Չենթարկվեք սադրանքներին

04/02/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել են բոլոր քարոզարշավների ժամանակ, նաեւ՝ այլ երկրներում: Սակայն կոչ եմ անում բոլորին` չփորձել ստեղծել սադրանքներ եւ չենթարկվել սադրանքների: Հանրահավաքներ կազմակերպողները նաեւ պատասխանատվություն են կրում այդ հանրահավաքներում կարգ ու կանոնի համար: Սա ոչ ոք չպետք է մոռանա: Մնացել է մի քանի շաբաթ, հուսով եմ, նույնիսկ համոզված եմ, որ ամեն ինչ հանգիստ կանցնի: Պետական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնելու են լիարժեք մակարդակով, եւ այստեղ ոչ ոք թող կասկած չունենա»: Նա ավելացրել է, թե Ոստիկանությունում գործում է «թեժ գիծ», իսկ ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ քննչական խումբ: «Իրենք պարտավոր են քննել բոլոր դեպքերը եւ հանրությանը պարբերաբար տեղյակ են պահելու, թե ինչ է արվում այս կամ այն միջադեպի հետեւանքները շտկելու համար»,- ավելացրել է Ռ. Քոչարյանը: