Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս միայնակ մայր է, շատ վատ վիճակում են, իրանց մասին էլ կգրե՞ք»: Գնում ենք նրանց սենյակ, որտեղ նստած են մի երիտասարդ ու մի տարեց տղամարդ: Հարցնում եմ` «Ովքե՞ր են այս տան բնակիչները»: Պատասխանում է` «Աղջիկս` երեխու հետ: Ես Գյումրիից երեխեքիս թողել-եկել եմ, որ իրանց օգնեմ, ինքը միայնակ մայր ա»: Չգիտես ինչու` տիկինն ինձ փորձում է համոզել, որ իր աղջիկը միայնակ մայր է, իսկ ես զգում եմ, որ խոսքերի մեջ ինչ-որ բան այն չէ… Հարցնում եմ` «Անկեղծ չեք, եթե ձեր աղջիկը միայնակ մայր է, բա էս տղամարդն ո՞վ է»: Տիկին Հրանուշը կմկմում է. հասկանում եմ, որ ամեն կերպ ցանկանում է աղջկան օգնել: Մտածում է` ինչպե՞ս մի քանի բառով կարողանա իրավիճակը ներկայացնել, որ մարդիկ հասկանան իրեն ու ձեռք մեկնեն: Ասում է, որ վեց երեխա ունի, որոնց թողել է Գյումրիում ու եկել է աղջկան օգնելու: Քրիստինեն, ով հավանաբար փաստաթղթերով ձեւակերպված է որպես միայնակ մայր, 2 տարեկան երեխային է մեծացնում: Ասում եմ` «Լավ չեմ հասկանում, ամուսին չունե՞ք, որ անընդհատ ասում եք՝ միայնակ եք»: Պատասխանում է` «Էստեղ ապրում եմ ես, երեխաս, սկեսրայրս, դե՛, մեկ էլ, որ չի աշխատում դրա համար չեմ ասում` ամուսինս»: Քրիստինեի գործազուրկ ամուսինը ժպտում է: Այս ընտանիքի անդամները չեն կարողանում աշխատանք գտնել: Քրիստինեն երեխային է խնամում, ամուսնու թոքերը հիվանդ են, ծանր աշխատանք չի կարողանում կատարել, իսկ ամուսնու հայրը նեղսրտում է, որ իր 7000 դրամ թոշակով ստիպված է տղայի ընտանիքը պահել: 73-ամյա ծերունին, կյանքից հոգնած` մի տեսակ արհամարհանքով է խոսում. «73 տարեկան եմ, խորը ծերություն եմ ապրում: Տեսնում եմ` ուտելու բան չունեն, հանում, թոշակս տալիս եմ իրանց: Ի՞նչ անեմ, էս տարիքիս, եթե կարողանայի աշխատել` կաշխատեի` սրանց կպահեի: Ամբողջ կյանքս աշխատել եմ, բայց հիմա իմ համար մի ծխախոտի գումար էլ չեմ կարում պահեմ: Ես ծխող եմ, թոշակս ստանում, ուտելու բան են առնում: Հարսս տեսնում ա, որ մռութներս կախել եմ, ստիպված` գնում մի հատ ծխախոտ ա առնում: Սենց ո՞նց կլինի…»: Ծերունին գյումրեցի Արամ պապն է, ով երեք երեխաների հետ երկրաշարժից հետո տեղափոխվել է Երեւան: Ասում է` ողջ ունեցվածքը, տունը փոշի էր դարձել: «Հերս ունեմ Լեւոնի վրա»,- ասում է: «Ինչ ունե՞ք»,- հարցնում եմ: Պատասխանում է` «Հերս, հերս, մեր բարբառով եմ ասում, այսինքն` ջղայնացած եմ Լեւոնի վրա: Որովհետեւ սաղ կյանքս աշխատեցի, փողերս հետ գցեցի, որ ինքը 50.000 ռուբլին առներ իմ ձեռից ու ինձ բաժին տար մի հատ ծխախոտի փող: Ռուբլին դարձրեց դրամ ու իմ վաստակը փոշիացրեց, կարծես իրա հերն էր էդքան տարի քրտնել: Լրիվ աշխատածս չեղյալ համարեց»: Արամ պապը Գյումրիում ամբողջ կյանքում որպես հողագործ է աշխատել ու ամեն ինչ արել է, որ որդիների ապագան ապահով լինի, բայց կուտակած փողերը փոշիացրել են: «Աղայի պես եմ ապրել, մարդիկ ինձ ճանաչել են՝ որպես աշխատասեր ու փողատեր մարդ, բայց էսօր գնում եմ էն տղիս տուն` տեսնում եմ ուտելու բան չունեն, նեղվում-գալիս եմ սրանց տուն, բայց սրանք ավելի բեթար են»: Ծերունին է՛լ ավելի է բորբոքվում ու սկսում է քննադատել «երկրի մեղավորներին»: Որդին՝ տեսնելով, որ հայրը քննադատում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, աչքով-ունքով հասկացնում է, որ շատ չխոսի: Հարցնում եմ` «Չե՞ք ուզում, որ խոսի ձեր հայրը»: Ծիծաղելով պատասխանում է` «Չէ՛, թող չխոսա, գործ չունենք: Քաղաքական հարցերում թող չխառնվի: Մենք մեզ յոլա կտանենք, ամեն ինչից էլ գոհ ենք»: Արամ պապը քաղաքական թեմայից կրկին կտրուկ անցում կատարելով կենցաղ` ասում է, որ ամռանն ուրիշի հողատարածքը մշակելով մի 2 կոպեկով օգնում է տղայի ընտանիքին: Քրիստինեի մայրն էլ 6 երեխաների համար տրվող նպաստից բաժին է հանում նաեւ մայրաքաղաքում ապրող այս աղջկա համար: Ասում է` «Նախընտրական փուլ է, բոլորը խոստումներ են տալիս, բայց ամենակարեւոր բանն էն է, որ աշխատատեղեր ստեղծեն` աշխատենք: Էսպես ապրել չի լինի, պիտի աշխատենք, որ պետության երեսին չնայենք: Առաջ Գյումրիում 14 հատ գործարան կար, բայց հիմա մեկն էլ չի աշխատում»: Արամ պապը խոր հոգոց հանելով՝ երանի է տալիս Ռուսաստանի «սեմուշկա ծախող» ծերունիներին, ովքեր շատ բարձր թոշակ են ստանում, բայց հենց այնպես, զբաղվելու համար «սեմուշկա են ծախում»: «Հալալ ա Ռուսաստանի նախագահին»,- ասում է նա: