«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն այդ ժամանակ մարդասիրական քայլ կատարեցին, մինչդեռ անհրաժեշտ էր, որ երկրի «հանձնում» լիներ եւ հստակեցվեր, թե ինչ վիճակում էին նրանք այն թողնում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: «Ի՛նչ է, ժողովուրդը մոռացա՞վ այն բոլոր երեւույթները, որոնք կարող էին եւ չլինել: Մենք հասկանում ենք, որ երկիրը ծանր վիճակում էր, սակայն մեր ժողովրդի «գլխին կապեցին» բազմաթիվ անարդարություններ, ինստիտուցիոնալ փլուզում, կոռուպցիոն դրսեւորումներ: Նրանց թվում է, թե ժողովուրդն այդ ամենը մոռացե՞լ է: Ո՛չ, չի՛ մոռացել»,- հավելել է նա: Ա. Պետրոսյանին զայրացնում են քարոզարշավը «խուժան կռվի» վերածելու փորձերը, որոնք, ըստ նրա` արվում են նաեւ ՀՀ առաջին նախագահի թիմի կողմից: «Նման էժանագին խոստումներով ո՞ւր են ժողովրդին տանում: Չէ՞ որ Լ. Տեր-Պետրոսյանն իշխանության գլխին է եղել եւ գիտի, որ իր ասածներն իրականանալի չեն: Էժանագին խոստումներ պետք չէ տալ, ժողովրդին պետք չէ պատրանքաթափ անել: Չեմ հավատում նրանց, ովքեր իրենց փրկիչների տեղ են դնում. Փրկիչը մեկն էր, որին խաչեցին»,- ասել է նա` վստահեցնելով, թե ոչ ոքի չի հաջողվի գունավոր հեղափոխություններ անել այստեղ, քանի որ` «ժողովուրդը երբեք սրան չի գնա»: