Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: Նման կարծիք է երեկ հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: «Մամուլը պետք է իրեն անկախ համարի ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական սկզբունքների համար»,- ասել է նա: Անդրադառնալով քարոզարշավին` Ա. Հարությունյանը նշել է, որ այն չպետք է փոխադարձ վիրավորանքի վերածվի, քանի որ ընտրություններն անցողիկ են. պետք է կարողանալ հետագայում համագործակցել, աշխատել միասին: Ա. Հարությունյանն առաջին մարզային այցելությունը կկատարի փետրվարի 2-ին Գյումրի, Արթիկ եւ Թալին քաղաքներ, որտեղ էլ մարդիկ հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուին նրա նախընտրական ծրագրի վերաբերյալ: «Նախընտրական ծրագրերը մեծ մասամբ նման են իրար, սակայն ես բազմիցս ասել եմ, որ իմ ծրագիրը մյուսներից տարբերվում է մի քանի դրույթներով` կոնկրետ ընտրական համակարգի` իմ կողմից մշակված մոդելով, ընդդիմության մասին օրենքով, որով կամրագրվի նրա իրավունքները»,- ավելացրել է Ա. Հարությունյանը: Նրա դիտարկմամբ, վերջին օրերին անցկացրած քարոզարշավի ընթացքում իր վարկանիշը նկատելիորեն բարձրացել է: Իսկ սոցհարցումներին առանձնապես չի հավատում` այն համարելով գումար աշխատելու միջոց: Անդրադառնալով ընտրակեղծիքներին` Ա. Հարությունյանը նշել է, որ համամիտ չէ այն կարծիքի հետ, թե ընտրությունները կարող են կեղծել միայն իշխանության ներկայացուցիչները: «Եղել են դեպքեր, երբ ինձ փորձել են ներքաշել նման երեւույթի մեջ, իմ եւ մեկ այլ թեկնածուի օգտին Մասիսի շրջանի ընտրատարածքներից մեկում ձայներ ավելացնելու համար, սակայն ես մերժել եմ, եւ այդ ընտրատարածքում ընտրություններն արդար են անցել»,- ասել է նա` նշելով, որ արդար ընտրության հարցում շատ կարեւոր է ժողովրդի դերը. ամեն մարդ պետք է լինի իր ձայնի տերը: