Բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն կունենան

04/02/2008

Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Ս. Սարգսյանի հովանու ներքո իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի Համալսարանի երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին խրախուսելու, նրանց բնակարաններով ապահովելու եւ նրանց ներուժն օգտագործելու ի նպաստ համալսարանի եւ Հայաստանի: Առաջին փուլով բնակարանով կապահովվի 150 համալսարանական, եւս այդքանը` երկրորդ փուլով:

Արդեն ճշգրտված է բնակարանաշինության վայրը. այն տեղակայված կլինի Երեւանի Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի 55ա հասցեին հարող տարածքում` Բուսաբանական այգու հարեւանությամբ: Ի տարբերություն մայրաքաղաքում գործող շուկայական գների, որոնք 1քմ-ի համար 900-1300 ԱՄՆ դոլարի սահմաններում են, երիտասարդ գիտնականների համար նախատեսված բնակարանները 1քմ-ի համար կարժենան 170 հազ. դրամ (550 ԱՄՆ դոլար): «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության կողմից իրականացվող երկու մասնաշենքանոց բնակելի համալիրի շինարարությունը կսկսվի այս տարվա մարտ ամսից եւ կտեւի 18-20 ամիս: Նախատեսված է կառուցել 153 բնակարաններից բաղկացած ինը հարկանի բնակելի շենք` 2,3,4 սենյականոց բնակարաններով. հայտատուների թիվն ավելանալուն զուգահեռ՝ կքննարկվի եւս երկու շենք կառուցելու հնարավորությունը: Բնակարաններն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր հարմարություններով, ներքին հարդարանքով, կունենա կանաչապատ գոտի, երեխաների համար խաղահրապարակ, ավտոկայանատեղի:

«Կոնվերս բանկի» ներկայացուցիչը նշել է, որ բնակարանները հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ հիպոթեքային վարկավորմամբ: Իսկ թե այդ վարկավորումը քանի՞ տարի ժամկետով եւ որքա՞ն տոկոսադրույքով կլինի` դեռեւս պարզ չէ: Բանկի ներկայացուցիչը միայն ասել է, որ տոկոսադրույքներն անհամեմատ ցածր կլինեն այդ պահին շուկայում գործող գներից: «Միեւնույն է, ինչ էլ անենք` ասելու են՝ նախընտրական քարոզչություն է: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս ծրագրի վրա աշխատում էինք վաղուց, եւ նպատակը միմիայն այն է, որպեսզի կարողանանք շատ թե քիչ նորմալ պայմաններ ապահովել Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար: Թե ուրիշներն ինչ կասեն` իրենց գործն է»,- ասել է ՀՀ վարչապետը: Ս. Սարգսյանը նաեւ նշել է, որ ոչ բանկը, ոչ էլ շինարարական կազմակերպությունը չեն զբաղվում բարեգործությամբ, չեն աշխատում ի վնաս իրենց շահերի, պարզապես ակնկալվող մեծ շահույթից հրաժարվում են: «Սա պետք է օրինակ լինի մնացածների համար եւս: Երբ երկու տարի առաջ ասում էինք, որ պետք է այնպես անենք, որ Հայաստանում յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք հնարավորություն ունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու, սա նկատի ունեինք»,- ասել է Ս. Սարգսյանը: