Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։
Ի դեպ, երեքշաբթի օրերին Վ. Ֆերեշեթյանը իր երկրորդ խորագրում «168 Ժամի» ընթերցողին կներկայացնի հայ եւ արտասահմանյան հեղինակների լավագույն գործերը։
«Ես միշտ շատ սիրել ու մինչեւ այժմ էլ շատ սիրում եմ Հրաբալի գրքերը,- ասում էր Միլան Կունդերան։ -Նրա արձակը նման է բարձր պոեզիայի եւ երեւակայության անկասելի թռիչքի: Այդպես կարողանում էին գրել, միայն, գուցե թե, մի քանի փառավոր լատինաամերիկացիներ: Սակայն նրանք չգիտեին նրա մասին, եւ նա էլ, կարծում եմ, չգիտեր նրանց մասին: Երբեւէ կավարտվի ռուսական օկուպացիան, իսկ այդ տարիների մասին կսկսեն խոսել, որ դա չեխական մշակույթի մեծ ժամանակն էր, երբ ապրում էր Հրաբալը, ով գրել էր՝ «Ես սպասարկել եմ Անգլիայի թագավորին»-ը եւ «Չափազանց աղմկոտ մենությունը»:
Հայրենիքում Բոհումիլ Հրաբալի (1914-1997) շատ գրքեր արժանացել են հրատարակչությունների մրցանակներին դեռեւս վաթսունականների կեսերից, իսկ 1996թ. Չեխական Հանրապետության նախագահի` Վացլավ Հավելի ձեռքից Հրաբալը ստացավ «Վաստակի համար» մրցանակը, իսկ երբ Բիլ Քլինտոնը եկել էր պաշտոնական այցի, Վ. Հավելը նրան ընդունեց այն գարեջրատներից մեկում, որտեղ համարյա ամեն օր լինում էր Բ.Հրաբալը: Հրաբալի արձակի թարգմանությունները սկսեցին հայտնվել դեռեւս 1965 թվականին, իսկ այժմ նրա լավագույն ստեղծագործությունները կարելի է ընթերցել համարյա բոլոր եվրոպական լեզուներով: «Հատուկ նշանակության գնացքը» հանրահայտ նովելի կինոտարբերակը ԱՄՆ-ում արժանացավ «Օսկարի»՝ որպես լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ: 90-ականներին Հրաբալին շնորհվեցին մի շարք միջազգային գրական մրցանակներ ու կոչումներ, այդ թվում, օրինակ, Ֆրանսիական Հանրապետության «Գրականության եւ արվեստի ասպետ» տիտղոսը: 90-ականները գրողի համար յուրահատուկ փոխհատուցում եղան հետապնդումների, հալածանքների ու լռեցման երկու տասնամյակի համար: Նա մի քանի շրջագայությունների գնաց Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ` հեղինակային ընթերցումներով եւ դասախոսություններով: 1997թ. հիվանդանոցի վեցերորդ հարկից ընկնելու հետեւանքով 82-ամյա Հրաբալը մահացավ: Համարվում է, որ նա ընկել է պատուհանից դժբախտ պատահարից` աղավնիներին կերակրելիս, սակայն կա եւ այլ վարկած` ինքնասպանություն: Ինքնասպանության թեման հաճախ է հանդիպում գրողի ստեղծագործություններում: Օրինակ, «Կախարդական Սրինգի» սկզբում պատմողի համար պատուհանից նետվելը դառնում է յուրահատուկ խորհրդանիշ` վեցերորդ հարկից ուզում էին նետվել Ֆրանց Կաֆկան եւ Ռայներ Մարիա Ռիլկեի ինքնակենսագրական «Մալտե Լաուրիդս Բրիգեի գրառումների» հերոսը, հենց այդպես իր կյանքին վերջ դրեց նաեւ չեխ պոետ Կոնստանտին Բիբլը: Իր վերջին ծննդյան օրերից մեկի ժամանակ Հրաբալը գրեց` «Ինչո՞ւ ես պետք է տոնեմ այս օրը, եթե ուզում եմ մեռնել: Ծնունդ` այո, բայց մյուս կողմում»: Բոհումիլ Հրաբալի ստեղծագործություններում ամենաբնական կերպով միահյուսված են կայծակնացայտ հաշեկյան հումորն ու նրբին քնարական զգացողությունը, խորունկ փիլիսոփայական խորհրդածություններն ու նատուրալիստական տեսարանները, սյուրռեալիստական տեխնիկան եւ անկեղծ հետաքրքրությունն առօրյա կյանքի անհամությունների հանդեպ:
Այրվող այրվող այրվող
օ, Տեր Դու կխլես ինձ
օ, Տեր Դու կխլես այրվող
Թ. Ս. Էլիոթ
