Ըստ «Գելլափի»՝ բացարձակ առաջատարն է

04/02/2008

Եթե ՀՀ նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի` միջազգային ճանաչում ունեցող «Գելլափ» ընկերության հարցմանը մասնակցած քաղաքացիների 43 տոկոսը կքվեարկեր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Նախորդ` դեկտեմբերին անցկացված հարցումների համեմատ` նրա վարկանիշն աճել է 8 տոկոսով: 2-րդ տեղում Արթուր Բաղդասարյանն է` 11 տոկոսով: Նրա վարկանիշը դեկտեմբերի համեմատ նվազել է 2 տոկոսով: 3-րդ տեղում Արտաշես Գեղամյանն է` կայուն 6 տոկոս ցուցանիշով: Առայժմ հայտնի չէ, թե վարկանիշային սանդղակի որ դիրքում են Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանը եւ Արման Մելիքյանը: «Գելլափը» փորձել է պարզել նաեւ տրամադրությունները Հայաստանում: Ըստ այդմ` հարցվածների 49 տոկոսը համոզված է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, 44 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ուղու վրա է, ընդ որում` այդպես մտածողների թիվը 2006-ի համեմատ նվազել է, եւ ընդհակառակը` աճել է այն մարդկանց թիվը, ովքեր դրական են գնահատում երկրի զարգացման ընթացքը: Հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ բարելավվել է երկրի տնտեսությունը, եւ միայն 17 տոկոսն է համարում, որ տնտեսական վիճակը վատացել է: Աճել է այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են, որ ապագան որոշակիորեն լավ կլինի: 2006-ի 5 տոկոսի փոխարեն՝ այսօր հոռետեսորեն է տրամադրված բնակչության ընդամենը 2 տոկոսը: Ընդհանուր առմամբ` երկրում գերիշխում են լավատեսական տրամադրությունները: Դատելով «Գելլափի» հարցումներից` փետրվարին սպասվում է ընտրողների աննախադեպ բարձր ակտիվություն. առաջիկա նախագահական ընտրություններին մտադիր է մասնակցել ընտրողների մոտ 80 տոկոսը, չմասնակցելու որոշում է կայացրել ընտրողների ընդամենը 2 տոկոսը: Հիշեցնենք, որ ուսումնասիրությունը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: