Ասում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները եւ ագրեսիվ տրամադրությունները:
Ինքս բազմիցս քննադատել եմ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը եւ փորձել խնդիրների լուծման ուղիներ առաջարկել: Բայց այն քննադատությունը, որ լսվում է այսօր, եւ այն «առաջարկները», որ արվում են, վեր են ոչ միայն տնտեսագիտական օրինաչափություններից, այլեւ պարզ մարդկային տրամաբանությունից:
Նախ` քննադատողների մասին: Եթե անարդար մասնավորեցման, մենաշնորհների, կոռուպցիայի մասին խոսում է դրանից ակամա տուժած հասարակ քաղաքացին, գործարարը կամ տնտեսագետը, կարելի է հասկանալ: Բայց երբ դրանից խոսում են իրենք` այդ արատների ճարտարապետները, մնում է առնվազն զարմանալ եւ հարցնել` իսկ ի՞նչ էր կատարվում Հայաստանում 1990-1998թթ.:
Մասնավորեցման մասին: Մասնավորեցման մասին 1992թ. ընդունված օրենքի կոպիտ խախտումներով, ձեռնարկությունների բացահայտ թերագնահատումներով, օտարվեց երկրի ազգային հարստության մեծ մասը: Հիշեցնենք, որ ընդամենը 22 սերտիֆիկատով (յուրաքանչյուր սերտիֆիկատի շուկայական գինը մոտ 3000 դրամ էր) կամ 66 հազար դրամով սեփականաշնորհվել է Մեղրու գինու գործարանը, ՀՀՇ տեղական կառույցների ղեկավարները միայն 315 սերտիֆիկատով գնեցին Փարաքարի գինու գործարանը, 250 սերտիֆիկատով` Ապարանի կարի ֆաբրիկան, 3880 սերտիֆիկատով՝ Եղվարդի կոշիկի ֆաբրիկան, 17.240 սերտիֆիկատով` Երեւանի ժամացույցի գործարանը եւ այլ ձեռնարկություններ: Ավելացնենք միայն, որ հենց առաջին նախագահի օրոք կոպտորեն խախտվեց մասնավորեցման հիմնարար սկզբունքը, այն է` որեւէ ձեռնարկություն պետք է մասնավորեցնել այն ժամանակ, երբ այն վնասով է աշխատում, եւ հիմնավորվում է, որ դրա պետական կառավարումն արդյունավետ չէ: Մասնավորեցման հիշյալ շրջանում չի կարելի հիշատակել մի դեպք, երբ մասնավորեցվել է վնասով աշխատող որեւէ ձեռնարկություն, որից հետո այն սկսել է շահույթով աշխատել: Հակառակ օրինակներ` որքան ասես. թերագնահատվեցին եւ սեփականաշնորհվեցին շահույթով աշխատող ձեռնարկություններ, որոնց գործունեությունը դադարեցվեց, իսկ ունեցվածքը` յուրացվեց:
Մենաշնորհներ: Չմոռանանք, որ հենց ՀՀՇ-ի օրոք ձեւավորվեց չարիք դարձած մենաշնորհներից ամենախոշորը` «ԱրմենՏելը», որից մինչ օրս դժվարությամբ ենք ազատվում: Կարծում եմ, ավելորդ է մեկ առ մեկ թվարկել այն ոլորտները, որտեղ ձեւավորվեցին հայկական մենաշնորհների ոչ բարի ավանդույթները, այդ թվում՝ ամբողջ գործարանների ունեցվածքն՝ իր օգտագործվող եւ դեռ չգործածած նորագույն տեխնոլոգիաներով, դեպի արտերկիր որպես մետաղի ջարդոն արտահանելը: Նույնը` պատերազմող երկրից հարյուրավոր միավոր զինտեխնիկայի վաճառքը` դարձյալ ջարդոնի անվան տակ: Ավելին, թերեւս պետք չէ թվարկել` հաշվի առնելով ժողովրդի թարմ հիշողությունը եւ ազգային անվտանգության որոշ նկատառումներ:
Դրամի փոխարժեքի տատանումների մասին: Նախ` 1993թ. չգիտես թե որ հանճարեղ տնտեսագիտական հաշվարկով, անտեսելով արժույթների գնողունակության պարիտետային սկզբունքները, սահմանեցին առնվազն ոչ թե 1 դոլարը՝ 100 դրամ հարաբերակցություն, այլ` 1:14,5: Այս սխալ հաշվարկի արդյունքում արդեն իսկ սպասվող արժեզրկումը՝ ինֆլյացիան, մի քանի օրում վերածվեց գերարժեզրկման` հիպերինֆլյացիայի: Մյուս ակնհայտ եւ անհերքելի սխալը շրջանառության մեջ թղթադրամի հետ մանրադրամ չմտցնելն էր: Պարզաբանենք. եթե, ասենք, մեկ տուփ լուցկին պետք է արժենար, ասենք՝ 10 լումա, լումայի չգոյության պայմաններում, հարկադրված` թանկանում է եւ չափվում է դրամներով: Ահա եւ դրամի արագ արժեզրկման մեկ այլ պատճառ, որը շարունակում է սասանել ազգային դրամի դիրքերը:
Բանկային համակարգ: Ընդհանուր առմամբ, դրամավարկային անարդյունավետ քաղաքականության, բանկային համակարգի անկատարության առումներով ՀՀՇ-ի պաշտոնավարման տարիները, մեղմ ասած, առանձնահատուկ էին: Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ առաջին նախագահի ներկայիս նախընտրական ծրագիրը պարունակում է մի դրույթ, որի պատասխանատուն հենց ինքն է, եւ իր օրոք, մեղմ ասած, հարկ էլ չի համարել անգամ հիշատակել դրա մասին: Խոսքը, այո՛, խաբված ավանդատուների եւ Խնայբանկի ավանդների մասին է, որի պատասխանատուն հաջորդող իշխանություններն են: Իսկ այսօր առաջին նախագահը ծրագրում է «Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով»:
Իրականում, վերը նշվածն ընտրովի հատվածներ չեն ծրագրից: Առաջին նախագահի տնտեսական հիմնադրույթների պատասխանատուները, ցավոք, հեռու են տնտեսագիտական տարրական հաշվարկներ կատարելու ցանկությունից: Դրանք ոչ միայն բացակայում են «Հանդարտ խոհեր» կոչվող ծրագրում, այլեւ՝ թեկնածուի հանրային ելույթներում: Բավական է, որ Կառավարությունը բարձրացներ կենսաթոշակները 60%-ով, մյուս թեկնածուները սկսեցին աննախադեպ ռեկորդներ արձանագրել, ասես աճուրդային մրցակցության մեջ ներքաշելով մեկը մյուսին: Ոմանք առաջարկեցին կենսաթոշակները բարձրացնել երկու անգամ, ոմանք` երեք, իսկ ահա երկրի առաջին նախագահի կողմից խոստում հնչեց՝ այն քառապատկել: Ուշադրություն դարձնենք հետեւյալ իրողության վրա. եթե այսօր կենսաթոշակները մոտենում են հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, ապա քառապատիկը` գրեթե չորս հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք գումարը բազմապատկած մոտ վեց հարյուր հազար կենսաթոշակառուների թվով, ՀՀ նոր նախագահից կպահանջի մոտ երկու անգամ այսօրվա պետական բյուջեից ավելի գումար հայթայթել միայն կենսաթոշակների համար: Արդյո՞ք այս «իրատեսական» հաշվարկին մասնակցել է որեւէ տնտեսագետ: Մեզ համար այս հարցը մնում է անհասկանալի հատկապես այն պատճառով, որ հարկերը եւս առաջին նախագահը խոստանում է իջեցնել:
Վերը նշված տարիմաստությունների շարքը կարելի է շարունակել: Եվ այս պարագայում բնավ էլ նպատակ չունենք ակնկալել տնտեսագիտական խորը գիտելիքներ հենց թեկնածուից, մինչդեռ նրա թիմակիցները, նման անիրատեսական խոստումներ շռայլելուց առաջ, պարտավոր են լրջորեն մտահոգվել: Խոստումներ, որոնք բնավ չեն նպաստում թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Ի դեպ, «թիմը եւ թիմակիցները» թեման ավելի քան արդիական է: Նրանք են, որ կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն ոչ այնքան այսօր` քարոզարշավի ժամանակ, որքան վաղը` երբ գա խոստումները կատարելու ժամանակը: Այս թեման, սակայն, դուրս է մեր դիտարկման շրջանակներից եւ առանձին քննարկման առարկա է…