Երբեմն, երբ ես վեր եմ կենում, երբ դեպ կյանք եմ վերադառնում ուշաթափ քնից, իմ մեջ ցավ է առաջացնում ողջ իմ սենյակը, իմ խուցը, ցավալի է լինում նույնիսկ պատուհանի տեսարանից` երեխաները գնում են դպրոց, մարդիկ գնում են գնումների, եւ ամեն ոք գիտե, թե ուր գնա, միայն ես չգիտեմ, ուր գնալ, ես հագնվում եմ, օրորվելով եւ թռչկոտելով մի ոտքի վրա, հետո, շալվարս քաշելով, քարշ եմ գալիս սափրվելու, արդեն շատ տարիներ է ես սափրվելիս հայելուն չեմ նայում, ես սափրվում եմ մթության մեջ` անկյունից. նստում եմ միջանցքում աթոռի վրա, իսկ խրոցակը լոգարանում է, ես այլեւս չեմ ուզում տեսնել ինձ, իմ արտացոլանքը հայելում նույնպես ցավում է, աչքերիս մեջ ես նկատում եմ երեկվա գինովությունը, ես նույնիսկ չեմ նախաճաշում, հենց այնպես միայն` ծխախոտով սուրճ, եւ ինքս ինձ կրկնում եմ` Հրաբալ, Հրաբալ, Բոհումիլ Հրաբալ, այդպես դու հաղթեցիր, հասար խորագույն դատարկության, ինչպես ուսուցանում էր Լաո Ցզին. ես հասա դրան, եւ իմ մեջ ամեն բան ցավում է, ինձ ցավ է պատճառում նույնիսկ ավտոբուսի կանգառ տանող ճանապարհը, ինչպես եւ հենց ավտոբուսը, ես մեղավոր թաքցնում եմ աչքերս, երկնչելով նայել մարդկանց դեմքերին, ժամանակ առ ժամանակ ես երկարում եմ ձեռքերս եւ դեմ եմ տալիս դաստակներս, որպեսզի որեւէ մեկն ինձ ձերբակալի եւ տանի բաժանմունք, քանզի ես մեղավորություն եմ զգում նույնիսկ իմ արդեն բնավ էլ ոչ աղմկոտ լռությունից, ինձ ցավ է պատճառում ոչ միայն շարժասանդուղքը, որ ինձ վար է տանում, դժոխային վիհը, այլեւ վեր բարձրացող մարդկանց հայացքները, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գնալու տեղ ունի, իսկ ես հասել եմ խորագույն պարապությանը եւ չգիտեմ ուր գնամ: Ես գիտակցում եմ այդ, բայց ինձ փրկում են իմ երեխաները, ամառանոցային կատուները, որոնք սպասում են ինձ, նրանք իմ երեխաներն են, եւ ահա ես գնում եմ արդեն գետնի տակով, գետնանցումն էլ է ինձ ցավ պատճառում, ինչ-որ մեկը բարձրանում է, ինչ-որ մեկը իջնում, տեղումս կեցած, ես հետո ոտքով բարձրանում եմ սանդուղքով, Ֆլորենցեի վրայի բուֆետից մեղավոր չորս տապակած հավի կուրծք եմ գնում, մեղավոր հաշվում եմ փողերս եւ տեսնում, թե ինչպես են ձեռքերս դողում, չէ՞ որ հավերը ես առնում եմ կատուների համար, այնինչ ինչ-որ տեղ Աֆրիկայում քաղցում են երեխաները: Իմ մեջ ցավ է ծնում նույնիսկ Ֆլորենցեի վրայի այդ բուֆետը, եւ հանդիպակաց ուղություններով ընթացող բեռնատարներով եւ մարդատար մեքենաներով աշխույժ մայրուղին, ամեն մի վարորդ գիտե ուր գնալ, միայն ես չգիտեմ, թեպետ ինչ-որ տեղ քաղաքից դուրս ինձ սպասում է իմ վերջին հույսը, վերջին խթանն առ կյանք` սարսափից կարկամած կատուները, հանկարծ ու ես չեկա, ինչ կլինի նրանց հետ, ով կկերակրի նրանց, ով կշոյի, այո, իմ փիսոները սիրում են ինձ, թեեւ ինձ տանջում է ոչ միայն իմ ննջարանը, այլեւ ողջ այս քաղաքը, որում ես ապրում եմ, այո, եւ ողջ այս աշխարհը, քանզի լուսադեմին ինձ այցելում են ինչ-որ էակներ, որոնք չէ թե ինձ անծանոթ են, ավելի շուտ ընդհակառակը` նրանք դանդաղ, բայց հաստատուն բարձրանում են իմ հոգու շարժասանդուղքով եւ, ընդ որում, առավել հստակ են ուրվագծվում նրանց դեմքերը եւ որոշ սարսափելի իրադարձություններ, ու կարծես թե դա դիմանկար կամ ֆիլմ լինի, վավերագրական ֆիլմ այն մասին, թե ինչպես ես, պատահում էր, խելահեղ սիրում էի եւ ինչպես էի ես դավաճանում: Եվ ահա այսպես ես շարունակում եմ իմ ներքին մենախոսությունը, սակայն ոչ, ես արդեն ինքս ինձ հետ զրույց չեմ վարում, ես կարծես կանգնած եմ դատավորի առջեւ` հարցաքննության, եւ այն ամենը, ինչ ես երբեւէ ասել կամ արել եմ, իմ դեմ է դուրս գալիս, ու այս պահից եւ այն, ինչի մասին ես ակամա մտածել եմ` իմ դեմ է: Ինչ հաճախ եմ ես անցնում կարմիր լույսի տակով, հենց ավտոմեքենաների հոսքի միջով, սակայն, որքան էլ ես մտազբաղ եմ, ինձ հետ է միշտ իմ պահապան-հրեշտակը, եւ նա, իմ զվարթունը, ուզում է, որ ես դեռ ապրեմ այս աշխարհի երեսին, որպեսզի ես հասնեմ իմ հատակին, մի հարկ եւս իջնեմ, այնտեղ, ուր թաքչում են ամենածանր խղճի խայթերը, որի համար էլ իմ մեջ ցավով է արձագանքվում ողջ աշխարհը, եւ նույնիսկ հենց իմ հրեշտակը. մեկ անգամ չէ, որ ես տենչացել եմ նետվել վեցերորդ հարկի իմ բնակարանից, ուր ինձ տանջում է յուրաքանչյուր սենյակ, բայց հրեշտակը վերջին պահին միշտ փրկում է ինձ հետ քաշելով, նույն կերպ՝ ինչպես իմ Ֆրանց Կաֆկային, ով նույնպես ուզում էր նետվել վեցերորդ հարկից, «Մեզոն Օպելտից», այնտեղից, ուր ելքը Ստարոմեստյան հրապարակից էր, միայն թե պան դոկտոր Կաֆկան կընկներ անկյունում` Փարիզյանի վրա, նրան, երեւի, նույնպես ցավոտ վիրավորում էր աշխարհը եւ ողջ իր կյանքը:
Օ՜, այո, ես հաղթեցի, հասա խորագույն դատարկության, եւ ահա նրանք` պտուղները… Իսկ Կոնստանտին Բիբլը միեւնույն է՝ նետվեց պատուհանից, բայց սկզբում` դրանից շատ առաջ նա Շտիրսկուն նկար պատվիրեց` մարդն ընկնում է պատուհանից, բայց հակառակ ուղղությամբ, ինչպես, եթե էջը դարձնես: Եվ Արթուր Շոպենհաուերի հայրը նույնպես ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին, եւ Սենեկան նույնպես` Սալամանկայում: Բայց ես պատուհանից չեմ նետվի, իմ պահապան-հրեշտակը ոչ թե ինձ տարհամոզել է, այլ պարզապես շշնջացել է ինձ, որ նա, ով թույլ է տվել ինձ հասնել խորագույն պարապությանը, ասել է նրան, որ ահա այսպես գնալը` չափազանց հեշտ է, իմ տիեզերական ցավը ես պետք է կրկին վերապրեմ, ինչպես վերջին չինացի կայսրը, ում մահապատժի փոխարեն 12 տարի ուղեղն էին ողողում, որպեսզի նա հասկանա, թե ինչ է գործել, եւ հասնի ոչ թե խորագույն պարապության, այլ դառնա հասարակ մահկանացու, ով գնումների է գնում, ինչպես ամենքը, որ նա մարդ դառնա: Այդ պատճառով էլ ես օրըստօրե գնում եմ ավտոբուսով, դա իմ շարժական խոստովանարանն է…
Եվ ահա ես գնում եմ ավտոբուսով, բուլկի եմ ծամում, հետո մյուսը, ծնկներիցս թափ եմ տալիս փշրանքներն ու մտածում իմ գարեջրատան մասին, որտեղ հարբեցողներն ինձ նախադասությունների պատառներ են նվիրում, կարծես թե նրանք ապրում են միայն ինձ համար, ամենը, ինչ ասում են, պահպանել են ինձ համար, որպեսզի դրանով սիրաշահեն կամ խայթեն ինձ… Նրանք լավ գիտեն, որ իմ նոթատետրը միշտ ինձ հետ է, իմ գլխում… եւ երբ ես հարցնում եմ, իբր, ինչպես եք ապրում, նրանք պատասխանում են այնպես, ասես բանաստեղծություն են անգիր արել, որում պարփակված է նրանց կենաց հավատամքը: Ինչպե՞ս: Առավոտյան` թեկուզ կախվիր, հետո աշխատանքի, կեսօրին` ճաշ ճաշարանում, ճաշից հետո փոքր-ինչ էլ չարչարվում եմ, իսկ երեկոյան այստեղ` «Բարվինոկ», «կանաչ լաբորատորիա», եւ գավաթը գավաթի վրա գարեջուր եմ խմում, էլի ու էլի, եւ էլի մի վերջինը, եւ այդպես մինչ գիշեր… Ահա եւ Ճրագալույցին… առավոտյան` թեկուզ կախվիր, եւ այդպես շարունակ… Եվ ինչու է նա այդ ամենն ինձ ասում, այդ իմ հարբեցողը, ով սպասում է ինձ, որ հոգին պարպի՞: Այսօր ես ասես հարձակումից հետո, որը չեղյալ են հայտարարել… իսկ մյուս անգամ գլուխս ասես բամբակով է պատված… Բոգոուշեկ, Բոժեկ… նա խոսում է, որպեսզի ես նրան լսեմ եւ հաստատապես հիշեմ այն, ինչը նա ինձ կասի… իսկ ինքը հա նստում ու նստում է, միշտ վերարկուով, ձեռքերը շղթայած, հանց վիրավոր աղավնի… ահա հենց այդպես, ես հիշում եմ` ասֆալտի վրա պառկած մեռած աղավնին, մինչ վրայով կանցներ ավտոմեքենայի անվադողը, իր մահվան մեջ այնքան դիտավորյալ գեղեցիկ էր` ճիշտ եւ ճիշտ ինչպես «Ջրահեղձը Սենայից»…
Եվ ահա ես, նստած իմ շարժական խոստովանարանում, մտահորինում եմ պատկերները, որ հայտնվում են ինձ կամ այլոց, որպեսզի ինձ ավելի շատ տանջեն իմ ննջարանն ու ողջ այս աշխարհը… Ինչ-որ տեղ Գերմանիայում քաղաքային լճի վրա ամեն երեկո օդ էր թռչում այրվող մի կարապ, եւ ընկնում էր` հատնելով, ջրի հարթության վրա. երկյուղած քաղաքացիք դիտապահակներ կանգնեցրին եւ բռնեցին մի երիտասարդի, ով բուլկու կտորով գրավելով հերթական կարապին, բենզինը վրան լցրեց եւ այրեց, իսկ հետո հիանում էր գիշերվա մեջ ճախրող հուրհրատող թռչունով… եւ երբ նրան բռնեցին, երիտասարդն այդ ի արդարացում ասում էր, որ իրեն ոգեշնչել էր Սալվադոր Դալին, որ հուրհրատող ընձուղտը, ում նա նկարել էր, այնպես էր վախեցնում նրան գիշերները, որ նա ցավից չէր կարողանում քնել իր սենյակում, ուր նա անրջում էր այրվող ընձուղտի մասին, Սալվադոր Դալիի պարանոիդալ-քննադատական մեթոդի մասին. նա պատրաստվում էր գազանանոցում ընձուղտի բաշի վրա բենզին լցնել, բայց չհասավ, եւ այդժամ նա կանչեց դյուրահավատ կարապին, եւ երբ նա, բոցավառվելով, թռավ, պատանին բարձրում, հենց զենիթի մոտ, մինչ կարապը կընկներ, տեսավ Սալվադոր Դալիի հուրհրատող ընձուղտին… եւ նա դադարեց տառապել համաշխարհային ցավից… սակայն, ընդ որում, նա չէր էլ մտածում, որ այդ պատկերն ինձ այդքան կվրդովի, ինչպես վրդովում է լճի հարթությունը քարի պես այնտեղ ընկնող կարապը…
Եվ ահա ես գնում եմ ավտոբուսով, ես անգիր հիշում եմ ճանապարհը, նույնիսկ՝ աչքերս գոց, ես ողջ մարմնով զգում եմ, ասֆալտն ու սալահատակն ինձ հուշում են, որտեղ եմ ես գտնվում, արագությունների փոխարկվելուց ես գլխի եմ ընկնում, թե ուր ենք թեքվել, արգելակին սեղմելուց գիտեմ, թե ինչ է դարանել ճամփին իմ ավտոբուսին: Այդ պատճառով էլ իմ ներսում ցավով է արձագանքվում եւ այդ մութ անկյունն իմ գլխում, կարապի մասին ես լսել եմ, բայց ահա բոցավառվող ընձուղտին եւ պարանոիդալ-քննադատական մեթոդը ես ոչ թե հորինեցի եւ ոչ թե ուզում էի հորինել, պարզապես այդպիսին է իմ մտածողությունը, որ այդպիսի բաներն ինքնաբերաբար խցկում են այնտեղ` քանզի ինձ քիչ է այն, որ լսում եմ, ես պետք է մտահորինեմ, դա իմ մասնագիտությունն է, որը ես չեմ ընտրել, այն ինձ պարտադրվել է, եւ ես այն մի ժամանակ շատ սիրում էի, քանի դեռ ուժեղ էի, քանի դեռ ինձ շոյում էր, թե ինչ պատիվ է ինձ համար այդ լրջմիտ խաղը, որը, սակայն, հիմա սարսափեցնում է ինձ նույնքան, որքան նախկինում ես հպարտանում էի այն բանով, որ խմում էի, նույնիսկ, երբ ես դա չէի ուզում, որ ես խուլիգան էի, ինչպես Եսենինը, ում մասին ես ոչինչ չսկսեցի մտահորինել, քանզի նա երիտասարդ էր մեռել, իսկ ես արդեն 75 տարեկան կդառնամ… եւ, որ ես ինքս ինձ հետ մենակ եմ մնացել, քանի որ տարել եմ իմ հաղթանակը, հասնելով աղմկոտ մենությանը, պարապությանը, որում, սակայն, արտացոլվում եւ հնչում է ողջ համաշխարհային ցավը, եւ ես հաճախ, որպես հմայիլ, կրկնում եմ Եսենինի բանատողերը` «Եվ կրկին ես հայրական տուն կդառնամ, օտար բերկրանքով կմխիթարվեմ, կանաչ երեկոյան պատուհանի տակ թեւքիս վրա կկախվեմ»:
Աստվածները լքեցին իմ երկիրը, մահացան եւ անտիկ հերոսները` Հերակլեսն ու Պրոմեթեւսը… ինչպես ինձանից հեռացավ կինն իմ … եւ Պերլան, բրատիսլավցի րաբինի աղջիկը, ով սիրում էր ինձ, իսկ ես` նրան, այնպես էր նա հիշեցնում իմ Պիպսիին… իսկ այս կիրակի երեկոյան, երբ Պրահայի վրա նստում էր արյունալի արեւն, ու դարչնագույն ամպերն արեւմուտքում մրրիկ էին գուժում, Ստարոմեստյան հրապարակը փակել էին վանդակապատ եւ «հասարակական անվտանգություն» մակագրությամբ մեծ դեղին մեքենաները, իսկ Կապրիի վրա շիթեր էին բխում ջրացայտերը, հետիոտներին գետնին տալով, դարպասատակում ուշքի էին գալիս հենց նոր ծեծված մարդիկ, եւ 80-ամյա հենակով պառվուկը կանչում էր` «Ո՞վ կվճարի իմ թացացած հիասքանչ մուշտակի համար»: Ջոկատականների խումբը կանգնած էր Գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի առաջ, կամենալով ներս մտնել, պատուհաններում լույս էր վառվում, եւ այնտեղ ցոլցլում էին ուսանողների ուրվագծերը, ովքեր տարին երկու անգամ նշում են ուսման ավարտը` կիսամյակի վերջին եւ տարվա վերջին… Հայտնվեց բանալիով մի պատանի, ջոկատականները պահանջում էին բացել, բայց երիտասարդ ասիստենտը պատասխանեց, որ դա ուսումնական հաստատության տարածքն է, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է. Ջոկատականը պնդում էր, որ իրենք պետք է մտնեն, քանի որ այս շենք հենց նոր սողոսկել է մի եռյակ, ականջավոր գլխանոցներով` աչքերի համար անցքերով, բայց երիտասարդ ասիստենտն ասաց, որ ինքն անձամբ կզննի ուսումնարանը եւ կտեղեկացնի նրանց արդյունքների մասին, ու դուռը փակեց… Իսկ այդ ժամանակ մետրոյի անցումներում մարդիկ լալիս էին ոչ թե հուզմունքից, այլ արցունքաբեր գազից, ոստիկանությունը ձերբակալում էր թաց հագուստով անցորդներին, եւ ես չգնացի «Բարվինոկ», այնտեղ տեխնիկական պատճառներով փակ էր: Նստած էի «Օտտոյի մոտ» գարեջրատանը, հարեւան սեղանի մոտ կանաչ սվիտերով մի երիտասարդ նստեց, հետո եկան եւս երեքը ու նստեցին` իմ մեջքի հետեւում եւ իմ սեղանի մոտ, եւ դրանք էլ բաճկոններ եւ գույնզգույն սվիտերներ հագած երիտասարդ ոստիկաններ էին, նրանք ֆուտբոլիստների նման էին, մենք աչքերով միմյանց շոշափեցինք, եւ ես վախենում ու նայում էի անթարթ, մեռյալ լռության հենց սրտին, քանզի աստվածները լքել էին այս աշխարհը եւ այս քաղաքը… եւ այս կիրակի երեկոյան ես միեւնույն է կարողացա հասնել իմ աղմկոտ լռությանը, խորագույն պարապությանը եւ մեծագույն անհանգստությանը, որոնց հասել էին ինձանից առաջ Կիերկեգորն ու Ֆրիդրիխ Նիցշեն: Որքան հաճախ էի ես տենչում նետվել 6-րդ հարկի պատուհանից, ուր ես ապրում եմ, բայց ոչ այս ամենի համար, այլ այն բանի, որ իմ աչքի առաջ երկար մահանում էր իմ Պիպսին, կինն իմ, որին այնպես հիշեցնում էր Պերլան, բայց երբ ես կարդացի, որ Կաֆկան նույնպես ուզում էր նետվել տան 6-րդ հարկից, ուր նա ապրում էր` «Գինու առեւտուր. Մեզոն-Օպելտից», որտեղ Ստարոմեստյան հրապարակի տակ համարյա 70000 շիշ թանկագին գինիներ էին պահվում, եւ երբ ես կարդացի, որ Մալտե Լաուրիդս Բրիգեն Փարիզում նույնպես 6-րդ հարկում էր ապրում, ես հրաժարվեցի իմ մտքից, թեպետ, եթե ես ուժ ունենայի, ես մի կանիստր բենզին կառնեի եւ կայրեի ինձ, բայց վախենամ, ես այնքան էլ անահ չեմ, ինչպես Մուցիոս Սցեւոլան, դեռահասը, ով երկյուղած թշնամիների առաջ այրեց իր ձախ ձեռքը եւ հավելեց, թե իբր Հռոմում այդպիսի մարդիկ հազարավոր են. ես վախենում եմ եւ նույնիսկ հաճույք եմ ապրում այդ վախից, ես, որ ճաշակել եմ մեծագույն անհանգստությունը, ինչպես Կիերկեգորն ու Նիցշեն, ես, ում աչքերն արցունքով լի են, միջաթափանց թրջված, ինչպես բոլոր նրանք, ովքեր սեփական աչքերով փորձել են արցունքաբեր գազը, իսկ մարմիններով` ջրացայտերի ճնշումը, այդպես իմ երեւակայությունը վերարտադրեց այլոց ֆիզիկական եւ հոգեկան ապրումները…
Երբ երկուշաբթի ես եկա Պրահա, երեքն անց տասնհինգ դուրս գալով մետրոյից, տեսա սուրբ Վացլավի ձիով արձանը, որն ահեղորեն հառնում էր իր ողջ ռազմական հանդերձանքով, իսկ նրա կողքին, մեջքով ձիուն դարձած, տողանցում էին զգոն ոստիկանները, ջահել տղաներ, շինելների հետնամասը դիտմամբ ձգած, որպեսզի ուրվագծեն հուժկու իրանները` ես տեսնում էի մարդկանց հոսքը, որ լողում էր նրանց կողքով, որ կանգնած էր մայթեզրին, եւ նայում էի այնտեղ, ուր ուզում էին դնել ծաղիկները նրանք, ում դա չէ թե արգելված էր, բայց եւ թույլատրված չէր. դիմացի մայթից սուլոց էր հասնում, եւ ես տեսնում էի, որ մայթեզրերին ոստիկաններ են կանգնած` ճիշտ այնպիսիք, ինչպես սուրբ Վացլավի ինքնակոչ պաշտպանները, եւ իմ աչքի առաջ սուլողներից մեկին ոստիկանը տարավ ամբոխի միջով դեպի շքամուտքը… եւ ինձ այլեւս պետք չէր արցունքաբեր գազ, ես առանց դրա էլ լուռ լալիս էի այն բանի վրա, որ աստվածները, ոնց որ թե, իրոք որ մեռել էին, եւ չքացել էին Հերակլեսն ու Պրոմեթեւսը, չքացել են ուժերը, որոնց վրա կենում էր աշխարհը, եւ մնացել է միակ լուսատուն, հուրհրատող, ասես անկեզ մորենի` երիտասարդ մի ուսանող, ով ինքնահրկիզման պահին ինքնեկ էր: Եթե ես այդ պահին նրա կողքին լինեի, ես ծնկաչոք կաղաչեի նրան բոցավառվել, միայն թե այլ կերպ` բոցավառվել խոսքով, որը մարմին կառներ ու նեցուկ կլիներ նրանց, ով չի բոցավառվում, կամ բոցավառվում է հոգով եւ հոգում, բայց` կատարվեց: Տեր, եթե հնարավոր է, թող որ այս դառը գավն ինձնից հեռու վանվի… Նույնիսկ Քրիստոս չէր ուզում խաչվել: Բայց ահա լուցկուց, որով վառում են բենգալյան կրակը կամ ծխախոտը, այրվեց ողջ մահկանացուն, ինչ որ կա մարդու մեջ, եւ մնաց լոկ հիշողությունը, որը բոցավառում է հիմա բողոքողներին օտար զորաց դեմ այս երկրում: Իսկ ես քայլում էի այն ժամանակ գլխահակ ու հանկարծ գիտակցեցի, որ ինձ մեկ անգամ չէ, որ հանդիպել են վեր ձգվող աղջկական ափերը, գոցված այնպես, որպեսզի մեխակների դյուրաբեկ փնջերը մատները չվիրավորեն, իսկ փնջերից վեր ես տեսնում էի ջահել կանանց աչքերը, այնքան լայնաբաց, որ ասես գնում էին հաղորդության կամ Բախի համերգին. ես շարժվեցի այդպիսի մի ծաղկեփնջակալի ետեւից, այն կանգ առավ մայթին, սուրբ Վացլավի մոտ, հետո, հանդիսատեսների հայացքով ուղեկցվող, մտավ կառանցի մասը, հապաղեց քարանալով, բայց երիտասարդ ոստիկանն աննկատ ժեստով ուղղեց նրանց հանդիպակաց մայթը: Երեքն անց կես էր, իսկ ավելի ուշ ներքեւում՝ «Կրոնա» խորտկարանում, փանկերի խումբ էր հավաքվել, եւ նույնքան երիտասարդ մի ոստիկան դողացող մատներով թերթում էր նրանցից մեկի փաստաթղթերը, նստարանին դրված էին պատյաններով նրանց երաժշտական գործիքները, նրանք փանկեր էին, սակայն նրանց աչքերում շողում էին ժպիտն ու հանդարտությունը, եւ ես ամաչում էի այն բանից, որ հասել եմ խորագույն դատարկության եւ մեծագույն անհանգստության, բայց այլեւս ոչ մի բանի պիտանի չեմ. եթե ես գոնե ինչ-որ մրցանակ ստանայի, որեւէ դիպլոմ իմ գրքերի համար, հաստատակամությունս կբավեր գոնե այդ թղթիկն այրելու համար, որը հաստատում էր այն, ինչը ես չեմ, քանզի, եթե ես լինեի այն, ինչ թվում եմ, եւ ինչի տեղ ինձ դնում են իմ ընթերցողները, ես քնքշորեն կվերցնեի այն աղջկա ձեռքից դողացող փնջակալը եւ կդնեի սուրբ Վացլավի ձիու սմբակների տակ, բայց ես գիտեմ, որ զորու չեմ դրան, եւ, որ ես ըստ արժանվույնս կստանամ, եթե պատահաբար ջրացայտից ողնաշարս ջարդվի կամ արցունքաբեր գազի սուր ասեղով աչքերս կուրանան, ինչպես բներից պոկեց դրանք ճակատագրից բռնված Էդիպ արքան:
Սակայն, դա էժան բան է, պան Հրաբալ, Հայդեգերի հետեւից կրկնելը, որ աստվածները լքել են այս աշխարհը, որ չքացել են թե Հերակլեսը եւ թե Պրոմեթեւսը` այդ ֆրազները, պան Հրաբալ, գեղեցիկ են հնչում, բայց ավելին չարժեն, քան քսան կրոնով 100 գրամ կանաչին, քանզի հեռ Հայդեգերն ապացուցեց, որ թեպետ հին աստվածները գուցե թե, իրոք որ, մեռել են, բայց նորերն են ծնվում, որոնք ստիպված կլինեն վճարել ամենի համար այնպես, ինչպես վճարեց, ականջն իրենից գջլելով, Վինսենթ Վան Գոգը:
Ի՞նչ էր ըստ էության պատահել քաղաքում այս երկու օրում: Կարծում եմ, որ ոստիկանության եւ ժողովրդական ջոկատների զինյալ ուժը կոպտորեն խառնվել էր իրենց սրբի պաշտամունքը ստեղծած երիտասարդ մարդկանց գործերին. կարծում եմ, որ այդ ուժն իրեն իրավունք էր վերապահել անցնել թույլատրելի ինքնապաշտպանության սահմանը, պատժելով մարդկանց, որոնք չէին գործածում ոչ հրազեն, ոչ մահակ, ոչ գլաքար, այլ իրենց զինանոցում ունեին մեն միայն խոսք եւ սուլիչ երկու մատից, ու նաեւ նրանց հետ էր սայլակով մի մանուկ, բայց ոչ այնպես, ինչպես Ոդիսեւսի դեպքում, ում ակոսի մեջ, երբ նա հերկում էր, արքաները դրել էին նրա որդուն, որպեսզի ստիպեին նրան մտնել Տրոյական պատերազմի մեջ: Եվ ի՞նչ: Արցունքները կլվան աչքերը` իսկ ակնաբուժությունը արցունքաբեր գազից արդյունավետ է. հագուստը կչորանա, կամ նորը կգնվի, կալանվածներին ի վերջո ազատ կարձակեն եւ կյանքը կդառնա ի շրջանս յուր… Իրոք որ, պան Հրաբալ, ի շրջանս յուր: Ամենեւին: Այդ ջահել մարդիկ, որոնք այնտեղ էին ակնհայտորեն` կամ հոգում եւ հոգով, որոշակի մասնակցություն ցուցաբերեցին, որոշակի համերաշխություն եւ միանգամայն որոշակի ձգտում առ բարին, որն անպատճառ ապագայում կտա իր պտուղները:
Եվ ահա այդպես ես նստած էի «Ոսկե վագրում», ինչպես միշտ խորհրդածելով. եթե աստվածներն իմ հանդեպ բարեհաճ լինեին, ինչ հաճույքով ես կջնջվեի գարեջրի գավաթի շուրջ` բայց ես նստած էի, լսելով այն մեծ Երկուշաբթիի եւ մեծ Կիրակիի մանրամասները, եւ բոցավառ աչքերով ինձ փոխանցվող լուրերից հյուսվեց մի մեծ գոբելեն, որն այժմ անհնար է կործանել կամ այրել, քանզի իրականություն են դարձել նրա, հենց կյանքով ասեղնագործած սյուժեները, իսկ այն, ինչ վրա է հասել, չի նահանջի: Այդպես էի անրջում ես «Ոսկե վագրում» իմ մահվան մասին, ա՜խ, այդ իմ երկու գավաթ գարեջուրը, հիմա ես վեցը խմեցի, եւ ամենը, ինչ որ լսում էի, այն ամենը, ինչին ականջ էի դնում, ինչ-որ տեղ թափվեց կողքանց, եւ ես պարզապես շարունակում էի լսել մարդկային ժխորը, որն ինձ համար ամենայն իմաստից զուրկ էր, իսկ հետո ես վճարեցի, բայց ինչ-որ մեկն ինձ համար մի գավաթ էլ պատվիրեց, եւ ես վերջապես ելա ի գիշեր, գլուխս բարձրացրի եւ ըստ սովորության հափշտակվեցի երկնքով. սուրբ Եղիայի երկինքը` գիշերը պաղ կլինի ու աստղալից, եւ իմ պատուհանից թեք ընկած վեցերորդ հարկում ես այսօր երեկոյան կտեսնեմ մանգաղիկը, ու ես քարշ եկա: Փարիզյան փողոցն արդեն խաղաղվել էր, անցավ ոստիկանական մեքենան, անաղմուկ կանգնեց, այնտեղից մի մարդ ելավ, ով սկսեց ավտոմեքենաների մաքրիչների տակ խցկել տուգանքի անդորրագրերը նրանց, ովքեր կանգնել էին այնտեղ, եւ ուր կանգառն արգելված էր, հետո լուսարձակները թեքվեցին դեպի «Մեզոն-Օպելտը», որտեղից մի ժամանակ 6-րդ հարկից ուզում էր նետվել Ֆրանց Կաֆկան, եւ ես մնացի Ստարոմեստյան հրապարակում մենակ… նստեցի առաջին պատահած նստարանին ու խորհրդածեցի… դիմացս հառնում էր Յան Հուսի հուշարձանը, հենց նրա, ում այրելիս մի պառավ կրակի մեջ ցախ էր նետել, որպեսզի Յան Հուսը լավ վառվի, նրա հուշարձանը հրապարակի մեջտեղում սուզվում էր խավարի մեջ, իսկ Կինսկու պալատը, ինչպես եւ հրապարակի ողջ արեւելակողմը, պայծառացել էր վառ նեոնային լույսով, այնպես որ ապարանքների ու տների վարդագույն եւ բաց դարչնագույն պատերի ֆոնի վրա հստակորեն առանձնանում էր հուշարձանի սեւ ուրվապատկերը… եւ այդպես ես նստած էի մենակ, բայց ահա մի դեռահաս ցատկեց նստարանի վրա ու սկսեց նստատեղից նստատեղ ցատկել, իսկ Ստարոմեստյան հրապարակի հենց սրտից հասավ սրինգի մեղմ ձայնը, սրինգի այնքան մեղմ եւ այնքան համառ ձայնը… այն ասես մենությունից էր ծորում, արոտավայրերից, կորսված լճակից, այդ սրինգի ձայնը հոգեպարար էր ինքնին, բայց նաեւ այն բանի համար, որ մի քանի ժամ առաջ մեկնեցին արցունքաբեր գազով եւ ջրացայտերով վերջին մեքենաները, վերջին մեքենաները գամփռներով, գերմանական գամփռներով, հիասքանչ գերմանական հովվաշներով, որոնք հիմա երեւի թե նստած են իրենց մեծավանդակներում, հանգստանալով դժվարին աշխատանքից հետո` կիրակի եւ երկուշաբթի… իսկ այստեղ, Ստարոմեստյան հրապարակի վրա, հուշարձանի հենց սրտից ծորում է սրինգի ձայնը, ես այն է՝ վախեցա, ձեռքս բարձրացրի, գլուխս շրջեցի… օ՜, այո, դա սրինգի ձայն էր, որ լցնում էր հրապարակը, ելնելով նույնիսկ ձմռանը չթորշոմող թփուտից, որի վերեւում հառնում էր Յան Հուսի հուշարձանը. մի քանի գիշերային անցորդ ցոլաց ու անցավ, հրապարակի պարապության մեջ ձայներ էին արձագանքում, բայց ոչ ոք կանգ չէր առնում, նրանց քայլերն անկյունագծով հատեցին Ստարոմեստյանը, Երկաթյայից մինչեւ Փարիզյանը, Դլոուգոյից մինչեւ Մելանտրիխովյանը, իսկ հետո սրինգի ձայնն ընդհատվեց, վրա հասավ լռությունը, զրնգուն, ինչպես ձգված լարը, եւ ես տեսնում էի, թե ինչպես Յան Հուսի հուշարձանի եզրաճաղի վրա ճյուղերը ետ քաշվեցին եւ ինչ-որ մեկը թռավ սալահատակի վրա, որի վրա ընկնում էր լուսազօծ պատերի արտացոլքը, իսկ նրա հետեւից արջնամառ հուշարձանից առանձնացավ երկրորդ ֆիգուրը, որն իր առջեւից տանում էր մանկասայլակը, իսկ հուշարձանի սեւ խավարից վառ լույսի ներքո երբեմնի դեղատան առջեւ` «Միեղջյուրի մոտ» մոտքայլ արեց մանկասայլակով երիտասարդ զույգը, որտեղ էլ, երեւի թե, պառկած էր այդ կախարդական սրինգը, եւ ես գրողական հետաքրքրասիրությամբ հափշտակվեցի վաղեմի դեղատան երկրորդ հարկի պատուհանով, հիշելով, որ այստեղ պանի Գերտա Ֆանտայի սալոնն էր, ուր Ավստրո-Հունգարիայի ժամանակներում այցելում էին Ֆրանց Կաֆկան, Ալբերտ Էյնշտեյնը, Ռուդոլֆ Շտայները, Մաքս Բրոդը եւ լեհ պոետները… իսկ կախարդական մանկասայլակը թեքվեց դեպի Արքայական ճանապարհը, Փարիզյանի կողմից դուրս սողոսկեց մի տաքսի, ձեռքս բարձրացնելով, ես կանգնեցրի նրա կտուրին պեծկլտացող կատարը… իսկ նստելով, հանկարծ հասկացա, որ այդ կախարդական սրինգը հնչում էր հենց այնտեղ, որտեղ իրականանում է ուղղահայաց տիեզերական կապը… հավատում եմ, որ Քո բարերարությունների իշխանությունը ժողովրդի վրա կրկին քո ձեռքը կանցնի…
P.S. Իսկ տանը ես գտա Թ.Ս. Էլիոթի «Անբերրի երկրի» երրորդ գլխի վերջը եւ 6-րդ հարկից արտասանեցի այս տողերը լուսնին` «այրվող այրվող այրվող օ Տեր Դու կխլես ինձ օ Տեր Դու կխլես այրվող»:
Իսկ ծանոթագրություններում ես կարդացի, որ այդ տեքստը` «Կրակի քարոզներից» է, որոնք հյուսել է Բուդդան:
Ռուսերենից թարգմանեց Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