Ծրագրեր ունենք՝ աշխարհը չունի

04/02/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Արդեն 10 օր է՝ նախագահի թեկնածուները քարոզում են։ 10 օր սպասում էինք՝ կլինի՞ մի օր, որ երկու թեկնածու նստեն ու բանավիճեն իրենց ծրագրերի մասով։ Չեղավ ու երեւի չի էլ լինի։ Թեկնածուներն ավելի շատ զբաղված են միմյանց վրա ցեխ շպրտելով ու խոստանալով՝ մեզ ընտրեք, ամեն ինչ լավ կլինի։

Գաղափարական պայքար, ինչպես եւ սպասվում էր, չկա։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանց մասին խոսվեց միայն քարոզարշավի մեկնարկին եւ մոռացվեց։ Բնական է, պահանջարկն է ձեւավորում առաջարկ։ Հեռավոր գյուղի նախրապանի ինչի՞ն է պետք կարդալ տասնյակ էջերից բաղկացած սիրուն խոսքերը։ Թեկնածուներն էլ՝ նրանց ընդառաջ գնալով, խոսում են այլ կերպ՝ հումոր են անում, հաթաթա են տալիս, վերջերս էլ նաեւ արտասանում են՝ մեկը մյուսի հետեւից։

Իսկ ինչո՞ւ են արհամարհվում նախընտրական ծրագրերը։ Նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ գրեթե բոլոր ծրագրերի գլխավոր թերությունը կոնկրետության պակասն է։ Սակայն գլխավոր պատճառը դա չէ։ Օրինակ, Վազգեն Մանուկյանը շատ կոնկրետ քայլեր է առաջարկում հարկային քաղաքականության եւ այլ բնագավառներում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի շատ հարցերում նույնպես կոնկրետություն կա։ Օրինակ, մենաշնորհների հարցում, ի տարբերություն դաշնակցականների ոչ այնքան հստակ կոչերի, Տեր-Պետրոսյանն առաջարկում է մտցնել ներմուծվող ապրանքների քվոտավորում։ Այս առաջարկը բազմիցս արվել է Հրանտ Բագրատյանի կողմից։

Սակայն կան դրույթներ, որոնք ուղղակի բազմիցս կրկնված ճշմարտություններ են. «Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում»։

Ըստ էության, ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները երաշխավորում են այս ամենը։ Այլ հարց է, թե ի՞նչ պետք է անել, որ այդ օրենքները գործեն բոլորի համար։ Այստեղ ի հայտ է գալիս «հայկական մենթալիտետ» կոչված երեւույթը։ Այսինքն, մենք՝ հայերս, սովետական ժամանակներից ժառանգել ենք շատ վատ ավանդույթներ (բյուրոկրատիա, կոռուպցիա)՝ իսկ ավելի վաղ ժամանակներից, երբ եղել ենք արաբների, մոնղոլների, պարսիկների կամ թուրքերի լծի տակ՝ հարմարվողականություն եւ ստրկամտություն։ Այլ կերպ ասած՝ մենք նման ենք հայտնի վատ պարողին. օրենքների անկատարությունն այստեղ դեր չի խաղում, մեզ խանգարում է պետական մտածողության պակասը (ի դեպ, այս մասին բազմիցս հայտարարել են իշխանական թեւի ներկայացուցիչները)։ Օրինակ, մեզանում կոռուպցիայի դեմ պայքարը երբեք արդյունք չի տա, ոչ միայն այն պատճառով, որ «պայքարողները» հենց իրենք՝ կոռուպցիոներներն են, այլ՝ որովհետեւ հայկական խնջույքի սեղանի գլխին տեղ է զբաղեցնում այն չինովնիկը, ով իր վերցրած կաշառքով «համմերներ» է քշում։

Այս խնդիրը տեղ է գտել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը, բացի թվարկված մոտեցումներից, ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում»։ Սակայն հաջորդ նախադասությունը տարակուսանքի տեղիք է տալիս. «Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը կդիտարկվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթներ»: Շատ լավ բան է գրված, ո՜ւր էր թե՝ այդպես լիներ… Սակայն ինչպե՞ս։ Ի՞նչ օրենք պիտի ընդունեն կամ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն, որ կաշառակեր չինովնիկ բարեկամի կենացը խմելու փոխարեն՝ հայ տանտերը նրան իր տան դռնից ներս չթողնի։ Եթե հատուկ քայլեր կան, ինչո՞ւ վերջին տարիներին չեն արվել։ Եթե արվել են, ինչո՞ւ է քծնողամոլությունը վերջին տարիներին համատարած դարձել։ Կարճ ասած, սա ավելի շուտ գրեթե անհնարին երազանք է, քան նախընտրական ծրագրի դրույթ։ Սերժ Սարգսյանի ծրագրում կան շատ կետեր, որոնք դասագրքային բնույթի ճշմարտություններ են, ոչ ավելին։ Օրինակ, երկրորդ սերնդի բարեփոխումներին վերաբերող մասում կարող եք կարդալ. «Ներդրումները եւ ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի հարկային եւ մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ», կամ՝ «Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ՝ ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության եւ ռիսկերի նվազեցման նպատակներին»։ Պետք է, պետք է, պետք է… Իհարկե պետք է, սակայն այս ամենը գրված է ցանկացած տնտեսագիտության դասագրքում։ Նման ձեւակերպումները տեսաբանների գործն են, իսկ երկրի ղեկավարը պետք է այնպես անի, որ դրանք կյանքի կոչվեն։

Նման ձեւակերպումներ կան մյուս բոլոր թեկնածուների ծրագրերում։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի տնտեսական մասում, իրականացվելիք քայլերի մեջ՝ նշվում է. «Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում»։ Սակայն, էստ էության, մի առանձին կետով էլ պետք է նշվի, թե ի՞նչ է անհրաժեշտ օրինականության հաստատման, ստվերայնության կրճատման եւ այլնի համար։

Եթե ամփոփենք, ապա հենց այսպես էլ պիտի լիներ. մեր երկրում ամեն ինչ այնքան աբսուրդ վիճակում է, որ ոչ մի ծրագիր էլ չի դիմանա քննադատության։ Ոչ միայն այն պատճառով, որ մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է, այլ՝ ամեն ինչ ի սկզբանե հիմնված է խարխուլ հիմքերի, ստի վրա։ Պետք է նախ՝ ռեալ, օբյեկտիվ գնահատական տրվի ներկա վիճակին, նոր հետո խոսվի ապագա քայլերի մասին։ Մեզ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն է. իշխանությունների խոսքերով՝ դրախտի ճանապարհին ենք, ընդդիմության կարծիքով՝ արդեն թակում ենք դժոխքի դուռը։ Այս պարագայում ապագայի մասին կոնկրետ ծրագրով խոսելն անիմաստ է, եւ հասարակությունն էլ այդ ծրագրերին ուշադրություն չի դարձնում։

Այս տեսակետից էլ անիմաստ է դառնում շատ կոնկրետ քայլերի նշումը՝ ինչպես արել է, օրինակ, Վազգեն Մանուկյանը։ Չէ՞ որ, չլինելով իշխանության մեջ՝ նա չի կարող լիարժեք ինֆորմացիա ունենալ իրականության մասին։

Եթե համեմատենք բոլոր թեկնածուների ծրագրերը, ապա կնկատենք, որ լավագույն ծրագիրը ՀՀ Սահմանադրությունն է՝ կետ առ կետ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ այլն։ Սա ոչնչով չի զիջում Սերժ Սարգսյանի ծրագրի այն մասին, որտեղ նշվում է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը, որին մենք ձգտում ենք։ Չի զիջում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի այն մասին, թե ինչ են երազում ՀՀ քաղաքացիները։ Չի զիջում մյուս բոլոր թեկնածուների ծրագրերի այն մասին, որը կարելի է պայմանականորեն անվանել «բարի ցանկություններ»։

Այս նրբերանգը թերեւս ամենից շուտ նկատել է Արման Մելիքյանը, որն իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացրել Սահմանադրությունից արված մեջբերումներին։ Իսկ Տիգրան Կարապետյանն ավելի օրիգինալ է գտնվել՝ հայտարարելով, որ իր ծրագիրն Աստվածաշունչն է՝ ավելորդ գլխացավանքից ազատելով թե՛ իրեն, թե՛ ընտրողներին։ Երեւի այդպես ավելի ազնիվ է։