ ՀՀ նախագահի որեւէ թեկնածու կարող է լինել ստախոս եւ չկատարել ծրագրային խոստումները»,- ասաց Գ. Արսենյանը: Իսկ ակնկալիքներ ունե՞ն Սերժ Սարգսյանի ծրագրի իրագործմանը մասնակից դառնալու առումով: «Ցանկացած քաղաքական կառույց միշտ պատրաստ է ներգրավվել իր արժեհամակարգից բխող ծրագրերի իրականացմանը»,- պատասխանեց Գ. Արսենյանը: Իսկ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, թե ՄԱԿ-ը սատարելով Սերժ Սարգսյանին՝ որպես փոխհատուցում հույս ունի ՄԱԿ փոխնախագահ Գ. Ղոնջեյանի համար ստանալ ԿԲ նախագահի պաշտոնը: Հարցին պատասխանելով` Գ. Արսենյանն ասաց, թե իր կուսակցությունն ապրանքափոխանակությամբ չի զբաղվում: Նա նաեւ նշեց, որ քվեարկության արդյունքներից անկախ` կուսակցության կառույցներն ու անդամներն ազատ են ինքնուրույն որոշելու, թե ո՞ւմ են ընտրելու: Իսկ քարոզարշավին ՄԱԿ-ը չի մասնակցելու՝ բավարարվելով միայն սատարման մասին հայտարարություն անելով: Բավարարվա՞ծ է արդյոք ՄԱԿ նախագահը քվեարկության արդյունքներից. դա այն էր, ինչ ուզո՞ւմ էր: Հատկապես, երբ խոսակցություններ են շրջանառվում, թե Գ. Արսենյանը սատարելու հարցը որոշել է համագումարով լուծել, որպեսզի առաջին հայացքից պատասխանատվությունն իր վրա չվերցնի: Ի դեպ, քվեարկության ժամանակ պատվիրակներից ոմանք ասում էին, թե Սերժ Սարգսյանին սատարելու հարցը Գ. Արսենյանը վաղուց էր որոշել, իսկ համագումար հրավիրելը նրա «ֆիքստուլությունն» է: Գ. Արսենյանը, սակայն, իր անձնական դիրքորոշումը չհրապարակեց: Երեկ լրագրողները փորձեցին Գ. Արսենյանից մեկնաբանություն ստանալ, թե իր կարծիքով արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում: ՄԱԿ նախագահն այդ հարցին էլ կոնկրետ չպատասխանեց, սակայն ասաց, որ Ռուսաստանից Միխայիլ Խոդորկովսկու օրինակը միշտ իր աչքի առաջ է: