«Նախագահի պաշտոնապես գրանցված թեկնածուներից եւ ոչ մեկի ներկայացրած նախընտրական ծրագիրն ամբողջությամբ չի համապատասխանում մեր մոտեցումներին»,- օրերս հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ դրանից ելնելով՝ «չենք պատրաստվում աջակցել որեւէ մեկին եւ մեկ տարի հետո դառնալ նրան ընդդիմություն»:
Ըստ Ս. Բաբայանի՝ «ինչ-որ մեկին պաշտպանելը նաեւ պատասխանատվություն է, պատասխանատվություն` թեկնածուի ներկայացրած ծրագրի եւ նրա հետագա գործունեության համար: Բայց ինչպե՞ս ստանձնես այդ պատասխանատվությունը, եթե ինքդ շատ դեպքերում համակարծիք չես նրա հայացքներին»:
Եվ այսպես, նախընտրական պայքարի ավարտից մոտ քսան օր առաջ, Սամվել Բաբայանը սահմանազատվեց միանգամից ընտրապայքարի երկու թեկնածուից էլ` եւ՛ Սերժ Սարգսյանից, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Ու թեպետ պարոն Բաբայանն այս հարցազրույցում այդպես էլ ուղղակիորեն չի նշում այդ երկու գործիչների հետ իր քաղաքական անհամաձայնությունների մանրամասները, բայց, այնուամենայնիվ, ինչ որ ասված է եղել` հիմք են տալիս որոշ ենթադրությունների համար: Սերժ Սարգսյանի պարագայում, ամենայն հավանականությամբ, լուրջ տարաձայնություններ կան երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների շուրջ: Որոշակի, իսկ գուցե նաեւ՝ արմատական տարբերություններ են նկատվում պետական կառավարման համակարգում ազատական տարբեր մոդելների կիրառման նպատակահարմարության շուրջ: Վերոնշյալ հակասություններն են հիմք տալիս Սամվել Բաբայանին՝ իր հարցազրույցում նշել, որ իր նոր կուսակցությունը` ՀՌԱԿ-ը, «պետք է լինի գաղափարական ընդդիմություն», քանի որ «այն ծրագրային փաթեթը, որ կազմվում է հիմա, շատ քիչ ընդհանրություններ ունի գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ»: Այս պարագայում արդեն տրամաբանական է թվում նաեւ գաղափարական ընդդիմադիր Ս. Բաբայանի այն պնդումը, որ իր` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին (բնականաբար, Սերժ Սարգսյանի հնարավոր հաղթանակի դեպքում) խոսակցությունները բոլորովին անհիմն են:
Այլ են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առկա հակասությունները, ընդ որում, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը այս թեմայի շուրջ փոքր-ինչ ավելի է բացել փակագծերը։ «Ես առաջին նախագահի հետ որեւէ անձնավորված հակասություն չեմ ունեցել եւ չունեմ: Այդ հակասություններն իրականում ընդհարում են ազգային-ազատական եւ ազատագրական գաղափարախոսությունների միջեւ»,- ասում է Ս. Բաբայանը: Սակայն դատելով նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի նախկին բացահայտող ելույթներից, ինչպես նաեւ՝ Արցախյան պատերազմական շրջանում Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի գործունեության որոշ մանրամասները հրապարակելու խոստումից` հարցերի հարցը նրանց միջեւ հարաբերություններում կար եւ մնում է Ղարաբաղի հարցի լուծման շուրջ եղած խորը տարաձայնությունը: Դրանցից հիմնականն, իհարկե, այսպես կոչված՝ «փոխզիջման շեմն է», որը ՀՀ առաջին նախագահի մոտ, ինչպես հայտնի է, այսօր էլ բավականին «անսահման է»: Եվ առավել վտանգավոր է, երբ արցախյան հարցում այս վտանգավոր «գերճկունությունը» քողարկվում է նախընտրական այս շրջանում անորոշ ձեւակերպումներով: Եվ պատահական չէ, որ իր հարցազրույցում Սամվել Բաբայանը առավել կարեւորում է, թե արցախյան հարցի շուրջ ի՞նչ հստակ դիրքորոշում ունեն նախագահի թեկնածուները: «Պիտի հորդորեմ միայն մեր քաղաքացիներին` չվստահել այն թեկնածուներին, ովքեր հարցի լուծման բանաձեւը ձեւակերպում են կարճ` խոսքին կցելով «հայանպաստ», «ազգաշահ» եւ այլ բառեր: Ընտրողներն իրավունք ունեն իմանալու, թե որն է փոխզիջումների այն առավելագույն սահմանը, որին պատրաստ են հասնելու մեր հարգարժան թեկնածուները»,- հասարակությանը լրջանալու կոչ է անում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը: