Գավառական սյուժե

04/02/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` կարողացել է հաղթահարել թուլությունը խմիչքի հանդեպ: Համարել, որ Բուշն անկեղծության դասական օրինակ է եւ, որ նույն անկեղծությամբ նա կարող է խոսել Իրաքում սանձազերծած պատերազմի, Իրանի ատոմային ծրագրի կամ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի իրական նպատակների մասին, լուրջ չէ: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ի նման գերհզոր պետության քաղաքացիներին Բուշի` հեռուն գնացող քաղաքական ծրագրերը, սովորաբար, շատ չեն հետաքրքրում: Նրանց առավել հետաքրքիր է իրենց երկրի ղեկավարի մարդկային գործոնը. մարդիկ սիրում են իրենց նախագահի մեջ տեսնել ոչ միայն գերհզոր պետության ղեկավարի, այլեւ մի հասարակ մարդու, որին խորթ չեն ամեն կարգի թուլությունները, ասենք, ընդգծված սերը խմիչքի, մոլախաղերի, կանանց հանդեպ: Վենեսուելայի առաջնորդն էլ, որ իր երկրի համապատասխան մասնագետների կողմից օրերս մեղադրվեց թմրամոլության մեջ, իր ժողովրդին կոչ արեց առավոտյան վաղ հետեւել իր օրինակին եւ կոկայի տերեւներ ծամել. դա թարմացնում է ուղեղը: Երբ երկրի ղեկավարը ժողովրդի հետ շփվում է առանց փողկապի, առանց պայմանականությունների, փորձում է նրանց հետ անկեղծանալ, ժողովրդի ականջին նման անկեղծությունները հաճելի են` անկախ դրանց լրջության աստիճանից: Հայաստանի կամ ԱՄՆ-ի ու Վենեսուելայի քաղաքակրթությունները, քաղաքական մշակույթները խիստ տարբեր են: Եվ գուցե համեմատելը տեղին չէ: Սակայն, այնուամենայնիվ…

Երբ մեր քաղաքական գործիչներին որեւէ հեռուստալրագրող փորձում է հարցնել նրա թերությունների, թուլությունների, բացասական գծերի մասին, պատասխանը, որպես կանոն, այս շեշտադրումն է ունենում. «Գիտե՞ք, աղավնյակս, իմ թերությունները բազում են: Կարող եմ դրանց մասին երկար խոսել, սակայն ժամանակը, ցավոք, կարճ է: Պարզապես կառանձնացնեմ առավել ակնառու թերություններս: Առաջինն իմ անսահման բարությունն է: Օ՜, որքան տառապանք է այն ինձ պատճառել: Մյուս, առավել ծանր թերությունս, որը կարելի է անգամ արատ համարել, մարդկանց անվերապահորեն հավատալու իմ կարողությունն է»: Ապա, որպես մահացու թերություններ, թվարկվում են մարդկության կողմից մինչ օրս հեզության էտալոն համարվող բնավորության այնպիսի գծեր, որոնք հատուկ են միայն ճգնավորներին ու հրեշտակներին: Կեղծ բարեպաշտությունը եւ սեփական թերությունները ոչ մի կերպ չտեսնելու հմտությունը մեր ղեկավարներից եւ քաղաքական գործիչներից ոչ մեկին թույլ չեն տվել մինչ օրս իրենց անձի մասին որեւէ թթու խոսք ասել: Երկրում վերջին 15 տարիներին կատարված սխալների մասին որեւէ մի պաշտոնյայի շուրթերից ներողամտություն հայցող խոսքեր չեն լսվել: Իսկ ժողովուրդը սպասում է:

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես ժողովրդից ներողություն խնդրելու լուրջ պատճառ՝ նշում է այն, որ 1998-ին իր հրաժարականը խստաշունչ ձմռանն է տվել եւ, այդպիսով` նախագահական ընտրություններն ու դրան նախորդող ընդդիմության հանրահավաքները տեղի են ունենում բնավ ոչ թավշյա աշնանը կամ տաքուկ գարնանը, որ իր հիմնական մեղքը Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն էր, գուցե թե ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն, ինչպես Մյունհաուզենը կասեր` այն չէ:

Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը բացականչում է, թե մինչ ինքը երդվել է իր կյանքը զոհաբերել հանուն, կարծես, ժողովրդի, նույն այդ ժողովրդից ինքն ակնկալում է ընդամենը խիզախություն: Գուցե պաթետիկ է, բայց դարձյալ այն չէ: Նախագահական նախորդ ընտրություններին, երբ դրանք հերթական անգամ եւ ակնհայտորեն կեղծվել էին հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցությունը չդատապարտեց ժողովրդի կամքը քամահրած իշխանություններին եւ, ոչ միայն իր կյանքը, այլեւ հավակնությունները չզոհաբերեց: Փոխարենը գնաց եւ գլխիկոր լրացրեց այդ իշխանությունը:

Երբ իշխանությունները մեր անառողջ տնտեսական համակարգի, կոռուպցիայի ծաղկման եւ բարոյալքված հասարակության գլխավոր պատճառն են համարում նախկիններին եւ իրենց քարոզչամեքենայի միջոցով ցուցադրում են 1990-92 թվականները, դա չափազանց ցածր ու անհամոզիչ է: Մարդուն, հասարակությանը հիշեցնել այն բարդ օրերը, երբ յուրաքանչյուր ընտանիք իր անձնական ողբերգությունն ուներ, երբ երկրաշարժ, պատերազմ տեսած երկիրն ահավոր վիճակում էր եւ մարդկանցից շատերն օբյեկտիվորեն չէին դիմանում այդ զրկանքներին, բավական նսեմ գործ է: Անգամ ծերուկ Ֆրեյդն էր ասում, որ անթույլատրելի դաժանություն է մարդկանց հիշեցնել իրենց կյանքի` զրկանքներով, վախերով, դառը հուշերով հարուստ դրվագները:

Մարդկանց, ժողովրդին խնայելու, ինֆորմացիոն տեռորի չենթարկելու մեծահոգություն որեւէ պետական ինստիտուտից կամ պաշտոնյայից սպասելը դատարկ գործ է: Այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ ընտրությունների օրը, սակայն մեզ կողմնորոշվելուն օգնո՞ւմ են նախընտրական ռեպորտաժները տարբեր մարզերից: Ժողովրդին պարտադրաբար հրապարակներ քշելն արվում է նվաստացուցիչ անկեղծությամբ` իշխանություններով հիացած ժողովրդի իմիտացիա ապահովելու եւ ընտրությունների կեղծիքները լեգիտիմացնելու նպատակով: Այնքան տխուր է տեսնել բարալիկ հագուստներով այն աղջիկներին, որոնք խստաշունչ այս եղանակին դողդողալով աղուհաց են մատուցում ՀՀ նախագահի ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուներին, դիտել թեկնածուներին հրապարակներում դիմավորող մանկական պարային խմբերի երեխաներին, որոնք տերեւի պես դողալով, բայց, այնուամենայնիվ, պարում են: Այս ամենն այնքան գավառական սյուժե է: Իսկ այն գլխավորը, որը թույլ կտար կողմնորոշվել մարդկանց, չկա: Եվ որքան էլ մյուս թեկնածուները փորձեն հավատացնել, որ իրենք են Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլում հայտնվող այն միակը, այդպես չէ: Գլխավորն այս դեպքում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմառդեմ հանդիպումն է: Այս դեպքում թերեւս լրագրողների ներկայությունն էլ ավելորդ է, եթե չասենք` խոչընդոտող, քանի որ, ինչպես իրականությունն է ցույց տալիս, անգամ մամուլի ասուլիսը, որը հարցուպատասխանի, թվում է, ամենադեմոկրատական միջավայրն է, չի տալիս հասարակությանը հուզող հարցերի պատասխանները եւ մեկնաբանվում է, իբր այսպիսով հարցերը թեկնածուներին սպառված են: Մնում է միայն ընտրել: Հասարակությունը, որքան էլ մշակութային, քաղաքակրթական ռեգրես է ապրում, այնուամենայնիվ, բաղկացած է բանական, մտածող արարածներից, եւ այն հարցերը, որոնք իրենց պատասխաններին են սպասում, օդից կախված են: Դրանց պատասխանները գեղեցիկ խոսքերով, ալեգորիաներով կամ սեփական կյանքը ժողովրդի համար չխնայելու հավաստիացումներով չեն տրվում: Այն չէ: