Կրքերը շիկանում են

04/02/2008

Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք եւս կարող են Արտաշես Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, որ նա ամոթից շաբաթներով տանից դուրս չգա. «Սակայն, քանի որ նա տղաներ, կին ունի, մենք այդ բանը չենք անի»: Այս հայտարարությունը ՀՀ նախագահի թեկնածու Ա. Գեղամյանն ընդունել էր որպես կոնկրետ գործողությունների սպառնալիք. «Սպառնալիքի լեզվով ինձ հետ խոսելը ճիշտ հակառակ արդյունքի կհանգեցնի: Եթե ուզում են ժողովրդի վզին փաթաթել ծեծուջարդի, մահվան սպառնալիքով քաղաքական արդյունքի հասնելու ավանդույթը, ապա սթափեցնեմ, որ դա դատապարտված է: Նրանց մեջ վախ ու չարություն կա, ու փորձում են այդ հոգեվիճակում գտնվելով՝ դեռ ուրիշներին հաթաթա տալ, ժողովրդական լեզվով ասած՝ «փիսիկ Արամը կատու է ճղում»: Քարոզարշավի ընթացքում կրքերը գնալով շիկանում են: Փաստորեն, նախորդ շաբաթվա ամենաթեժ բախումը տեղի ունեցավ Ա. Գեղամյանի եւ Արամ Զ. Սարգսյանի միջեւ: Վերջինս, ի պատասխան Ա. Գեղամյանի «հակալեւոնական» քարոզարշավի` հրապարակավ ասել էր. «Մի անցիր սահմանը, կստանաս»: Գեղամյանի պատասխանն էլ չուշացավ` գեղամյանական ողջ բառապաշարով: Երեկ արդեն լուրեր էին տարածվել, թե Ա. Սարգսյանը նեղ շրջապատում արձագանքելով Ա. Գեղամյանի խոսքերին, ասել է, թե կլուծեր Գեղամյանի հարցերը, եթե Լ. Տեր-Պետրոսյանը թույլ տար: Ի դեպ, երեկ Ա. Գեղամյանը դարձյալ անդրադարձել է Ա. Սարգսյանին. «Արդյո՞ք հարգարժան Արամիկ Սարգսյանի թասիբը, պատիվը, նամուսը, տղամարդկությունը ընդամենը վարչապետի պաշտոն արժեր, բա չէ՞ որ, երբ վարչապետ առաջարկեցին «Հոկտեմբերի 27»-ից հետո, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դարձան իր հարազատները: Որ օրը պաշտոնից հանեցին` սկսեց «Հոկտեմբերի 27»-ը հիշել: …Ի՞նչ ես հիմա սուր ճոճում, Գեղամյանին էլ փորձում ես թիրախ վերցնել: Երեխայական, մանկամիտ զբաղմունք է»: Հուսով ենք, որ այս լեզվակռիվն այսքանով կավարտվի, քանի որ դա պատիվ չի բերում ոչ թեկնածուներին ու նրանց թիմակիցներին, ոչ էլ պետությանը: