Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահին ներկայացրել է կառույցի մանրակերտը, կատարված աշխատանքները, համալիրի մասնաշենքերը եւ դրանցից յուրաքանչյուրի գործառույթները: Համալիրը զբաղեցնում է մոտ 26 հա տարածք, կունենա նաեւ սպորտային համալիր, ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հրապարակ: «Ներկայումս նախարարությունն ընդամենը հարմարեցված շենքում է տեղակայված, իսկ տարբեր վարչություններ գտնվում են քաղաքի տարբեր վայրերում, եւ, իհարկե, անհրաժեշտություն կա այդ ամբողջը հավաքելու մեկ տեղում նաեւ լիարժեք կառավարում իրականացնելու համար: Բանակն ամենակայացած եւ կարեւոր կառույցներից է Հայաստանի Հանրապետությունում, եւ համարում եմ, որ պետք է պատշաճ շենքային պայմաններ ունենա: Պայմաններ ասելով` ենթադրվում է նաեւ կառավարման համակարգ, կապի ժամանակակից միջոցներ, անհրաժեշտություն ներկայացնող պարագաներ»,- ասել է Ռ. Քոչարյանը: ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքների վերջին փուլում աշխատում է ավելի քան 500 մարդ. «Ընդհանուր առմամբ, պլանավորված ծախսերով կառուցման աշխատանքների համար նախատեսվել էին ոչ բյուջետային միջոցներ` 13 մլրդ դրամի չափով: Մնացել է մոտ 2,8 մլրդ դրամի աշխատանք»: