Երեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին:
Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին հավաքվածները նույնիսկ արդեն դիմում էին` պարոն նախագահով: Օրինակ, «նախագահ ջան, ղուրբանդ ըլնեմ», «Աստված քեզ օգնական»… եւ այսպես Սերժ Սարգսյանին ժողովուրդն ուղեկցում էր ավտոմեքենայից դեպի հարթակ, հարթակից` ավտոմեքենա: Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչեւ Սերժ Սարգսյանի ժամանումը մեծ համերգ էր: Ինչպես բոլոր տեղերում, այստեղ էլ, երգում էին Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աննա Խաչատրյանն ու Ֆորշը: Իսկ Շենգավիթ համայնքում` Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Հայկոն եւ Արսեն Սաֆարյանը…
Ս. Սարգսյանին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բացի թաղապետ Աղվան Գրիգորյանից, ուղեկցում էին նաեւ այդ համայնքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Սամվել Նիկոյանը: Ս. Սարգսյանը հավաքված բազմությանը, որի թիվն, ըստ կազմակերպիչների` անցնում էր 20.000-ից, խոստացավ նույնքան ակտիվ շփումների մեջ լինել նաեւ փետրվարի 19-ից հետո:
«Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել եւ չեմ խուսափելու: Բազմաթիվ անգամներ ԱԺ-ում, այլ տեղերում հարցնում են` ես ինձ պատասխանատու զգո՞ւմ եմ մեր երկրի այսօրվա վիճակի համար, եւ, առանց վայրկյան իսկ կասկածելու, ես ասում եմ` այո: Ես պատասխանատու եմ զգում, որ դեռեւս մեր երկրում կան աղքատներ, որ դեռեւս մեր երկրում կան հոռի երեւույթներ… Միեւնույն ժամանակ, ես պատասխանատու եմ զգում նաեւ, որ ՀՀ-ում կա մարտունակ բանակ, որ ՀՀ-ն պաշտպանված է, եւ որ դժվարությամբ, բայց Հայաստանը կամաց-կամաց առաջ է գնում, կյանքը կամաց-կամաց լավանում է: Ես երբեք գլխիկոր չեմ մնա մեր ժողովրդի առաջ, ես երբեք չեմ անի այնպիսի բաներ, որոնք կքայքայեն մեր տնտեսությունը: Ես երբեք չեմ անի այնպիսի քայլեր, որոնց համար դուք, իմ ընկերները, իմ մերձավորները, իմ համակիրներն ամաչելու առիթ ունենան: Ես երբեք մեր ժողովրդին բաժան-բաժան չեմ անելու, ընդհակառակը»,- իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը: Ըստ թեկնածուի` «ձախողված» թեկնածուներից մեկը` տեսնելով իր հաղթանակը, լուրեր է տարածում, թե Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու դեպքում բոլոր պաշտոններում` Պաշտպանության, ԱԳ նախարարի եւ այլն, ղարաբաղցիների է նշանակելու: «Փորձում են դրանով վախեցնել մեր ժողովրդին: Անշուշտ, դա ծիծաղելի է,- հակադարձեց Ս. Սարգսյանն ու հավելեց,- Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ինձ համար նշանակություն չունի մարդու ծագումը, եւ ես որտեղացի լինելով չէ, որ 15 տարիների ընթացքում մարդկանց պաշտոնի եմ նշանակել կամ թիմ ձեւավորել: Կառավարության կազմում կան 17 նախարարներ, եւ նրանցից ոչ ոք ղարաբաղյան ծագում չունի: Կառավարությանն առընթեր 8 մարմիններ կան, որոնցից միայն մեկի ղեկավարն ունի ղարաբաղյան ծագում»: Խոսքը կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի մասին է: «Նա էլ այդ պաշտոնին նշանակվել է իր կուտակած մեծ փորձի շնորհիվ: Նա, աշխատելով ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության պետի պաշտոնում, կարողացավ իրեն դրսեւորել, այնուհետեւ նշանակվեց ՀՀ Հարկային ծառայության պետ, եւ մենք 2007թ. բյուջեն գերակատարեցինք 50 մլրդ դրամով: Այնպես որ, այստեղ նույնիսկ ինչ-որ տեղ միգուցե ղարաբաղցիներն իրավունք ունեն ինձ կշտամբելու, բայց ես այդ կշտամբանքն էլ չեմ ընդունում, որովհետեւ նրանք գիտեն, որ ինձ համար ինչ-որ մեկին որեւէ պաշտոնի նշանակելու համար երկու կարեւոր հանգամանք կա. մարդու պրոֆեսիոնալ որակն ու մարդկային հատկանիշները: Վստահեցնում եմ, որ թույլ չեմ տա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հետընթաց Հայաստանում: Ընդհակառակը, կարծում եմ, մենք դեռ տեղ ունենք ազատ խոսքը դարձնելու որպես մեր լրատվության համար պարտադիր կանոն, վարվելակերպ եւ իր մտքերն անկաշկանդ արտահայտող մարդը մեր հասարակության մեջ պետք է լինի հարգելի մարդ: Զազրախոսները, սուտ վկայություն տվողները, բանսարկուներն իրենց տեղը պետք է զիջեն ուղիղ խոսք ասողներին: Երբեք թույլ չեմ տա, որ մեր տնտեսության շարունակական զարգացումը կանգ առնի»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Քաղաքականությունն անբարոյականություն չէ
Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպումը նույնպես բազմամարդ էր: Այստեղ էլ Ս. Սարգսյանը խոսեց` ղարաբաղցիներով պետական ապարատը ձեւավորելու մասին թեկնածուներից մեկի տարածած, իր իսկ ասելով` «սուտ» լուրերի մասին: «Պետական պաշտոնում գտնվելու ժամանակ պետական հարաբերությունները միշտ փորձում եմ համեմատել անձնական հարաբերությունների հետ, եւ համարում եմ, որ այն ղեկավարը, այն պաշտոնյան, ով չի կարողանում շփվել ժողովրդի հետ, նա, ով կտրված է ժողովրդից` քոռ կոպեկ չարժե: Ընդհանրապես, երբ մարդն ընկեր, ընկերական շրջապատ չունի, ապա ինչքան էլ խելոք, հարուստ լինի` ոչինչ չարժե»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` խոստանալով երբեք ժողովրդի վստահությունն «ի չարս» չգործադրել: «Խոստանում եմ ՀՀ ամենաբարձր պաշտոնում գտնվելու ժամանակ միշտ հաշվի առնել, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ: Մարդը չի կարող մի տեղում անբարոյական լինել, մյուս տեղում` բարոյական: Մարդը չի կարող քաղաքականության մեջ անբարոյական լինել, ընտանիքում` բարոյական, մարդը չի կարող ընկերական շրջապատում բարոյական լինել, քաղաքականության մեջ` անբարոյական: Ես այսպիսի մոտեցումներով եմ առաջնորդվում եւ առաջնորդվելու: Տարբեր թեկնածուներ են այստեղ գալիս, եւ այդ մարդկանց ներկապնակում միայն մեկ գույն կա` սեւը, եւ, իրոք, այդ մարդիկ երեւի մեղավոր չեն, որովհետեւ եթե քո ներկապնակում միայն մեկ գույն է, դու չես կարող այլ գույն օգտագործել:
Պետք է ասելիք ունենաս, որպեսզի գաս-հանդիպես մարդկանց հետ ու ասես` ես սա անելու եմ, իսկ սա` ոչ: Աստված մի արասցե, եթե ձախողումներ ունենամ, երբեք դրանք չեմ արդարացնելու ուրիշների գործունեությամբ: Երբեք մեր տնտեսությունը չեմ քայքայելու ու հետո գամ-ասեմ, որ այս տնտեսությունը պետք է քայքայվեր: Ոչ մի պարագայում չեմ թույլատրելու, որ իշխանություններն անտարբերության մատնեն մեր ժողովրդի պրոբլեմներն ու ակնկալիքները: Գալու եմ նորից ժողովրդի մոտ ու ասեմ՝ այո՛, այս պրոբլեմը կա, եւ այն կարող ենք լուծել մեկ, երեք, հինգ տարում, բայց երբեք չեմ խուսափելու դրա մասին խոսելուց»,- ասաց նա: Ս. Սարգսյանի հավաստմամբ` նորմալ մարդը պետք է խոստանա այն, ինչ կարողանալու է կատարել, որովհետեւ մարդը, որն ակնկալիքներ ունի բարձր դիրք զբաղեցնելու, իրավունք չունի հետո ասել` կներեք, իմ հաշվարկները սխալ էին: «Իմ հաշվարկները համընկնում են մեր հնարավորությունների հետ, ունենք հնարավորություն կարճ ժամանակ հետո ապրելու ավելի լավ»,- վստահեցրեց նա: «Խնդրում եմ` լինելով նախագահ՝ մեր հույսերը չխորտակեք, էն մութ տարիները, որ Լեւոնի ժամանակ ապրել ենք` չապրենք էդ տարիները»,- Շենգավիթ համայնքում` դիմելով Ս. Սարգսյանին, ասաց մի տարեց կին: Ի պատասխան՝ Ս. Սարգսյանն էլ ասաց. «Եթե ես որեւէ գործողությամբ ձեր հույսերը չիրականացնեմ, ուրեմն ես աշխարհի ամենավատ մարդն եմ»: