Առաջին նախագահը բնակիչների հետ հանդիպումներ ունեցավ Կարճաղբյուր, Վարդենիկ եւ Երանոս գյուղերում, իսկ Վարդենիս եւ Մարտունի քաղաքներում եղան նաեւ բազմամարդ հանրահավաքներ: Ինչպես եւ նախորդ այցերի ժամանակ, այս անգամ եւս եղան մի շարք չնախատեսված հանդիպումներ. մասնավորապես՝ Լիճք, Ծովակ, Լուսակունք, Ծովինար գյուղերի բնակիչները պարզապես փակում էին առաջին նախագահին ուղեկցող մեքենաների ճանապարհն ու Լ. Տեր-Պետրոսյանին հավաստիացնում, որ իրենց քվեն փետրվարի 19-ին տալու են հենց նրան, որ իրենք իրենց ձայներին տեր կկանգնեն ու ոչ մեկին թույլ չեն տա կեղծիքներ անել: Լիճք եւ Կարճաղբյուր գյուղերում մեկական գառ մորթեցին՝ ի պատիվ առաջին նախագահի: Հանդիպումների ընթացքում տեղացիների հետ զրույցներից տեղեկացանք, որ տեղական իշխանությունները փորձել են խոչընդոտել հանդիպումներին, մարդկանց ասել են, որ Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումներին չգնան, այլապես կզրկվեն աշխատանքից, մեկ այլ տեղ գողացել էին այն պաստառները, որոնցով բնակիչները պատրաստվում էին դիմավորել առաջին նախագահին եւ այլն: Սակայն հանդիպումները կայացան, իսկ, օրինակ, Վարդենիկ գյուղում թեեւ ընդամենը կարճատեւ հանդիպում էր նախատեսված, սակայն նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը մասնակցում էր գյուղի զգալի մասը՝ մոտ հազար մարդ, եւ նախատեսված կարճատեւ հանդիպումը վերածվեց հանրահավաքի: Նմանօրինակ իրավիճակ ստեղծվեց նաեւ Երանոս գյուղում: Իսկ Վարդենիս քաղաքում կայացած հանրահավաքին մասնակցում էր մոտ 2,5-3 հազար մարդ: Այստեղ բանախոսները ներկայացրեցին Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ, մասնավորապես փաստվեց, որ առաջին նախագահը միակ թեկնածուն է, ով իր նախընտրական ծրագրում հատուկ նշել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված ոճրագործության լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Սակայն, որքան կարելի էր դատել հանրահավաքի մասնակիցների հետ զրույցներից, հանրահավաքի ընթացքում նրանց արած ռեպլիկներից, նրանց այս օրերին զայրացրել էր Արտաշես Գեղամյանի պահվածքը: Վերջինիս հասցեին հնչող այնքան անբարեհունչ արտահայտություններ կարելի էր լսել վարդենիսցիներից, որ թերեւս դա էր պատճառը, որ հանրահավաքը վարող ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն անդրադարձավ Գեղամյանի պահվածքին: Նկատելով, որ Ա. Գեղամյանին իշխանությունները միշտ օգտագործել են իրենց նպատակներն իրականացնելու համար, Գ. Հարությունյանը նշեց. «Երեկ չէ առաջին օրը փորձեց (Գեղամյանը. -Ռ.Թ.) մրոտել Սպարապետի հիշատակը…»: ՀԺԿ քարտուղարի այս միտքն ընդհատվեց հանրահավաքի մասնակիցների «ամոթ» բացականչություններով: Իսկ Գ. Հարությունյանը հիշեցրեց, որ «2003թ.-ին, երբ Ա. Գեղամյանը դավաճանեց ընդդիմությանը, 2004թ.-ին մենք ասացինք՝ լավ, մարդ է, գուցե մի անգամ սխալվել է, մարդը պետք է հնարավորություն ունենա սխալն ուղղելու, 2004-ին թույլ տվեցինք, որ Մատենադարանում կանգնի մեր կողքին եւ բարձրացնի Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի ձեռքը»: «Բայց մենք սխալվեցինք. օգտագործվողն օգտագործվելու է միշտ»,- նկատեց ՀԺԿ քարտուղարը:
Նրանից հետո ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինիս վրդովեցրել էր այն, որ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակներում ժամանակ առ ժամանակ ցուցադրում են Վազգեն Սարգսյանին: Հիշեցնելով, որ ինքն էլ կադրեր ունի, որտեղ Անդրանիկ Մարգարյանն իր կողքին նստած պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը, Ա. Սարգսյանը հարցրեց. «Ի՞նչ է, մենք էլ դնենք՝ այդ կադրերը ցույց տա՞նք»: Իսկ ՀՀ առաջին նախագահն իր խոսքում անդրադարձավ օրերս Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե Լ. Տեր-Պետրոսյանն ուզում է «քիրվայություն անել» Ադրբեջանի հետ: «Եթե ինքը (Ռ.Քոչարյանը. -Ռ.Թ.) ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի, իր հոգու արտահայտությունն է. ուրիշ ոչինչ,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանն ու շարունակեց,- այո, ես հայտարարել եմ, որ այդ հողը (Արցախը. -Ռ.Թ.), որը երեք հազար տարի եղել է հայկական, երեք հազար տարի էլ մնալու է հայկական»: Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ «անհրաժեշտ է, որ այդ նվաճումը ամրագրվի միջազգային պայմանագրով, որից հետո, այո՛, մենք Ադրբեջանի հետ եւ՛ համագործակցելու ենք, եւ՛ բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, որովհետեւ մեր ելքը դեպի արտաքին աշխարհ հիմնականում Ադրբեջանն է: Ադրբեջանական երկաթուղին էր ապահովում Հայաստանի բեռնափոխանակության 85%-ը»։ Նա ավելացրեց, որ «ավազակապետերը» իշխում են երկու անօրինականության շնորհիվ՝ կեղծված ընտրությունների եւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության: