«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը` նշելով, որ մայրաքաղաքում ԱՄԿ-ն ունի 12 շտաբ-գրասենյակներ եւ 147 տարածքային կազմակերպություններ, քարոզարշավի սկզբից շտաբներին կից ստեղծվել են 421 աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ Ա. Գեղամյանի վարկանիշն օրեցօր բարձրանում է։ Ա. Գեղամյանի հեղինակության բարձրացման մասին խոսելիս, Ս. Մուրադխանյանը վկայակոչել է նաեւ «Գելլափի» հարցման արդյունքները, ըստ որի, Ա. Գեղամյանը 3-րդ տեղում է` 6 տոկոս ցուցանիշով: Լրագրողների հարցին, թե ինչու է Ա. Գեղամյանն իր ելույթների մեծ մասը նվիրում մյուս թեկնածուների քննադատությանը, այլ ոչ թե իր ծրագրի ներկայացմանը, Ս. Մուրադխանյանը պատասխանել է, որ եթե Գեղամյանն իր ելույթներում անդրադառնում է նաեւ այս կամ այն քաղաքական գործչի ասածներին, ապա «նա այդ անում է հանուն «սուրբ» նպատակի` այսինքն, նա այդ գործիչների ասածների եւ գործերի մեջ տեսնում է սպառնացող վտանգ ՀՀ պետականությանը, հայ ժողովրդի ապագային, ուստի ստիպված է անդրադառնալ դրանց, որպեսզի պարզաբանի ժողովրդի համար»: Ս. Մուրադխանյանի խոսքով, իրենք Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերի մեջ հայրենիքին սպառնացող վտանգ են տեսնում: Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններից եւ հոդվածներից Ս. Մուրադխանյանը համոզվել է, որ «նա ժողովրդին բախման տանելու միտում ունի»: «Ժողովրդին մերոնքականների եւ ոչ մերոնքականների բաժանելով` նա իրեն չսատարող մարդկանց համարում է հայրենիքի դավաճան, թշնամի, սա արդեն նշանակում է, որ ինքը գիտակցաբար տանում է ընդհարման: Նա շատ լավ գիտի, որ նախագահ չի ընտրվելու, բայց ցանկանում է հանրապետությունում անկայուն դրություն ստեղծել»,- նկատել է Մուրադխանյանը: Լրագրողի դիտարկմանը, թե նույնպիսի ոգեւորությամբ ԱՄԿ թեկնածուին ընդունում էին նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, սակայն նրանք խորհրդարան չանցան, Ս. Մուրադխանյանը պատասխանել է. «Այո, ոգեւորված էին, բայց ընտրությունների արդյունքները չարտացոլեցին ժողովրդի իրական ոգեւորությունը»: «Մենք համոզված ենք, որ Գեղամյանը ընտրվելու է նախագահ»,-ասում է Ս. Մուրադխանյանը: Եվ սա այն դեպքում, երբ Լեւոն Տեր- Պետրոսյանի թիմից բազմաթիվ, պրն Մուրադխանյանի ձեւակերպմամբ` վայրահաչոցներ են հնչել ու հնչում Գեղամյանի հասցեին: «Որքան էլ առանձին վայ քաղաքական գործիչներ, իրենց նույնպես վայ քաղաքական ելույթներով փորձում են «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահին շեղել նախընտրական աշխատանքներից, չի ստացվում»,- ասում է Մուրադխանյանը՝ նկատի ունենալով ՀԺԿ-ն ներկայացնող եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող Գրիգոր Հարությունյանին։ «Գրիգոր Հարությունյանը Լեւոն էֆենդիի օրոք ընդամենը 2 վաուչերով Մեղրիի պանրի գործարանը սեփականացրած անձն է: Բնական է, որ Գրիգորը պետք է կանգնի Լեւոնի կողքին, ելույթներով փորձի պախարակել Գեղամյանին: Նրա նմանները, երբ ասում են՝ Լեւոն, պատկերացնում են, որ թալանելու նոր ժամանակներ են գալիս: Հին ախորժակները չեն կարող զսպել»,- ասել է Մուրադխանյանը: