«ԳԵԼԼԱՓԻ» հետազոտությունն արված է բարձր մակարդակով

04/02/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը:

Նա նշում է, որ կան նաեւ բացասական երեւույթներ, բայց հանրային կարծիքի համար կոռեկտ, գաղափարական մրցապայքարի պահանջարկ կա: Իսկ անձնավորված, մեկը մյուսին նսեմացնող վիրավորանքները հասարակության կողմից չեն ընդունվում, եւ դա արդեն շատ լավ նշան է: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեկնածուն նաեւ անդրադարձավ իր` Սահմանադրական դատարան դիմելու խնդրին. «Արդեն հայցադիմումը պատրաստ է, եւ իմ կողմից լիազորված փաստաբանները կներկայացնեն այն Սահմանադրական դատարան: Մենք վիճարկում ենք Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որը վերաբերում է նախկին օրենսգրքի երկրորդ հոդվածի երկրորդ կետին, այն է` «Արտասահմանում բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովում են ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները` սույն օրենսգրքով եւ ընտրական օրենսգրքի սահմանած կարգով»: Քանի որ այս կետը հանված է, ես դա դիտարկում եմ նաեւ՝ որպես նախագահի թեկնածու` իմ իրավունքների ոտնահարում, եւ այս հիմնավորմամբ դիմում եմ Սահմանադրական դատարան: Ինձ հետ համագործակցող իրավաբաններին լիազորում եմ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա համանման հայցով մտնի Սահմանադրական դատարան ու նույնպես պահանջի արտերկում բնակվող մեր քաղաքացիների արմատական իրավունքը: Վստահ եմ, որ կատարվել է լուրջ անարդարություն մեր համաքաղաքացիների նկատմամբ: Արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, քանի որ տնտեսական կյանքում լուրջ ներդրում ունեն: Եվ այդ անարդարությունը, բացի այն, որ մարդկանց շահերն է ոտնահարում, դուռ է բացում նաեւ ընտրակեղծիքների համար: Այստեղ, ընտրությունների օրը, քանի որ նրանց անուններն ընդգրկված են ընտրացուցակներում, դա կարող է կեղծարարների համար կեղծելու լուրջ հիմք հանդիսանալ»: Թեկնածուն առայժմ չգիտի, թե ովքեր են կեղծողները, ասում է` երբ տեղում բռնեն` կիմանա. «Ելնելով անմեղության կանխավարկածից` որեւէ մեկին ի սկզբանե մեղադրանք չեմ ներկայացնում: Սակայն իմանալով անկախացումից ի վեր ընտրական պրակտիկան, ենթադրում եմ, որ դրանք կարող են լինել»,- նշեց Ա. Մելիքյանը` ավելացնելով, որ անգամ եթե նախագահ չընտրվի, շարունակելու է բարձրացնել այդ հարցը: Թեկնածուն նախընտրական շրջանում մարզային այցելություններ դեռեւս չի արել, քանի որ, ըստ նրա, իրենց նախընտրական մարտավարությունը չի ենթադրում որեւէ մեկին անհանգստացնել: Նրա խոսքերով` զուտ մարտավարական առումով, պաստառների տեղ չի փնտրում, որովհետեւ այդպիսիք չունի եւ չի էլ պատրաստվում փակցնել, շտաբներ եւս չունի. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արձագանքել մեզ հետ հանդիպելու ցանկացած առաջարկին: Այսինքն, եթե կա նախաձեռնություն ընտրողի կողմից, անպայման հանդիպումը կայանում է: Եվ այս հանդիպումները նաեւ թույլ են տալիս գնահատելու ՀՀ-ում առկա մարդկային ռեսուրսները, պոտենցիալը: Կարող եմ ասել, որ այդ պոտենցիալը լավն է, պարզապես առկա պայմանները հնարավորություն չեն ընձեռում, որ այն իր ողջ ծավալով դրսեւորվի: Ինչ վերաբերում է այցելություններին, համոզված եմ, որ հաղթանակն այցելություններից չի կախված եւ, ի դեպ, «Գելլափի» արդյունքներն են ցույց տալիս, որ այս կամ այն թեկնածուին քվե տալու առումով հանդիպումներն առաջնային գործոն չեն: Ինձ համար կարեւորն այն է, որ այդ հանդիպումները լինեն ընտրողների նախաձեռնությամբ եւ ոչ թե իմ կողմից պարտադրված: Հարգելով իմ ընտրողներին եւ ՀՀ քաղաքացիներին` պարզապես չեմ ցանկանում պարտադրել իմ անձն այդ մարդկանց: Այսօր հայտնի է, որ շատ դեպքերում իրենց համար բռնի ուժով հանրահավաք են հավաքում, ու դա վերաբերում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության թեկնածուներին: Ես այդ ճանապարհը չեմ ընտրել, մերժում եմ այն ու դրանով երբեք չեմ գնա: Մենք պետք է քաղաքական մի մշակույթ հիմնենք Հայաստանում, որը կհարգի քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը` առանց նրա վրա բռնանալու»:

Խոսելով «Գելլափի» կատարած հետազոտությունից` թեկնածուն նշեց, որ ինքն այն ստացել է եւ գտնում է, որ այն շատ մասնակիորեն է վերաբերում ընտրություններին ու նախընտրական իրավիճակին: Իսկ այն թեկնածուների քայլը, որ փորձում են այդ հետազոտությունները պախարակել կամ օգտագործել իրենց առավելությունը ցույց տալու համար` հիմնազուրկ է. «Կարող եմ ասել, որ հետազոտությունը բարձր մակարդակով է արված, շատ ընդգրկուն է եւ թեկնածուների համար այն կարող է իբրեւ իրենց նախընտրական մարտավարությունն ուղղորդելու շատ լուրջ հիմք ծառայել: Այնտեղ կան լուրջ տվյալներ: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ հարցվածների քանակը մեծ չէ` 1200 է: Այսինքն, այն կարող է արտացոլել միայն միտումների առումով ինչ-որ տեղաշարժեր»:

Այս ընտրությունների ընթացքում չկա բանավեճային մթնոլորտ, թեկնածու Ա. Մելիքյանն էլ որեւէ մեկին բանավեճի առաջարկ չի արել. «Երբ ես հայտարարեցի, որ պատրաստվում եմ առաջադրվել իբրեւ թեկնածու, նաեւ մտավախություն արտահայտեցի, որ ձեւավորվող նախընտրական մթնոլորտը խիստ բացասական է եւ անհանդուրժողականության աստիճանը իշխանություն-ընդդիմություն դաշտում այնքան խորն է, որ կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների: Բանավեճի բացակայությունը նաեւ ցույց է տալիս, որ այդ բախման հնարավորությունը բավական մեծ է, մենք պարտավոր ենք խոսել գաղափարների մասին: Եվ անձնավորված քննարկումներն այս կամ այն թեկնածուի վերաբերյալ հիմնազուրկ են»: