ՀՅԴ-ն իր ձայները ոչ մեկին չի տալու

04/02/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ` քարոզարշավի մեկնարկից 10 օր անց, ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել եւս մեկ անգամ հայտարարելու, որ ոչ մի դեպքում ինքն իր թեկնածությունը չի հանելու եւ իր ձայներն էլ ոչ մեկին չի տալու:

Վ. Հովհաննիսյանի ասելով` իշխանությունները լուրեր են տարածում, թե ՀՅԴ թեկնածուի հետ պրոբլեմներ չունեն, որովհետեւ իրենք միեւնույն թիմից են, եւ, որ նրան տրված ձայները, միեւնույն է, գնալու են իշխանության թեկնածուին: «Սա կեղծ է, այն հիմնական մատնանշված լեգենդի անհաջող զարգացումն է: Ես չեմ պատրաստվում եւ չեմ հանելու թեկնածությունս ոչ մի պարագայում: Գնալու եմ մինչեւ վերջ, պայքարելու եմ մինչեւ վերջ եւ, եթե երկրորդ փուլ եղավ, ես նույնպես ոչ մեկին ձայն չեմ տալու, որովհետեւ ես այդ երկրորդ փուլում անպայման լինելու եմ: Այնպես որ` այն հարցերը, թե ում կտաք ձեր ձայնը եւ այլն… ոչ մեկին չեմ տա: Մեր ձայները մեզ հետ են, եւ մենք հաղթելու ենք»,- հակադարձելով իր թեկնածությունը հանելու մասին լուրերին, հայտարարեց նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «թեկնածուներից մեկի» ավտոշարասյուներով քարոզարշավին, Վ. Հովհաննիսյանը նկատեց, թե «այդ ավտոշարասյունն ամբողջությամբ ապահովում է հանրահավաքին ներկա մարդկանց քանակը»: «Սա, իմիջիայլոց, նկատվում է նաեւ հետեւյալ հարցում. օրինակ, թալինցի Սաքոյին Թալինի մեջտեղում ծեծել հնարավոր չէր, եթե շուրջը թալինցիներ լինեին: Այսինքն` նշանակում է, որ ինչ-որ արտաքին ներմուծված էլեմենտի տոկոսային կշիռն այնքան մեծ է, որ հնարավոր է նման բան: Ես սա ասում եմ առանց կատակի, որովհետեւ ակնհայտ է, որ նման սուր դրսեւորումներն ու այլանդակությունները մեզ համար ընդունելի չեն: Եվ պետք է բոլոր թեկնածուներն իրենց կողմնակիցներին խստագույնս զգուշացնեն թե՛ արտահայտությունների մեջ զսպված լինելու, թե՛ կռիվ չսարքելու իմաստով»,- ասաց Վ. Հովհաննիսյանը, ում դիտողություններն ակնհայտորեն վերաբերում էին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում անունը, սակայն, նա այդպես էլ չնշեց: «ՏԻՄ մարմիններում անպայման կլինեն մարդիկ, որոնք իրենց հավատարմությունը ցույց տալու բուռն ցանկությամբ կարող են այնպիսի արջի ծառայություն մատուցել, որ ուղղակի վնաս տան: Կարծում եմ` թեկնածուներն այս առումով պետք է զգույշ լինեն»,- ասաց նա: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այլ թեկնածուների քարոզարշավներին, որոնց համար անհրաժեշտ լսարան ապահովելու նպատակով օգտագործվում են վարչական լծակները, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Լավ չեմ վերաբերվում: Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ մի տեղ միտինգավորները շարասյունից են իջնում, մյուս տեղից բերվում են ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ: Այո, սրանք երկուսն էլ հավասարաչափ բացասական երեւույթներ են: Սակայն, եթե նկատել եք, մենք մաքսիմում 2-3 մեքենաներով ենք քարոզչության մեկնում, ես եւ քարոզչական խումբը: Մենք նման բան չենք կիրառում»:

Իսկ ինչ վերաբերում է «Գելլափի» հրապարակած վերջին սոցհարցումների արդյունքներին, համաձայն որի` հնարավոր է՝ ընտրություններն ավարտվեն մեկ փուլով, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Միջազգային ճանաչված ինստիտուտները հարգելի ինստիտուտներ են, բայց դրանց ագենտուրան Հայաստանում ինձ վստահություն չի ներշնչում: Ես չգիտեմ՝ ի՞նչ ձեւով են նրանց վճարում, վճարո՞ւմ են, թե՞ ոչ, կամ ո՞վ: Բայց ինձ ավելի մտահոգիչ է թվում այն, որ Հայաստանում անցկացված մի սեմինարի ժամանակ ռուս փորձագետներից մեկը կոնկրետ մի թեկնածուի մասին ասում է, որ մեր երկրի շահերին համապատասխանում է այս թեկնածուն, եւ մենք ամեն ինչ կանենք նրա հաղթանակի համար: Հարց է առաջանում. ամեն ինչը ո՞րն է: Ի՞նչ իրավունք ունի որեւէ ուրիշ պետություն ներքաշված լինել մեր ներքին գործերի մեջ: Եվ եթե այդպիսի բան ինչ-որ մեկին թուլատրելի է, չի կարո՞ղ վաղը մեկ ուրիշ պետություն, գերտերություն ասել, որ` իսկ մեր շահերին համապատասխանում է այս մեկ թեկնածուն, եւ մենք էլ ամեն ինչ կանենք նրա հաղթանակի համար: Ես համարում եմ, որ սա արջի ծառայություն է այդ թեկնածուներին եւ սա շատ վտանգավոր է, քանի որ Հայաստանը դարձնում են կռվաբեմ ուրիշների շահերի համար: Մենք մեր ժողովրդով ենք ընտրում մեր նախագահին, եւ մեզ ընդհանրապես չի հետաքրքրում ուրիշների տեսակետն այս հարցում: Կարեւոր է, բայց դա չպետք է ազդի մեր ընտրողի վրա»: Հարցին էլ, թե ընտրություններում ո՞ր գործոնն է ավելի շատ դերակատարում ունենալու, եւ արդյոք անցյալի կարոտախտը լուրջ դերակատարում ունենալո՞ւ է, ՀՅԴ նախագահի թեկնածուն պատասխանեց. «Կարոտախտ չկա: Հին իշխանությունների այսօրվա ազդեցությունը պայմանավորված է ոչ թե նրանց նկատմամբ սիրո եւ ջերմության զգացումով, այլ ներկայիս ահավոր դժգոհ լինելուց: Բայց, ինչպես անցյալը չի արդարացնում այսօրը, այնպես էլ այսօրը չի արդարացնում անցյալը: Ամենաագրեսիվ, ամենապարզունակ զանգվածը չտեսնելով ելք՝ հակվում է դեպի այն բեւեռը, որտեղ տեսնում է հաշվեհարդարի հնարավորությունը, ջարդել-փշրելու, որովհետեւ ատելությունն ուղղակի ճառագայթում է: Դա, իհարկե, գրավում է ինչ-որ մարդկանց, բայց հիմնական զանգվածն այդպես տրամադրված չէ. բոլորն էլ ռեալ փոփոխություն ուզում են, բայց չեն ուզում, որ դա տեղի ունենա ցնցումների ճանապարհով: Դրա համար շատերը գալիս են մեզ մոտ` ասելու, որ մենք դեմ ենք նրանց, ովքեր այս վիճակը հավերժացնելու ուղղությամբ են աշխատում, բայց ոչ հնի վերադարձի գնով: Այս առումով` կոնկրետ ասել, թե որ գործոնն է ավելի դերակատար` դժվար է»: