«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ հանդիպել է երիտասարդների հետ:
Հանդիպման մասնակիցներից մեկը թեկնածուին խնդրել է կանխատեսել ընտրությունների առաջիկա զարգացումները: «Ամեն ինչ արվել եւ արվելու է երկրում վիճակը ապակայունացնելու համար»,- ասել է Արտաշես Գեղամյանը` հիշեցնելով օրեր առաջ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները ոստիկանի աչքի առաջ ծեծի են ենթարկում ազատամարտիկի, եւ բացարձակապես ոչ մի միջամտություն, 160-200 մեքենայով ավտոերթ են անում քաղաքով մեկ, միջամտություն չկա»: Ըստ Ա. Գեղամյանի` ջղաձգումներն այն աստիճանի են հասել, որ թերթերից մեկում երեկ հրապարակել են, թե «Արտաշես Գեղամյանի պատճառով տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը: Պրիեխալի, սաղ տեղում էր, արջն էլ պառախոդով եկավ: Հիմա սրանցն ա` «Հոկտեմբերի 27»: Դա էլ՝ այն դեպքում, երբ ես ոչ նախորդ, ոչ գործող իշխանությունների մաս չեմ կազմել, միայն եւ միայն, առաջ եւ հիմա, Աստված կտա` վաղն էլ, արատներն եմ հանել եւ անվանական ասել եմ` ով` ինչի՞ համար է պատասխանատու: Բանից պարզվում է, 96 թվականին ես եմ կարգադրել, որ մարդկանց վրա կրակ բացեն: Սա ամենեւին պատահական չէ, սա ասում են վիճակը բորբոքելու համար: Խոսում են իմ ծախվածության մասին»: Ա. Գեղամյանը, որ երբեք աչքից բաց չի թողնում տեսախցիկները, օգտվելով առիթից, ներկայությունից, հարց է ուղղել Լ. Տեր-Պետրոսյանի թիմակից Արամ Զ. Սարգսյանին. «Արդյո՞ք հարգարժան Արամիկ Սարգսյանի թասիբը, պատիվը, նամուսը, տղամարդկությունն ընդամենը վարչապետի պաշտոն արժեր, բա չէ՞ որ, երբ վարչապետ առաջարկեցին հոկտեմբերի 27-ից հետո, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դարձան իր հարազատները, եւ որ օրը պաշտոնից հանեցին` սկսեց «Հոկտեմբերի 27»-ը հիշել: Հիմա իրեն եմ դիմում` եթե այդքան տղամարդ ես, եթե այդքան համոզմունքներ ունես, թե «Հոկտեմբերի 27»-ի հետեւում ո՞վ էր կանգնած, ձեռքերդ ո՞վ էր բռնում, վարչապետ էիր, ասելիք ունեիր, վարչապետ եղած ժամանակ ասեիր, անելիքներ ունեի՞ր` այն ժամանակ անեիր: Ի՞նչ ես հիմա սուր ճոճում, Գեղամյանին էլ փորձում ես թիրախ վերցնել: Երեխայական, մանկամիտ զբաղմունք է»:
Ա. Գեղամյանը երիտասարդներին խոստացել է ամեն ինչ անել, որ երկրում իրավիճակը կայուն մնա: Ըստ Ա. Գեղամյանի` հենց այստեղ է, որ համընկնում են նրա ու իշխանությունների շահերը։ «Եթե արյունահեղություն լինի, առաջին հերթին պատասխան տվողը իշխանությունն է»,- բացատրել է Ա. Գեղամյանը:
Թեկնածուն խորհուրդ է տվել. «Թող այստեղ նստածները ծրագիրը կարդան, եւ իրենց համար պարզ դառնա` մեր երկիրը ինչ սպասելիք ունի երիտասարդ սերնդից: Երիտասարդ սերունդն էլ գիտակցի իր անելիքը մեր երկրում: Ավելի ուշ նա իրեն երկրի տերը կզգա: 21-րդ դարում հաղթողներն այն պետություններն են, որոնք գիտության առաջավոր հայտնություններն են դնում իրենց ամենօրյա պետական քաղաքականության հիմքում: Իսկ մեր երկիրը գիտական պոտենցիալ ունի»,- ասել է Ա. Գեղամյանն ու հիշել իր երիտասարդության տարիները, երբ տղաները փորձում էին աչքի ընկնել կարդացածությամբ, աղջիկներն էլ հավանում էին կարդացած տղաներին: