Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի գործադիր տնօրեն Գել Լաֆտը: «Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց, որը ձեւավորում է համաշխարհային էկոնոմիկայի կառուցվածքը, եւ վերածվի սովորական բնական պաշարներից մեկի»,- հայտարարել է նա՝ դասախոսությամբ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Որպես օրինակ նա բերել է աղը, որը ժամանակին նույնպես եղել է ռազմավարական պաշար, քանի որ կարեւոր նշանակություն է ունեցել մթերքների պահածոյացման, արծաթի արտադրության եւ կյանքի այլ ոլորտների համար, սակայն այնուհետեւ դրա դերը հիմնական պաշարների շարքում միանգամայն փոխվել է: «Ինչո՞ւ պետք է մենք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում արտադրենք այնպիսի ավտոմոբիլներ, որոնք աշխատում են սոսկ ածխաջրածնային վառելանյութով»,- հռետորական հարց է տվել փորձագետը՝ օրինակ բերելով Բրազիլիան, որտեղ ավտոմոբիլների 80 տոկոսն ունի վառելիքի տարբեր տեսակներ օգտագործելու հնարավորություն: «Մեզ անհրաժեշտ է ապահովել այնպիսի ավտոմոբիլների արտադրություն, որոնց տերերը հնարավորություն ունենան ընտրելու բենզինի եւ վառելիքի սպիրտային տեսակների՝ էթանոլի, մեթանոլի, բութանոլի միջեւ»,- մատնանշել է Լաֆտը: Նա հիշեցրել է, որ վառելիքի այդ տեսակների արտադրության համար կարող են օգտագործվել ածխաթթվական գազը, որի մթնոլորտ արտանետումների ավելցուկների դեմ պայքար է գնում ամբողջ աշխարհում, սննդային մնացորդները եւ աղբը, ինչպես նաեւ՝ շաքարեղեգը եւ այլ գյուղատնտեսական մշակաբույսեր, որոնք բուծվում են աշխարհի տաք կլիմա ունեցող շատ երկրներում: «Դրանց թվում են Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրները, որոնք ընդհանուր առմամբ դրականորեն են տրամադրված դրանց նկատմամբ: Ուստի կան Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի՝ զարգացող աշխարհի համար էներգետիկական քաղաքականության վերակողմնորոշման բոլոր նախադրյալները»,- նշել է փորձագետը: Նրա կարծիքով, դա կարող է դառնալ Արեւմուտքի արտաքին քաղաքականության կարեւորագույն վեկտորներից մեկը, քանի որ կարող է բարելավել զարգացող երկրների բարեկեցությունը եւ դրանց երկար ժամանակով դարձնել համաշխարհային էներգաանվտանգության համակարգի հանգուցային օղակ: Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում չե՞ն տուժի արդյոք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նավթընկերությունների շահերը, Լաֆտը հիշեցրել է, որ նրանց կողմից վերահսկվող միագումար պաշարները կազմում են համաշխարհային պաշաների 8 տոկոսից ոչ ավելին: «Իսկ ածխաջրածնային պաշարների հիմնական զանգվածը կենտրոնացած է այնպիսի երկրների ձեռքին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Վենեսուելան, Ռուսաստանը, որտեղ դրանք ազգայնացված են եւ գտնվում են պետության վերահսկողության ներքո: Այդ երկրների կառավարություններն ունեն այլ նպատակներ, քան պարզապես շահույթ ստանալը, նրանց գլխում աշխարհաքաղաքական եւ գաղափարախոսական շահեր են»,- ընդգծել է փորձագետը: Նրա կարծիքով, տեսանելի ապագայում նավթի գները կմնան բարձր մակարդակում, քանի որ նավթարդյունահանող տերությունները, ամենից առաջ՝ ՕՊէՔ-ի երկրները, չեն ձգտի ավելացնել հանույթը, այլ կշարունակեն ստանալ մեծ եկամուտներ՝ օգտվելով նավթի համաշխարհային շուկայի շահավետ կոնյունկտուրայից: